Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ

Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ

Նոյեմբերի 29-ը հայկական հեռուստատեսության հիմնադրման օրն էր, հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոնը: Առաջին եթերը կայացել է 1956 թվականի նոյեմբերի 29-ին, ինչի մասին ազդարարեց սքանչելի Նառա Շլեպչյանը, ասելով. «Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ: Սկսում ենք հայկական հեռուստատեսության փորձնական հաղորդումները»։
Որոշ աղբյուրներում հանդիպում են նման արձանագրումներ. «Կարճ ժամանակում հեռուստատեսությունը դարձել է քաղաքային, մշակութային, գիտաճանաչողական, ուսուցողական և այլ ինֆորմացիայի կարևորագույն միջոց»։ 

Այս տոնի կապակցությամբ, ուղերձ է հղել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, որի մեջ, մասնավորապես ասված է. «Հեռուստատեսության առաքելությունը հանրային մտածողության, տարբեր խնդիրների նկատմամբ հանրային, ինչպես նաև անհատական մոտեցումների ու ընկալումների ձևավորումն է, այն դաստիարակություն, մշակույթ ու կրթություն, ճաշակ ու ոճ թելադրող է»։ 

Եթե այս խոսքերը վերաբերում են հայկական այսօրվա հեռուստատեսությանը, ապա կարելի է միայն ափսոսանք հայտնել պարոն Հակոբյանի միտումնավոր, թե ոչ միտումնավոր մոլորության առնչությամբ: Իհարկե, տոնի կապակցությանմբ կարելի է շնորհավորել հեռուստատեսության այն աշխատակիցներին, ովքեր տասնամյակներ շարունակ ապահովել են նախորդ պարբերությունում արձանագրվածը: Միաժամանակ, պետք է ափսոսանք հայտնել առ այն, որ որպես ռիսկային տարիքի կառույց (66 տարեկան), հայկական հեռուստատեսությունը մինչ օրս չի կնքել իր մահկանացուն՝ ինչով հնարավոր կլիներ կանխել հայ հասարակության վերջնական դեգրադացումն ու ապաազգայնացումը:

Հաջորդ իշխանության առաջնահերթ խնդիրներից պետք է լինի նման ձևաչափի և որակի հեռուստատեսության գործունեության կասեցումը եւ բնույթով նոր ու առաջադեմ, զարգացնող ու խթանող հեռուստատեսության ստեղծումը։

Գագիկ Վարդանյան