Ձախողված նախագծեր

Ձախողված նախագծեր

Զարգացած երկրներն ու զարգացած մարդիկ մի բանով նման են միմյանց․ ի տարբերություն հետամնաց երկրների ու թերուս մարդկանց, նրանք հեռուն են նայում, հեռանկարի վրա են աշխատում, երկարաժամկետ պլաններ են կազմում, չեն ապրում միայն այսօրվա օրով: Նայեք ձեր շուրջը` եթե տվյալ ընտանիքում բոլորը կրթված են, առաջադեմ, մեծ պահանջներ ունեն կյանքից, անպայման փորձում են իրենց զավակին լավ կրթության տալ, փորձում են բիզնես դնել, ապագայի մեծ պլաններ են կազմում: Վատ ապրող, թերի կրթություն ստացած մարդիկ հազիվ օրվա հոգսն են հոգում: Նույնը` պետությունները: Ոչ մի երկարաժամկետ ծրագիր այս իշխանությունները չկարողացան 6 տարվա ընթացքում մշակել: Ինչ ձեռնարկեցին` ձախողվեց:

Խոսեցին մեծ ներդրումներից, ԱՆԻՖ հիմնադրամ ստեղծեցին, ազգային ավիափոխադրող ստեղծելու, լոուքոստեր Հայաստան բերելու, արեւի ու քամու էներգիան օգտագործելու պլաններ կազմեցին, բայց այդ բոլորը մնացին թղթի վրա: Մետրոյի նոր կայարան կառուցել, պղնձի ձուլարան հիմնել, «Հյուսիս-հարավ» ճանապարհը կառուցել-ավարտել, ճոպանուղիներ ու ճեմուղիներ գցել` բոլորը ձախողված եւ մոռացված նախագծեր են: 6 տարվա ընթացքում կայացել են միայն մասնավոր նախագծերը` այն էլ, եթե իշխանությունը չի խանգարել, ավելի ճիշտ` չի կարողացել խանգարել: Անհատ բիզնեսմենները, բազում դժվարություններ հաղթահարելով, ինչ-որ բաներ ստեղծել են, իհարկե. ռեստորաններ, հյուրանոցներ, IT ոլորտի ձեռնարկություններ, գինու-կոնյակի արտադրություններ: Որտեղ պետությունը քիթը խոթել է` ամեն ինչ փչացրել է ու հողին հավասարեցրել: Անգամ այն ահռելի եկամուտները, որոնք հոսեցին դեպի Հայաստան` ԵԱՏՄ որոշ կարգավորումների եւ ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ, լիովին փոշիացվեցին` ոչ մի մնայուն արժեքի չվերածվելով: