Իշխանություն, որ կորստի մատնեց Արցախը ու սպառնում է Հայաստանի ավտանգությանը

Իշխանություն, որ կորստի մատնեց Արցախը ու սպառնում է Հայաստանի ավտանգությանը

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքով «պետական մտածողությունն այն է, որ քաղաքացին գիտի, թե պետությունը ոնց աշխատում որպես մեխանիզմ»: Այս միտքն, իհարկե, խիստ օրիգինալ է, սակայն ոչ ճշմարիտ: Որովհետև շարքային քաղաքացու համար կարևորը ոչ թե կառավարման մեխանիզմն (հենց դա է պետության գործունեության մեխանիզմը) իմանալն է, այլ իր իրավունքները գիտակցելն ու դրանց կիրարկմանը նպաստելը: Տվյալ դեպքում՝ դրանց իրականացման համար պայքարելը: Հենց այդ գիտելիքն ու այն գործադրելու ակտիվությունն է երկրի բնակչին վերածում քաղաքացու: Իսկ քաղաքացին այն անձն է, ով պատրաստ է կրելու այն, ինչ Նիկոլն անվանում է «պետական մտածողություն»: Հա, չմոռանամ ասել, որ խոսքն իրական և ոչ թե նիկոլական «հպարտ» քաղաքացու մասին է: Ինչ մնում է կառավարման կամ պետության աշխատելու մեխանիզմի իմացությանը՝ դրանով զբաղվում են մասնագետներն ու այդ ոլորտի դերակատարները: Ու որքան դրանք լինեն արհեստավարժ՝ այնքան օգուտ կստանա պետությունը: Նիկոլն էր, չէ՞, որ 2019-ի ամռանը Սինգապուրում խոսում էր Հայաստանում արժանինների իշխանություն (մերիտոկրատիա) հաստատելու մտադրության մասին: 

Ժամանակին, որպես հասարակական կազմակերպության անդամ և աշխատակից, մասնակցում էի մարզային հավաքների, որոնցում որևէ կոնկրետ բնակավայրի ակտիվ երիտասարդների՝ տղա թե աղջիկ, խմբին ներկայացնում էինք համայնքային բյուջեի ձևավորման մեխանիզմը: Այսինքն՝ եկամուտների գեներացման ու ծախսերի իրականացման ուղիները: Ինչին պետք է հետևեր գործընթացի մոնիթորինգի իրականացումն այդ խմբի կողմից: Նույնիսկ դա պետական մտածողություն անվանելն այնքան էլ տեղին չէ, քանի որ այսօր այդ ամենը կարելի է թվայնացնել ու «հանձնարարել» համակարգիչ կոչված անշունչ մեքենային: Բայց երիտասարդների այդ խմբի մեջ ձևավորվում էր սեփական համայնքի նկատմամբ հոգատարության վերաբերմունք, ինչն արդեն կարելի էր դիտարկել որպես պետական մտածողություն ձեռք բերելու առաջին քայլը: Իհարկե, համայնքային բյուջեի մոնիտորինգից բացի կարող էին լինել նաև այլ թեմաներ՝ բնապահպանական, բարեգործական, ձեռնարկատիրական և այլն: Բայց բոլոր դեպքերում վերն ասվածը մնում է ճշմարիտ՝ այդ երիտասարդները ներառվում էին համայնքային խնդիրների լուծման գործընթացում: Եվ վերածվում էին պատասխանատու, ինչպես քաղաքացիական հասարակությունն էր ձևակերպել, քաղաքացու:

Բայց 500-ից 1000 բնակչությամբ բնակավայրում սովորաբար հավաքվում էր առավելագույնը 10-15 հոգիանոց խումբ: Որովհետև մնացած բոլորին ավելի հետաքրքրում էր հանգիստն անցկացնել այլ տարբերակով: Ու դա նորմալ է, քանի որ մարդկանց մեծ մասի համար ակտիվությունը սահմանափակվում է աշխատանքային գործունեությամբ, որից դուրս արդեն հանգիստն է՝ լինի այն պասիվ թե ինքնին ակտիվ: Իսկ վերը նշված խմբերում մարդիկ ստիպված էին ինչ-որ բան սովորել: Իսկ դա, ինչպես հայտնի է, մարդ արարածի համար ամենաձանձրալի զբաղմունքն է ՝ սկսած դեռևս տարրական դասարաններից:  
Եվ եթե ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը ցանկանում է տեսնել պետական մտածողության դրսևորումը, ապա պետք է մեկ-մեկ դուրս նայի կառավարության շենքի աշխատասենյակի պատուհանից:

Հատկապես երբ Բաքվում պահվող հայ գերիներին ազատելու պահանջով ահել և ջահել հայաստանցիները բողոքի ցույցեր են անում: Կամ երբ նույնն են անում իրեն ենթակա իրավապահների կողմից ապօրինի բերման ենթարկված կամ ձերբակալված ընդդիմադիրներին ազատելու պահանջով: Կամ բազմաթիվ այլ պահանջներով, քանի որ Նիկոլի վարչապետության պարագայում դրանք բազմաթիվ են ու բազմաքանակ: Ենթադրում եմ, որ ինքը տեղյակ է, որ դա հենց այն դպրոցն է, որտեղ ուսուցանվում ու միս ու արյուն է ստանում պետական մտածողությունը: Որովհետև հենց այդպիսի միջոցառումների, ինչպես նաև վերը նշված՝ համայնքային ակտիվ երիտասարդների պայքարի արդյունքում ինքը հայտնվեց վերը նշված աշխատասենյակում: Բայց այսօր դա իրեն ձեռ չի տալիս, քանի որ վտանգում է իր իշխանությունը: Այն իշխանությունը, որ կորստի մատնեց Արցախը ու սպառնում է Հայաստանի Հանրապետության ավտանգությանը:

Հ. Գ. Ինչ մնում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի այն ասածին, թե «ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը չգիտի, թե դպրոցը, ճանապարհը ոնց է կառուցվում»՝ պատասխանեմ, որ ես էլ, որպես հումանիտար կրթություն ստացած անձնավորություն, մեծ հաշվով տեղյակ չեմ շինարարության և այդ թվում՝ ճանապարհաշինության, մանրամասնություններից: Բայց դա ինձ բացարձակ չի խանգարում, որպեսզի պետական մտածողություն դրսևորեմ բոլոր այն հարցերում, որոնք առաջնային նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսակետից: