Ես համբերատար սպասում եմ և կարծում եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի

Ես համբերատար սպասում եմ և կարծում եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի
Արմեն Սարգսյան, նախագահ

Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների ձեռամբ Հայաստանի Հանրապետության նախագահ դարձած Արմեն Սարգսյանը մեր երկրի ամենակոլորիտային, տեղ-տեղ՝ հակասական պաշտոնյաներից է։ Մենք նրան հաճախ չենք հիշում եւ նկատում, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ստվերում են Սահմանադրության գլուխ հանդիսացող այս մարդու գործունեությունը։ Դրանում մեղավոր է նախեւառաջ ինքը՝ Արմեն Սարգսյանը, քանզի երբ պետք է, որ իր մասին հիշեցնի, անցնում է ընդհատակ։ Առհասարակ, արտաքուստ հանգիստ ու մեղմ բնավորությամբ այս մարդն իր կենսակերպով չափազանց ակտիվ է՝ «տեղը դադար չի նստում»։

Անընդհատ գործուղումների եւ շրջագայությունների մեջ է, ընդ որում՝ դրանց մեծ մասը հենց իր անձնական կապերի շնորհիվ։ Ասում է, որ ինքը եկել է ծառայելու հայրենիքին, իր կապերն ու հնարավորություններն օգտագործելու, դռներ բացելու ի շահ մեր երկրի, նաեւ՝ իշխանությունների։ Բայց մարդիկ նրանից ակնկալիքներ ունեն նախեւառաջ այստեղ՝ Հայաստանում, որ երկրի նախագահը՝ իր «չունեցած» լիազորություններով հանդերձ, ֆորսմաժորային, լարված իրավիճակներում հստակ գնահատական տա այս կամ այն իրավիճակին, ոչ թե լռի կամ դիվանագիտորեն մանեւրի, երբեմն՝ ակնհայտորեն այլ անձանց չնեղացնելու մղումով։

Այս եւ այլ հարցերի շուրջ մենք զրուցել ենք Արմեն Սարգսյանի հետ, օդանավում՝ Սերբիա եւ Շվեյցարիա կատարած այցերից վերադառնալու ճանապարհին։ Ի դեպ, Արմեն Սարգսյանի այցերի մասին կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը տեղյակ են լինում, եւ, ինչպես ինքն ասաց, իր օրակարգն ավելի շատ փոխլրացնում է, այլ ոչ թե խաչվում վարչապետի այցերի հետ։

- Պարո՛ն Սարգսյան, Ձեզ քննադատում են, որ մեր երկրում կարեւոր, ֆորսմաժորային իրավիճակներում Դուք, չգիտես ինչպես եւ ինչու, մշտապես բացակայում եք երկրից։

- Հակառակն է՝ ես գնում եմ, հետո են ֆորսմաժորային իրավիճակներ լինում։ Հավանաբար նկատի ունեք այն, որ անցյալ տարի հոկտեմբերի 2-ին (ԱԺ-ի պաշարման օրը) ես ԱՄՆ-ում էի։ Բայց, ճիշտն ասած, ես ԱՄՆ շատ առաջ էի գնացել, այդ այցն ամիսներ առաջ ծրագրված էր, հանդիպումներ էին ծրագրված, այդ թվում՝ Մայք Պոմպեոյի հետ, եւ այնպես չէր, որ ես գիտեի՝ հոկտեմբերի 2-ին մարդիկ փողոց են դուրս գալու, եւ այդպիսի բաներ են տեղի ունենալու, դրա համար գնացի։ Ես ԱՄՆ-ում ցուցահանդեսում էի, երբ ինձ զանգ եկավ, տեղեկացրին՝ ինչ է տեղի ունեցել, եւ ես շատ արագ ավարտեցի ցուցահանդեսն ու խոսեցի ԱԺ նախագահի հետ, խմբակցությունների ղեկավարների հետ՝ պարզելու իրավիճակը, եւ ես բոլորին ասացի, որ մի քանի օրից վերադառնալու եմ, 21 օր ժամանակ ունեմ, կորոշեմ՝ այդ հայտնի օրենքը ստորագրե՞մ, թե՞ ինչ անեմ։ Նույն ձեւով, երբ որ ես Աստանայում էի, դատարանները փակելու կոչ եղավ։ Նորից այդ այցը ծրագրված էր ամիսներ առաջ: Ես ի՞նչ իմանայի, թե հաջորդ օրն ինչ էր տեղի ունենալու։ Եվ գիշերվա կեսին եղավ ուղերձը՝ զուսպ, կարճ եւ ամեն ինչ ասող, եւ ես մինչեւ հիմա այդ ուղերձի կողքին եմ…։

- Հիշեցրիք հոկտեմբերի 2-ի հայտնի օրենքը, Դուք 21 օր անց միայն՝ վերջին օրը որոշեցիք այդ օրենքը ոչ թե ստորագրել կամ մերժել, այլ ուղարկել Սահմանադրական դատարան։ Ինչո՞ւ ուղարկեցիք ՍԴ, հատկապես որ հետո պարզվեց՝ սահմանադրականության հետ խնդիր չկար։

- Եկեք ճիշտ հասկանանք՝ ՀՀ նախագահը, երբ որ օրենքը գալիս է, ունի երեք հնարավորություն՝ ստորագրել, չստորագրել եւ ուղարկել ՍԴ։ Ու եթե չի ստորագրում, դրանից ոչինչ չի փոխվում, այն ուղղակի, եթե չեմ սխալվում, ստորագրվում է ԱԺ նախագահի կողմից։ Նախագահը չունի գործիք, որ չստորագրի կամ վետո դնի։ Միակ գործիքը Սահմանադրական դատարան ուղարկելն է, եթե կասկած ունի։ Եվ նախագահը, բացի Սահմանադրությունից եւ օրենքներից, պետք է մտածի նաեւ երկրի կայունության համար։ Չնայած ես գործիքներ չունեմ, գրված չէ, որ նախագահը Սահմանադրության երաշխավորն է, գրված չէ, թե ինչ գործիքներ ունեմ, օրինակ՝ Իտալիայի նախագահը ե՛ւ երաշխավորն է, ե՛ւ գործիքներ ունի, որով բոլորին կարող է կարգի բերել․ ընդդիմությունն ու իշխանությունը սկսում են ավելի զուսպ լինել։

- Ասում եք՝ գործիք չունեք, ըստ էության՝ դժգոհ եք Սահմանադրությունից։ Բայց երբ Սերժ Սարգսյանը Ձեզ առաջարկեց ստանձնել այս պաշտոնը, այն ժամանակ ինչո՞ւ համաձայնեցիք՝ լավ իմանալով, թե ինչպիսի Սահմանադրությամբ եք գործելու։

- Ես հասկանում եմ Ձեր հարցը, բայց եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանն ինձ տարբեր զրույցների, այդ թվում՝ պաշտոնական զրույցի ժամանակ, առաջարկեց բաներ, որոնք գրված չեն Սահմանադրության մեջ՝ ասելով, որ ակնկալում է, որ հանրապետության նախագահն իր մեծ ներդրումն ունենա արտաքին հարաբերություններում, միջազգային, տնտեսական հարաբերություններում։ Ես էլ ժամանակ վերցրի, որ մտածեմ, եւ երբ վերադարձա, ասացի, որ ես համաձայն եմ Ձեր առաջարկին, բայց միաժամանակ ուզում եմ ավելացնել, որ ես պետք է ակտիվորեն աշխատեմ նաեւ կրթության եւ գիտության ոլորտում։ Այսինքն՝ կար իմ եւ Սերժ Սարգսյանի միջեւ որոշակի երկխոսություն, թե ինչպես պետք է Սահմանադրությունը, որ թղթի վրա գրված է, իրականում կյանքի կոչվի։ Հիմա ո՛չ Սերժ Սարգսյանը կա, ո՛չ էլ այդ երկխոսության արդյունքը։ Հիմա ես փորձում եմ նույն բանն անել նոր իշխանությունների պայմաններում, եւ ինչ-որ ձեւով ներդաշնակ անում ենք։

- Գնահատո՞ւմ են Ձեր արածը նոր իշխանությունները։

- Իրենց պիտի հարցնեք, ես չեմ կարող ուրիշի գնահատականն իմ հանդեպ ասել։

- Հասարակությունը, ամեն դեպքում, որոշակի իրավիճակներում՝ դատարանների շրջափակում, ՍԴ-ի դեմ սկսված գործընթաց եւ այլն, Ձեզնից ակնկալում է հստակ գնահատական, ինչը չի տեսնում։

- Ուրեմն, նորից եմ ասում՝ ՀՀ նախագահը, ով էլ որ լինի, պետք է որոշի, թե ինքն ինչպես է աշխատում։ Նախ՝ ինքն ընտրվել է Սահմանադրությամբ եւ պետք է Սահմանադրությունը հարգի։ Ինչքան էլ ուրախ լինի, դժգոհ լինի, հավանի կամ չհավանի, կարեւոր չէ։ Եվ եթե նախագահն էլ սկսի օրենքները խախտել, Սահմանադրության սահմաններից դուրս գալ, որովհետեւ ինչ-որ մեկը սպասում է, որ նախագահն ավելի կոշտ կամ ավելի փափուկ կարծիք հայտնի, ուրեմն կստացվի՝ նախագահն էմոցիաներին է տրվում եւ Սահմանադրության սահմաններից դուրս է գալիս։ Դուք երեւի տեսնում եք՝ իմ բնավորությամբ ես շատ ակտիվ մարդ եմ, հիմա այնպես է եղել, որ ես դրվել եմ ինչ-որ սահմանների մեջ։ Նույնիսկ այս համակարգում, չխախտելով Սահմանադրությունը, ես աշխատում եմ իմ ներդրումը բերել մեր երկրին։ Հիմա Սահմանադրությունում գրված չի, չէ՞, որ ես պիտի գամ Ժնեւ եւ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի նախագահ լինեմ։ Բայց ես կարծում եմ՝ դա լավ է մեր երկրի համար։ Եվ ես, իմ ենթագիտակցության մեջ, միշտ մտածում եմ՝ այնպես անեմ, որ մեր երկրի համար լավ լինի։

- Բայց մեր երկրում որոշակի իրադարձություններ են լինում, որոնց չի արձագանքում երկրի նախագահը։

- Կան սահմաններ, թե նախագահն ինչին կարող է արձագանքել, ինչին՝ ոչ։ Նախագահը քաղաքական մեկնաբան չէ, սպորտային մեկնաբան չէ, էմոցիոնալ մեկնաբան չէ։ Եթե մարդիկ իրար հայհոյում են, նույնիսկ իրար սպանում են, նախագահը կարող է միայն ընդհանուր կոչերով արձագանքել մարդկանց՝ հանդուրժողականություն ցուցաբերեք, լսեք իրար, հարգեք խոսքը, եւ ես դա մի քանի անգամ արել եմ։ Դրանից ավելի նախագահը ոչինչ չի կարող արել։ Այնտեղ գրված չէ, որ հանրապետության նախագահը պետք է միջամտի, եթե Ազգային ժողովը կամ Սահմանադրական դատարանն ինչ-որ գործընթացի մեջ են։ Այսինքն՝ իմ միջամտությունը ոչ մի լավ բանի չի բերելու։

- Ի դեպ, ՀՀԿ-ականներն են Ձեզ հաճախ քննադատում, համարում են, որ Դուք իրենց ընտրած նախագահն եք, բայց, ըստ երեւույթին, ինչ-ինչ ակնկալիքներ չեք արդարացնում։

- Ես հույս ունեմ, որ Դուք էլ համարում եք, որ ես Ձեր նախագահն եմ, կամ Վայոց ձորում, Գեղարքունիքում, Սյունիքում մարդիկ համարում են, որ ես իրենց նախագահն եմ։ Նախագահն ընտրվել է տվյալ Ազգային ժողովի կողմից, որտեղ ինչ-որ կուսակցություն մեծամասնություն էր։ Բայց ես երդում չեմ տվել, որ պիտի ծառայեմ այս կամ այն կուսակցությանը կամ ղեկավարին։ Ես երդվել եմ, որ պիտի ծառայեմ մեր երկրին, մեր պետությանը եւ մեր ազգային շահերին, որը եւ փորձում եմ անել։ Կլինեն մարդիկ, որ շատ կուզենային, որ ես դուրս գայի եւ ասեի՝ ամոթ, այսինչ, ինչո՞ւ ես քեզ այդպես անշնորհք պահում․․․ պատկերացնո՞ւմ եք, թե ինչի նման կլինի, եթե նախագահը սկսի դրանով զբաղվել։ Նախագահը կդառնա այս վիրտուալ ֆեյսբուքյան աղմուկի մեջ աղմուկ առաջացնող ձայներից մեկը։ Նախագահի ձայնը պետք է մնա այն դժվար պահերի համար, որ պետք է լինելու մեր ժողովրդին սթափության բերելու։ Որովհետեւ, նորից եմ ասում, գործիք չկա։ Եթե նախագահը գործիք ունենար, ձեռքը խփեր, ասեր, օրինակ, «եթե քեզ լավ չպահես, վաղը վատ կլինի», նա կօգտագործեր այդ գործիքը։

- Իսկ առաջարկե՞լ եք վարչապետին կամ մտադի՞ր եք նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ նախագահի լիազորությունների ընդլայնման հարցով։

- Ես միշտ համբերատար սպասում եմ եւ կարծում եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ամեն ինչ էվոլյուցիայով պետք է լինի։ Եվ ես ուրախ եմ, որ ոչ թե ես եմ բարձրաձայնում սահմանադրական փոփոխությունների մասին, այլ՝ կառավարությունը, վարչապետը։ Չի կարելի արագացնել, երեխան երեք ամսից չի ծնվի, որքան էլ արագացնես։ Որպես Ազգային ժողով, կառավարություն՝ իրենք էլ պետք է էվոլյուցիա անցնեն։ Ես Ձեզ կարող եմ օրինակ բերել․ մեկ տարուց ավելի հանրապետության նախագահը ՍԴ անդամի տարբեր թեկնածու է առաջարկել Ազգային ժողովին, քանի որ ՀՀ նախագահը պետք է երեք թեկնածու առաջարկի իր կողմից։ Եվ գրված է, որ նախագահը պետք է այդ թեկնածուներին ընտրի ակադեմիական շրջանակից, ազնիվ, ապաքաղաքական մարդկանց շրջանակից։ Ես ընտրում եմ, ուղարկում եմ Ազգային ժողով, որը քաղաքական մարմին է, որտեղ ունեն իրենց քաղաքական շահերը, եւ դու չես կարող բացարձակ չեզոք թեկնածուին ուղարկես քաղաքական ինստիտուտ եւ սպասես, որ այդ ինստիտուտը մարդուն գնահատական տա չեզոք ձեւով։ Եվ եթե առիթը լինի, իմ առաջարկությունը կարող է լինել շատ պարզ՝ ճիշտ կլինի, որ հանրապետության նախագահը ոչ թե առաջարկի, այլ ինքն այդ երեք թեկնածուին ուղղակի նշանակի ՍԴ անդամ։ Այդ դեպքում ես պատասխանատու կլինեմ իմ նշանակած թեկնածուների համար։