Զինվորականները շարժում են սկսում․ «Պարտադրելու ենք իշխանությունների հրաժարական ու ԱԺ լուծարում»

 Զինվորականները շարժում են սկսում․ «Պարտադրելու ենք իշխանությունների հրաժարական ու ԱԺ լուծարում»

«Կան սպաներ, գեներալներ, գնդապետներ, որոնց հետ մենք խորհրդակցում ու համագործակցում ենք ու ուզում եմ տեղեկացնել, որ առաջիկայում՝ հուլիսի 25-ին, տեղի է ունենալու մեր հիմնադիր համաժողովը։Ի՞նչ է անելու այս միավորումը։ Առաջին հերթին միավորելու ենք զինվորականներին, կամավորներին, պահեստազորի սպաներին մեկ ընդհանուր, միացյալ գաղափարի շուրջ։ Առաջին հերթին զինվորների կողքին պաշտպանելու ենք մեր հայրենիքը ու փորձելու ենք ազատագրել մեր բռնազավթած տարածքները»։ Այս մասին քիչ առաջ Կամավորների, աշխարհազորի և պահեստազորի զինվորականների միավորման հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին միավորման ներկայացուցիչները։

«Մեր երկրորդ խնդիրն այն է լինելու, որպեսզի առողջ քաղաքական ուժերը միավորվեն, ձևավորեն մեկ միացյալ համահայկական դաշինք։ Առաջին համաժողովից հետո մենք այցելելու ենք մարզեր։ Բոլոր տեղերում ենք ունենք զինակիցներ ու գաղափարակիցներ։ Տեղերում բացելու ենք մասնաճյուղեր։ Կոչ ենք անելու ոտքի հանել ժողովրդին անհնազանդության համար։ Անհնազանդություն այս իշխանության հանդեպ։ Պարտադրելու ենք այսօրվա իշխանության հրաժարականը ու Ազգային ժողովի լուծարում։ Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որն էլ պիտի կազմակերպի արդար խորհդարանական ընտրություններ»,- հավելեցին նրանք։

Նշենք, որ շարժումը նախաձեռնել են չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն ու այլք։