Եթե սպասում են, որ դա ազդելու է մեր հռետորաբանության վրա, չարաչար սխալվում են
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ում մի սուր, քննադատական ելույթի պատճառով քիչ էր մնում խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը զրկվեր մանդատից, ուրախ է, որ Խաժակյանը մնալու եւ շարունակելու է աշխատանքն իրենց հետ։ Հիշեցնենք, որ Խաժակյանի կուսակցությանը՝ «Լուսավոր Հայաստանին», դուր չէր եկել, որ նա պատասխանատվություն է կրում «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող իր գործընկերների անձնավորված ելույթների համար։ Ու որոշել էին քննարկել Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը, որպեսզի երեքհոգանոց «Լույս» խմբակցության մյուս երկու անդամները՝ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը, հանկարծ չասոցացվեն «Լուսավորի» հետ։ Լավ է, որ Խաժակյանի կուսակցությունում բարձրացված աղմուկից հետո գոնե գլխի ընկան, որ պետք չէ վախենալ սուր ելույթներից Դավիթ Խաժակյանին հետ կանչել՝ խաչ քաշելով նրա կարիերայի եւ իրենց՝ ընդդիմադիրի հեղինակության վրա։
«Սա ե՛ւ ուրախացնող փաստ է ինձ համար, ե՛ւ սպասելի, որովհետեւ ես առաջին իսկ օրվանից հակված եմ եղել նրան, որ պարոն Խաժակյանը մնալու եւ աշխատելու է։ Ես այդ աղմուկի իմաստը մինչ այսօր չեմ հասկանում եւ դրան առհասարակ չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետեւ ես չէ, որ պետք է գնահատական տամ դրան։ Ինչ վերաբերում է պարոն Խաժակյանի մնալուն, ուրախ եմ, որ մեր կազմն ամբողջական է լինելու, եւ քանի որ պարոն Խաժակյանի ներդրումն ահռելի է եւ գնահատելի «Լույս» խմբակցության գործունեությունում»։
- Իսկ հնարավո՞ր է Ձեր ելույթներում ոճի փոփոխություն լինի, քանզի հիմնական խնդիրը դրանք էին, Դուք զրույց ունեցե՞լ եք այդ թեմայով, որ պետք է վերանայեք Ձեր ելույթների հռետորաբանությունը։
- Առհասարակ, այդ աղմուկը ես չգիտեմ, թե ինչին էր միտված, որովհետեւ դա բնականոն ավագանու նիստ էր՝ մի փոքր ավելի էմոցիոնալ։ Եվ մասնավորապես ես շարունակելու եմ նույն գործելաոճը եւ նույն քննադատությունները, եթե որեւէ խնդիր տեսնեմ։ Այլ հարց է՝ այդ քննադատությունները կլինե՞ն էմոցիոնալ, թե՞ ոչ։ Դա իրավիճակային է։ Բայց եթե իշխանությունները կամ որոշ անձինք սպասում են, որ այդ ամենն ազդելու է հռետորաբանության վրա, եւ քննադատություններս հետայսու կոշտ չեն լինելու, նրանք չարաչար սխալվում են։
- Նեղացա՞ծ եք Դավիթ Խաժակյանից, որ քիչ էր մնում դուրս գար խմբակցությունից։
- Պարոն Խաժակյանի հետ չեմ կարծում, թե խնդիր ունեմ, Դավիթ Խաժակյանն իմ 3 տարվա գործընկերն է, ընդ որում՝ շատ սիրելի գործընկեր, եւ չեմ կարծում, որ նման իրավիճակը պետք է ազդի մեր հարաբերությունների վրա։
- Դուք մինչ այդ զրույցներ ունեցե՞լ եք խմբակցության անդամներով, որ պետք է փոխել ելույթների, քննադատության ոճը։
- «Լույս» խմբակցությունն առողջ խմբակցություն է, եւ լինում են քննարկումներ տարբեր կոնտեքստներում, այդ թվում՝ նաեւ այդ կոնտեքստում եղել են, իհարկե, քննարկումներ տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր խնդիրների շուրջ, ինչպես բոլոր առողջ խմբակցություններում։ Ես հուսով եմ՝ մնացած խմբակցություններում էլ են նմանօրինակ քննարկումներ լինում, եւ պիտի երկուստեք վերանայել ավագանու դահլիճում տիրող մթնոլորտը, որովհետեւ իրապես վերջին շրջանում ավելի քան սրվել է մթնոլորտը։
- Ո՞վ շահեց եւ ո՞վ տուժեց այս բարձրացված աղմուկից։
- Գիտե՞ք, աղմուկը ես չէ, որ բարձրացրել եմ, եւ թող գնահատական տան այն մարդիկ, որոնք բարձրացրել են այդ աղմուկը։ Ուստի ես չեմ ցանկանում պատասխանատվություն վերցնել ինձ վրա եւ գնահատականներ տալ։ Գնահատական տալիս է հանրությունը եւ այդ գնահատականը տվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ինչպես նաեւ որոշ քաղաքական ուժեր, եւ կարծում եմ, որ շահող կողմ այստեղ չի եղել առհասարակ։ Այստեղ եղել է տուժող կողմ, իսկ թե տուժող կողմն ով է կամ ովքեր են կամ որ կետերում են տուժել, դա արդեն հանրությունը գնահատականը տալիս է։
- Բայց ձեր հակառակորդ «ճամբարից»՝ «Իմ քայլը» խմբակցությունից, արդեն սկսել էին ուրախանալ, որ ձեր խմբակցությունը պառակտվում է։
- Ես ուզում եմ խորը ցավակցություն հայտնել իշխող խմբակցության այն անդամներին կամ խմբակցությանը, եթե խմբակցությունն ունի ամբողջական այդպիսի դիրքորոշում, եւ ասել, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Դա բնականոն աշխատանքային ընթացք է, եւ այստեղ ուրախանալու եւ ոգեւորվելու որեւէ բան չկա։ Առաջիկայում դա արդեն աշխատանքով կապացուցվի։
Կարծիքներ