Ապուշը փորձելու է արցախյան խնդրով խաղալ մի խաղ, որտեղ չի ունենալու միջազգային հանրության աջակցությունը. Աշոտյան

Ապուշը փորձելու է արցախյան խնդրով խաղալ մի խաղ, որտեղ չի ունենալու միջազգային հանրության աջակցությունը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վտանգավոր է համարում հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն գաղափարը, որ «Անջատում հանուն փրկության» սկզբունքն է դրվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում։

«Կապիտուլյանտ վիժվածքը հունիսի 21-ին իր «Հրապարակ» փարթիի [Հրապարակում հանրահավաքի] ժամանակ ասաց, որ Արցախյան հարցի շուրջ բանակցությունները պետք է շարունակել «Անջատում հանուն փրկության» սկզբունքի ներքո։ Ինչո՞ւմ է այստեղ վտանգավորությունը։ Կյանքը ցույց տվեց, որ տգետ, տհաս և անհայրենիք մարդիկ՝ ի դեմս վիժվածքի, որ զբաղվում է Արցախի հարցով՝ առանց խոսելու, խորհրդակցելու, համաձայնեցնելու իր դիրքորոշումները (որոնք ի հայտ են գալիս, արտաբերվում են Հայաստանի Հանրապետության անունից) Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, այդ ամենն ավարտվում է մեզ համար ֆիասկոյով», - այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ միջազգային հարցերով քարտուղար Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց, որ նախկինում էլ Փաշինյանն առանց Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցնելու, պահանջ էր դրել, որ Արցախը պետք է գա բանակցությունների սեղան։ 

«Ես ավելի քան վստահ եմ, ավելին ասեմ, տեղեկացված եմ, որ անհայրենիք սրիկայի վերջին մոգոնումներն՝ Արցախյան հարցի հետ կապված, որ բանակցությունները պետք է շարունակել այդ սկզբունքով [«Անջատում հանուն փրկության»], ոչ թե ինքնորոշման իրավունքի և Մադրիդյան այլ սկզբունքների հիման վրա, համաձայնեցված չեն, բանակցված չեն, խոստացված չեն Միսնկի խմբի համանախագահ և ոչ մի երկրի հետ։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հերթական անգամ այս ապուշը փորձելու է քաղաքական օրակարգով, արցախյան խնդրով խաղալ մի խաղ, որտեղ չի ունենալու միջազգային բանակցային հանրության աջակցությունը այս հարցի շուրջ։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, Հայաստանը, այն էլ դրա գլխավորությամբ, ո՞նց է առաջ տանելու այդ բանակցային նոր քաղաքականությունը, որը չի սատարվում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛ չ Ռուսաստանի, ո՛չ Ֆրանսիայի կողմից։ Ադրբեջանին չեմ հիշատակում, Ադրբեջանին բանակցողները միշտ պարտադրում էին լուծումներ և սկզբունքներ», - շարունակեց ՀՀԿ գործիչը։

Աշոտյանի խոսքերով՝ սա շատ վտանգավոր խնդիր է, «որովհետև շատ մեծ է գայթակղությունը միջազգային հանրության մոտ Արցախյան հարցը համարել դե ֆակտո լուծված»։

Քաղաքական գործիչն ասաց, որ կայուն շփվում է տարբեր քաղաքական միջազգային շրջանակների հետ և ունի այն տպավորությունը, որ Արևմուտքի համար մնացել է մի խնդիր՝ «ո՞նց անել, որ ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գնան ռեգիոնից»։

«Նրանք, կոպիտ ասած, ամիսներ են հաշվում ռուսական խաղաղապահների մանդատի հետ կապված, իսկ Ռուսաստանի համար այլ խնդիր է՝ կայունացնել իրավիճակը, ամրապնդվել ռեգիոնում նոր ռազմական ոտքով և հետաձգել բանակցային գործընթացի կարգավիճակային [Արցախի կարգավիճակի] բաղադրիչը այնքան ժամանակ, որքան կպահանջվի իրավիճակի հանդարտեցման համար», - ընդգծեց Արմեն Աշոտյանը։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, կարծում եմ՝ նաև ձեզ [լրագրողների] համար, որ այս ընտրությունների արդյունքներով դավադիր կապիտուլյանտի քաղաքական օրակարգում են հայտնվելու նաև Հայաստանից ակնկալվող այլ ճակատագրական զիջումներ։ Խոսքը գնում է այսպես կոչված շրջանակային պայմանագրի մասին Ադրբեջանի հետ, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով, և միաժամանակ Արցախյան բանակցությունների խորը և տոտալ սառեցմամբ։ Այսպես ասեմ։ Այն աստիճանի սառեցմամբ, որ հետո հնարավոր չլինի տաքացնել այդ բանակցային գործընթացը։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանում քաղաքական պրոցեսները շարունակելու են եռալ», - շեշտեց ՀՀԿ փոխնախագահը։