Առուշ Առուշանյանը ազատազրկման դատապարտվեց
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։
«Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման»,- նշեց նախագահողը։
Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28․03․2022թ․ թիվ ՍԴ/0043/01/21 դատավճռով դատապարտվել է /2003թ․ ընդունված/ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և հանցանքների համակցությամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում 6 ամիս 18 օր ժամկետով, տուգանք նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով։
Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի 6 ամիս ժամկետով:
Շահառու Առուշ Առուշանյանը, դատական ակտով զրկված լինելով որպես պատիժ նշանակված տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից և տեղեկացված լինելով պատժի պահանջը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու մասին, շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքապետի պաշտոնը:
Ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել էր պատժից խուսափելու մասին արձանագրություն (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ «դատապարտյալի կողմից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ») և միջնորդություն էր ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:
Կարծիքներ