Կին լրագրողները նվաճել են հեռուստաեթերը

Կին լրագրողները նվաճել են հեռուստաեթերը

Վերջին մեկ տարում ուշագրավ տրանսֆորմացիա է նկատվում լրատվական դաշտում, հատկապես՝ հեռուստատեսության ոլորտում, որը, կարելի է ասել, այն սակավաթիվ ոլորտներից է, որ շահել է իշխանափոխությունից, եւ որտեղ փոփոխությունները դրական են։

Հիմա հեռուստաընկերություններն ավելի ազատ են, քան նախկին իշխանությունների ժամանակ, եւ դա անվիճարկելի փաստ է։ Ճիշտ է՝ այդ ազատությունը չի վերաբերում Հանրային հեռուստաընկերությանը, որն ինչպես նախկինում էր իշխանությունների խոսափողը, այնպես էլ հիմա։ Եվ անգամ Հանրային հեռուստառադիոխորհրդի ղեկավարի փոփոխությունը ոչ մի դերակատարում չունեցավ այստեղ, ինչպեսեւ կանխատեսում էինք։ Սակայն գրեթե մյուս բոլոր հեռուստաընկերություններում փոփոխություններն ակնհայտ են՝ եթերում ազատորեն քննադատում են գործող իշխանություններին, եթեր են հրավիրվում մարդիկ, որոնց մուտքը տարիներ առաջ անհնարին էր պատկերացնել հեռուստատեսությունում, լուրերում քննադատական շեշտադրումներով ռեպորտաժներ են ցուցադրվում, նոր հեղինակային հաղորդումներ են մտնում ցանց։ Եվ ամենակարեւորը՝ մեծ հաշվով, չկա գրաքննություն։

Ոմանք այս փաստերին այլ դիտանկյունից են նայում, թե եթերը տնօրինում են նախկին իշխանությունները, սակայն խնդիրն այն չէ, որ հեռուստաընկերությունների սեփականատերերն ընդդիմադիր հայացքներ ունեն եւ նման «պատվեր» են իջեցնում լրագրողներին, հաղորդավարներին։ Առաջ էլ մենք ունեինք մասնավոր հեռուստաընկերություններ, որոնց սեփականատերերն իշխանության մաս չէին կազմում եւ իշխանության հետ համակարծիք չէին։ Պարզապես, նախկինում ընդունված չէր, որ եթերից քննադատություն հնչի, եւ Բաղրամյան 26-ը կառավարում էր այս ոլորտը՝ մինչեւ ստորակետի ճշգրտությամբ։ Մենք գիտեինք, որ այդ հեռուստաընկերությունների լրատվականների ղեկավարներին ուղիղ զանգահարում եւ հրահանգներ էին իջեցնում նախագահականից կամ տրամադրում էին պաշտոնական տեսահոլովակները, եւ նրանք պարտավոր էին դրանք հեռարձակել՝ առանց այդ միջոցառումներին մասնակցելու։ Կային «սեւ ցուցակներ», որոնց մեջ ընդգրկված մարդիկ երբեք եթեր չէին հրավիրվում՝ ոչ միայն Հանրայինի, այլեւ մասնավորների եւ այլն, եւ այլն։ Մի խոսքով, հեռուստատեսությունում տեղի ունեցած փոփոխությունները տեսանելի են հատկապես լրագրողներին, որոնք ուշադիր հետեւում են, թե ինչ է կատարվում առհասարակ լրատվական դաշտում։ Եվ այս ամենը դրական է խոսում գործող իշխանության մասին, որն առայժմ չի փորձում կառավարել հեռուստադաշտը՝ նախկին ավանդույթների համաձայն։ Չի միջամտում, ճնշումներ չի գործադրում։ Թողել է, որ ազատ լինի հեռուստադաշտը։ Մի կողմից, գուցե, այլեւս կառավարելն էլ հեշտ չէ։ Մյուս կողմից՝ գուցե վտանգ չեն զգում դեռեւս։

Պետք է արձանագրենք, որ բացի այն, որ ուղիղ հրահանգների մեթոդն է զիջել տեղը, նաեւ մեծ թվով նոր հաղորդումներ ու հաղորդաշարեր են հայտնվել եթերում։ Մանավանդ՝ հարցազրույցի ժանրը շատ զարգացել է, եւ հեռուստատեսազրույցները, որոնք վարում են հիմնականում կին հաղորդավարները, բավականին գրագետ են, սուր, հետաքրքիր, բազմաբնույթ։ Երեկոյան տուն հասնելով՝ ՀՀ քաղաքացին կարող է լսել, հետեւել այդ հաղորդումներին եւ եթե անգամ չի հետեւել համացանցին ու օրվա լրահոսին, հիմնականում կարող է կարծիք կազմել, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչն է հուզում մարդկանց, որ թեման է եղել այդ օրն ակտուալ, ինչպես են տվյալ խնդրին վերաբերվում իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքական-հասարակական գործիչները, մտավորականները։ Կարող է նոր մարդկանց հայտնաբերել իր համար, որոնք նաեւ արտահայտվելու հնարավորություն ունեն եւ ըստ այդմ՝ ռեյտինգ հավաքելու, ընտրությունների ժամանակ ընտրախավ ունենալու եւ հաղթելու շանս։

Որքան էլ տարբեր հայացքների տեր մարդիկ, հատկապես պրոիշխանական հայացքներ ունեցողները, բողոքեն, որ քննադատությունը շատ է եթերում, նեգատիվը խեղդում է, առավել շատ հրավիրվում են ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ, որոնք փնովում են գործող իշխանություններին՝ վեր են հանում նրանց սխալներն ու վրիպումները, իրականում հենց նման հաղորդումներն են դիտարժան, եւ հենց սուր, քննադատական հաղորդումներն է նախընտրում հեռուստադիտողը, նման հոդվածներ է կարդում ընթերցողը։ Եթե մարդուն պաշտոնական տեղեկատվությունն ու տեսակետն են հետաքրքրում, նա դիտում է Հ1 եւ Առաջին լրատվական, կարդում «Հայաստանի Հանրապետություն» կամ gov.am, գուցե՝ «Հայկական ժամանակ»։ Սակայն մարդուն միշտ էլ հետաքրքրում է իրադարձությունների, դեպքերի դարձերեսը՝ այն, ինչ չի ասվում եթերից, չի գրվում պաշտոնական լրահոսում, ուստի նա դիտում է ազատ հեռուստատեսություն եւ կարդում ազատ մամուլ։

Հիմա դառնանք հեռուստաարտադրանքին, որը հրամցվում է հեռուստադիտողին այսօր։ Հեռուստատեսային հարցազրույցների պակաս այսօր եթերում չկա։ Իրենց կայուն լսարանն ունեն Հ5-ի «Հարցազրույցը»՝ Ագնեսա Խամոյանի տաղավարում, եւ «Օրագիրը»՝ Մարիաննա Ղահրամանյանի հետ։ Շատ ակտիվ աշխատում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը։ Այստեղ եթերում են Անժելա Թովմասյանի «Հայելու առաջը», որն «Արմնյուզ» տեղափոխվեց «Կենտրոնից» եւ շաբաթական 5 օր արդեն եթերում է։ Այստեղ է նաեւ «Երկիր մեդիայից» «Արմնյուզ» տեղափոխված Դավիթ Սարգսյանը՝ իր «Օրախնդիր»-ով։ Եթերում է նաեւ «168 ժամ»-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, ով «Պրեսսինգ» հաղորդաշարն է վարում՝ շաբաթական մեկ անգամ։ Բոլորը հիշում են «Արմենիայի» եթերում նրա «Ռեւոլյուցիա»՝ աղմուկ հանած հաղորդաշարը, որը հեղափոխությունից հետո փակվեց։ Եվ վերջապես՝ այս շարքում պետք է նշենք նաեւ Աննա Իսրայելյանին՝ «Երկրի հարցը» հաղորդաշարում, որը նա վերջերս է սկսել վարել եւ արդեն նկատելի թափ է հավաքել։ Ոմանք, հնարավոր է, չեն սիրում որոշ հաղորդավարների կամ չեն հավանում նրանց ոճը, սակայն փաստ է, որ եթերը դարձել է բազմազան, եւ յուրաքանչյուրն ընտրության հնարավորություն ունի։ Անգամ վերը նշված հաղորդաշարերից ոչ մեկը չհավանողը ընտրության հնարավորություն ունի՝ հանձինս Պետրոս Ղազարյանի հարցազրույցների։

Միշտ կարելի է քննադատել, թերություններ տեսնել, ավելին պահանջել, բայց հնարավոր չէ չգնահատել նոր հաղորդումների եւ հատկապես կին լրագրողների աշխատանքն ու ներդրումը հեռուստաեթերում։