Գործարարը պահանջում է Դավիթ Անանյանի հրաժարականը

Գործարարը պահանջում է Դավիթ Անանյանի հրաժարականը

 Գործարար, «Պանտերա Դյութի ֆրի» կազմակերպության սեփականատեր Վահե Դարբինյանը պահանջում է ՊԵԿ նախագահի հրաժարականը: Նա վստահ է, որ վերջինս մութ խաղ է ուզում խաղալ «դյութի ֆրիների» շուկայում: 
Դեռ երկու տարի առաջ՝ 2018 թվականի ապրիլին, նա դիմել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, Մեղրիում եւ Գոգավանում ազատ առեւտրի խանութներ բացելու թույլտվություն ստանալու համար: Նա պատրաստվում է 2 մլն դոլար բերել, «դյութի ֆրիների» միջազգային շուկայում հայտնի «Global Duty Free» կորպորացիային ներգրավելով որպես գործընկեր: Սակայն Անանյանն անպատասխան էր թողել գործարարի խնդրանքները եւ երկու շաբաթ առաջ կառավարության նիստի ժամանակ փորձ արեց այդ շուկա մտցնել Յարոսլավլում գրանցված մի անհայտ ընկերության: Վահե Դարբինյանը մեղադրում է ՊԵԿ նախարարին պրոտեկցիոնիզմի, ռուսական ընկերության տանիքը դառնալու համար: Վարչապետ Փաշինյանն էլ հակված է հարցը լուծել տենդերի միջոցով, քանի որ արդեն մի քանի ընկերություն Հայաստանի սահմանային կետերում «դյութի ֆրիներ» բացելու ցանկություն են հայտնել: Օրերս ստացանք ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գեւորգյանի պատասխանը՝ հոդվածում արծարծված հարցերի շուրջ: Ըստ այդմ, Դարբինյանին  ներկայացվել են «անմաքս առեւտրի կետերում հիմնադրման եւ առեւտրային գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող անձանց կողմից իրականացվելիք օրենքով սահմանված գործողությունները», սակայն Վահե Դարբինյանի կողմից սահմանված կարգով հայտ չի ներկայացվել: Գլխավոր քարտուղարը նաեւ գրում է, որ Մեղրիի մաքսային կետում արդիականացման աշխատանքներ են գնում, եւ այնտեղ անմաքս առեւտրի խանութներ կառուցելու ու շինություններ տրամադրելու համար կարելի է դիմել միայն այդ աշխատանքների ավարտին: «Ինչ վերաբերում է Գոգավանի սահմանային անցակետում հողատարածքի տրամադրմանը, ապա մեր կողմից առանձնացվել է տարածք, համապատասխան տեղանշմամբ, եւ Լոռու մարզպետարանի միջոցով կկազմակերպվի մրցութային կարգով հողհատկացման գործընթացը, որին կարող է մասնակցել «Պանտերա դյութի ֆրի» ընկերությունը»:  Պրոտեկցիոնիզմի մասին ասվում է, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում:  
«Պանտերա Դյութի ֆրի» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանին խնդրեցինք ներկայացնել ՊԵԿ-ից ստացված գրությունը, հասկանալու համար, թե օրենքով սահմանված ինչ տեղեկություններ նա չի ներկայացրել: Պարզվում է, Դարբինյանի դիմումում չեն եղել փաստաթղթեր «որպես անմաքս առեւտրի խանութ օգտագործվելու համար շինությունների» վերաբերյալ: Կարճ ասած՝ տնտեսվարողը չունի այդ շինությունները սահմանին եւ չի կարող այնտեղ առեւտրով զբաղվել: Հարց է ծագում՝ իսկ ո՞վ ունի նման շինություններ Հայաստանի սահմանին: Յարոսլավլի ընկերությո՞ւնը:  
«Սկզբից կառավարությունը պետք է թույլտվություն տա, հետո նոր դու այդ ամենը ստեղծես: Դու չես կարող գնաս, մաքսային սահմանում պահեստ, խանութ ստեղծես, ու ասես՝ ես ունեմ էս պահեստն ու խանութը: Իրենք պետք է թույլ տան, դու ստեղծես, նոր դու գնաս ասես, որ լիցենզիան տան,- հակադարձում է Դարբինյանը։- Իրենք իրականում մեզ «տշում» են գնդակի պես, կոպիտ ասած: Մեզ ասում են՝ հետո կդիմեք, բայց մենք պարապած մարդիկ ենք, սերժական ժամանակներից մենք գիտենք, թե դա ոնց է արվում: Ես հարց եմ հղում պարոն Անանյանին․ ինչո՞ւ եք դուք առհամարհում առաջնային դիմողի առաջարկները, որոնք երկու տարվա նախապատրաստական քրտնաջան աշխատանքի արդյունք են, բայց մի անհայտ ֆիրմայի, որը մեկ տարի հետո գալիս է, դիմում է, անմիջապես ներկայացնում եք կառավարության նիստին՝ նրա պահանջը բավարարելու համար: Ես դա բնորոշում եմ որպես պրոտեկցիոնիզմ եւ կոռուպցիոն ռիսկ»: Ինչո՞ւ եք դուք դեմ մրցույթին, որն առաջարկում է Փաշինյանը: «Որովհետեւ մենք առաջնային դիմողն ենք: Պատկերացրեք, խանութում եկել եք ապրանք գնեք, մնացել է մի հատ, ու վաճառողը ձեզ ասում է՝ սպասեք, թող մի հինգ-վեց հոգի գան, մրցույց անեն, նոր կորոշենք, թե ում ենք տալու: Նրանք այդ ձեւով հանրայնացնում են իմ բիզնես-իդեան, որի արդյունքում ինձ, ում մտքով առաջինն է անցել Գոգավանում, Մեղրիում դյութի ֆրի բացելու գաղափարը, մղում են հետին պլան»: Մենք տեղեկացանք, որ այս պահին կա մի գերմանական ընկերություն, որը հավակնում է Հայաստանի 4 մաքսային կետերում զբաղվել անմաքս առեւտրով: