Սա ներդրումային «փուչիկներից» հերթականն էր, որը պայթեց կառավարության դիլետանտ մոտեցման արդյունքում

Սա ներդրումային «փուչիկներից» հերթականն էր,  որը պայթեց կառավարության դիլետանտ մոտեցման արդյունքում

Մենք կարևորում ենք յուրաքանչյուր դրամ ներդրում և կարծում ենք, որ կառավարությունը պետք է առավելագույնս նպաստի դրանց ներգրավմանը և հետևողական լինի առաջացած խնդիրների լուծման գործում։ Այսպիսի ենթատեքստ ուներ հարցս ուղղված վարչապետին, որը հետագա քննարկումների առիթ դարձավ։ Նախ վարչապետը չհիշեց, որ անձամբ ներկա է գտնվել և ծանոթացել է իբրև թե հայ-իրանական արտադրության «Սայնա Արմենիա» մեքենային և քանի որ չհիշեց 2018թ. այդ իրադարձությունը, նաև չմեկնաբանեց, թե ինչո՞ւ այդ ներդրումը այդպես էլ չկայացավ։

Ամեն ինչ այդպես էլ կավարտվեր, եթե երեկ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատամիջոցը՝ ՀԺ-ն չհրապարակեր մի տեսանյութ, որն իբրև թե ցուցադրում էր այդ ներդրումը, իսկ ներդրողը վիրավորական արտահայտություններով հակադարձում մեր մտահոգություններին։

Մի կողմ թողնենք անձնական բնույթի վիրավորանք պարունակող վերնագրով այդ հարցազրույցը և անդրադառնանք այդ «ներդրմանը»։

Խոսքը գնում է «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ի մասին, որի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2017թ. Հոկտեմբերին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. մայիսին, ավարտել՝ 2019 թ. մայիսին։ Ներդրումների ծավալը պետք է կազմեր 30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300-400 մարդ: 2018թ. սեպտեմբերի 6-ին Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը որոշում ընդունեց, որով նախատեսվում էր հարկային արտոնություն տալ «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ին: Նույն տարվա դեկտեմբերին նույն արտադրամաս է այցելում վարչապետ Փաշինյանը և ծանոթանում ոչ միայն գազաբալոնների արտադրությանը, այլև այսպես ներկայացվող հայ-իրանական արտադրության «Սայնա Արմենիա» մեքենայի հետ։ 2019թ. Մայիսին «հեղափոխական» արտադրամաս է այցելում նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որից հետո մարզպետարանի պաշտոնական կայքով ծանուցում, որ մինչև տարվա վերջ արտադրամասը շուրջ 80 աշխատակից կունենա։

Այժմ, ինչպես գիտեք 2020 թվականն է և կարծում եմ բոլորս կնախընտրեինք իշխանությունից լսել արդյունքների մասին՝ գոնե այդքան կարևոր աշխատատեղերի մասով։ Ցավոք վարչապետը չհիշեց այդ իրադարձությունը, իսկ իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցը շտապեց պատրաստել «հեղափոխական» արտադրամասի մասին ռեպորտաժ, որը պետք է փարատեր մեր մտահոգությունները։

Ստորև ներկայացնում եմ այդ կազմակերպության աշխատակիցների ընդհանուր թիվը (ներառյալ տնօրենը և արտադրությանը ուղիղ չներգրավված այլ հաստիքները)՝ որպեսզի պատկերացնեք, թե ո՞րն է մեր մտահոգությունների հիմքը.

2018թ. - 1 աշխատակից։ Հավանաբար նա հենց այն մարդն է, ով 2018թ.-ին դիմավորել է Փաշինյանին այդ արտադրամասում։
2019թ. - հունվարից մայիս՝ 1 աշխատակից, հունիսից օգոստոս՝ 4, սեպտեմբերից դեկտեմբեր՝ 8:
2020թ. - 7 աշխատակից

Ինչպես տեսնում եք՝ ոչ 2017-ին խոստացված 300-400, ոչ 2019-ին խոստացված 80 աշխատատեղերը չեն բացվել։ Փոխարենը բացվել են ընդդիմության հասցեին հնչող վիրավորանքով լի բերանները, որը բնականաբար դժվար է համարել ներդրում տնտեսության մեջ։ Սա ներդրումային «փուչիկներից» հերթականն էր , որը պայթեց կառավարության դիլետանտ մոտեցման արդյունքում։ Ստացվում է, որ իշխանության համար շատ ավելի բարդ էր մարդ ուղարկել՝ ուսումնասիրելու ներդրման արդյունքը, քան ուղարկելու ընտանեկան լրատվամիջոց, որը պետք է համոզեր հասարակությանը, որ ներդրումային փուչիկը դեռ չի պայթել։

ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյան