Ադրբեջանի ընտրությունը

Ադրբեջանի ընտրությունը

Անցած գիշեր ադրբեջանական լրատվամիջոցները մի պահ իրենց ազատ զգացին: Կայքերում տեղեկություն տարածվեց, որ «տասնյակ հազարավոր երիտասարդներ դուրս են եկել Բաքվի փողոցներ եւ պատերազմ են պահանջում»: Նույնիսկ իրենց թույլ տվեցին տեսանյութեր հրապարակել: Հնչող կոչերից ուշագրավ էր հատկապես այս մեկը. «Գերագույն գլխավոր, պատերազմ հայտարարիր»: Այդ բացականչությունն էր հնչում, երբ ցուցարարներն անցնում էին նախագահի նստավայրի մոտով: Հետո ինչ-որ մեկի հրահանգով տեսագրությունների ձայնը խլացվեց: Ալիեւի աշխատակազմում, երեւի, արթուն պահապաններ կային եւ հասկացել էին, որ ամբոխի այդ կոչը փաստացի վախկոտության մեղադրանք է նախագահի պաշտոնն զբաղեցնողին: Այնուհետեւ «Ազատություն» ռադիոկայանը ցուցադրեց կադրեր՝ ինչպես է գործի անցել ոստիկանությունը եւ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ է կիրառում, իսկ ավելի անհնազադներին բառիս բուն իմաստով փռում ասֆալտին: Ամբոխային ոգեւորությունը փոխակերպվեց հիասթափության, ի վերջո՝ քննադատության եւ անեծքների: Իշխանության հասցեին:

Մեծահարուստների, որոնց զավակները բանակում չեն ծառայում, շվայտ կյանք են վայելում լոնդոններում, մալդիվներում՝ որտեղ անվտանգ է: Ադրբեջանական հանրությունն առերեսվու՞մ է դառը իրականությանը: Դժվար է ասել: Ակնհայտ է մի բան՝ իշխանական քարոզչամեքենան այլեւս ժամացույցի պես չի աշխատում: Կամ «գրչի զինվորները» հոգնել են համատարած ստերից, կամ վերին ատյաններում ինչ-որ մեկն աշխատում է Ալիեւի դեմ, եւ մամուլի որոշ գործիչներ արդեն ենթարկվում են նրան: Այլապես լրատվամիջոցն իրեն թույլ չէր տա գրել, թե սահմանային վեջին լարվածությունը «գուցե Փաշինյանին պատժելու համար է»: Ո՞վ է ծրագրել պատժիչ գործողությունը, ի՞նչ նպատակ է հետապնդվում: Ինչո՞ւ՝ այս պահին, երբ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի համավարակը: Ադրբեջանական հանրությունը հետաքրքրվու՞մ է նման հարցադրումներով: Փորձու՞մ է հասկանալ, թե ինչ եւ ինչու է տեղի ունենում: Բաքվի գիշերային երթից, անկեղծ ասած, 1991թ. նոյեմբերի 23-ի մոլեռանդության դեժավյուի տպավորություն էր, երբ բազմահազարանոց ամբոխը «մահ հայերին» էր աղաղակում: Այդպես է սկսվել պատերազմը: Ադրբեջանում ոչ ոք չփորձեց հասկանալ, թե ու՞մ էր ձեռնտու Մութալիբովի կառավարության ֆիզիկական ոչնչացումը: Անցել է շուրջ երեք տասնամյակ: Ինչ-որ բան, կարծես, փոխվել է, եթե axar.az-ը Տավուշի ուղղությամբ սահմանային լարվածությունը համարում է Փաշինյանին պատժելու գործողություն: Ինչ-որ բան փոխվել է նաեւ իշխանության կեցվածքում: Նա կարողանում է «վասն հայրենյաց պատվի» կարգախոսերով փողոց ելած մարդկանց դեմ ուժ կիրառել: Բայց հանուն ինչի՞: Սեփական գոյության երկարաձգմա՞ն, թե՞ գիտակցության է եկել, որ պատերազմով հարց չի լուծվում: Ադրբեջանի այսօրվա ընտրությունն այդ միջակայքում է: Բայց ո՞վ է ընտրության պատասխանատուն: