Ես իմ քույրիկի թշնամի՞ն եմ, որ դին տեսնեմ, ու թողնեմ՝ տառապի. Հայկուհի Խաչատրյանի քույրը՝ Հանրապետական ծննդատան պարզաբանման վերաբերյալ 

Ես իմ քույրիկի թշնամի՞ն եմ, որ դին տեսնեմ, ու թողնեմ՝  տառապի. Հայկուհի Խաչատրյանի քույրը՝ Հանրապետական ծննդատան պարզաբանման վերաբերյալ 

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը գրանցված նորածի մահվան դեպքը շարունակում է առեղծվածային մնալ: Նորածնի մորը՝ 33-ամյա Հայկուհի Խաչատրյանին եւ ամուսնուն մինչ օրս երեխայի դին ցույց չեն տվել, ինչն էլ ստիպում է նրանց կասկածել, որ իրենց երեխան ողջ  է եւ անհետացել է անհասկանալի հանգամանքներում: Այսօր արդեն Հանրապետական ծննդատունը հանդես է եկել պարզաբանմամբ , որում մասնավորապես նշվում է, որ պտղի դին հարազատներից տեսել է ծննդկանի քույրիկը:

Հայկուհի Խաչատրյանի քույրը՝ Հերմինե Մկրտչյանը, hraparak.am-ի հետ զրույցում, զարմանք եւ վրդովմունք արտահայտելով, վստահեցրեց, որ իրեն ոչ թե երեխայի դին,այլ ընկերքն են ցույց տվել: «Ես ոչ մի դի չեմ տեսել, ցավալի է, որ այդկերպ են ստում: Երբ բժշկուհին եկավ ու ասաց,թե զարմանում է՝ ինչպես է եղել, որ պտուղը մեծ է, իսկ ընկերքը այդքան փոքր, ես ասացի, որ այդ դեպքում անհրաժեշտ է ընկերքը նույնպես փորձաքննության ուղարկել, քանի որ իրենք ասել էին,թե պտուղն արդեն ուղարկել են փորձաքննության: Ասաց, թե սառնարանում է, պահել են, որ չնեխի, կուղարկեն: Ինձ էլ, որպես ապացույց, տարավ տեսնելու: Սառնարանի դուռը բացեց, ցույց տվեց շատ փոքր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ փոքր զանգված կար: Հիմա դա դարձավ, որ ես մարմինն եմ տեսե՞լ: Խոսքը ընկերքի մասին է: Ես իմ քույրիկի թշնամի՞ն եմ, որ դին տեսնեմ, ու թողնեմ՝ նա տառապի՝ մտածելով, որ իր երեխան ողջ է, հո ցնորվա՞ծ չենք»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում) հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային և դատագենետիկական փորձաքննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին և ՀՀ առողջապահության նախարարությանը, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին:

 Նախաքննությունը շարունակվում է: