Ընդդեմ հայի

Ընդդեմ հայի

Ինչո՞ւ է միջազգային հանրությունն աչք փակում Հայաստանում ժողովրդավարությունից ակնհայտ հետընթացի, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, որոնց վրա անցյալում աչք չէր փակում։ Օրումեջ խստաշունչ հայտարարություններ են տարածում, իսկ հիմա հայտարարությունները բացառապես հօգուտ իշխանությունների են, եւ ամեն քայլով հասկացնում են, որ մեր երկիրն այս ճգնաժամին հասցրած իշխանություններն իրենց սրտով են, եւ իրենք ամեն գնով պաշտպանելու են նրանց։ Ինչպես 2018-ին տրամագծորեն իրարից տարբեր ուժերի, անձանց եւ միավորների շահերից էր բխում Սերժ Սարգսյանի հեռացումը, եւ նրանք բոլորն ակամայից նպաստեցին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուն, այնպես էլ այսօր տարբեր կառույցների, միջազգային կենտրոնների, գերտերությունների, Արեւմուտքի եւ Ռուսաստանի՝ բոլորի, շահերից է բխում նրա մնալը։ Դա չի բխում միմիայն հայերի շահերից։

Միջազգային հանրությունը լռում էր, երբ Արցախում մի ամբողջ սերունդ էր ոչնչացվում, բայց չի լռում, երբ բանակի հրամանատարական կազմը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք դեմ չեն Արցախի հայաթափմանը եւ Ադրբեջանի կողմից Արցախի բուն հողերի օկուպացիային, բայց տարիներ շարունակ պահանջում էին, որ հայկական ուժերը դուրս բերվեն ադրբեջանական 5 շրջաններից։ Պարզ է, որ մեր հասարակության, մեր պետության շահը միջազգային հանրության համար հազարերորդական է, կարեւորը Կովկասում իրենց պատկերացումները կյանքի կոչելն է, որը հրաշալի իրականացնում է Փաշինյանը։ Եթե անգամ հայ ժողովուրդն իսպառ բնաջնջվի, միջազգային հանրությանը դա չի հուզի՝ նրան անհրաժեշտ է վերահսկելի Կովկաս, որի սիմվոլն է դարձել Նիկոլ Փաշինյանը, որն այսօր բավարարում է ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի պահանջները, ծառայում օտարի շահին։