Ոնց տանուլ տվեցին Արցախը, այդպես էլ տանուլ կտան տնտեսությունը

Ոնց տանուլ տվեցին Արցախը, այդպես էլ տանուլ կտան տնտեսությունը

Ռեստորանների ասոցիացիան մարտի 4-ին հայտարարություն էր տարածել։ Հայաստանում գործող հասարակական սննդի եւ հյուրընկալության ոլորտի գործարարներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում առողջապահության նախարարության կողմից նոր սահմանափակումների հնարավոր սահմանման կապակցությամբ եւ կոչ են անում տարանջատել քաղաքականությունը, առողջապահությունը եւ բիզնեսը։ Ի՞նչ քաղաքական սահմանափակումների մասին են խոսում ռեստորանների սեփականատերերը։ Զրուցել ենք «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանի հետ։

- Ինչո՞ւ է ծագել այս դժգոհությունն առողջապահության նախարարությունից։ Առաջիկայում նոր «լոքդաո՞ւն» եք սպասում։

- Մենք  վստահ ենք, որ առողջապահության նախարարությունն այս թվերը կառավարության հետ համատեղ արհեստական է բարձրացնում, նրա համար, որպեսզի լեգիտիմ իրավունք ունենան միտինգ ցրելու։ Այսինքն՝ քաղաքական նկատառումներով մարդիկ գնում են դեպի նոր սահմանափակումներ։ Մենք էլ՝ որպես բիզնեսմեններ, զգալով դա, ուղղակի նախազգուշացնում ենք կառավարությանը, որ չփորձեն նման մեթոդներով քաղաքականացնել բիզնեսը։ Այն պետք է զարգանա իր հունով, եւ բոլոր գործարարների միահամուռ կարծիքն այն է, որ, այո, այս սահմանափակումները քաղաքական բնույթ են կրում, առողջապահական չեն ընդհանրապես, որովհետեւ մենք այս հանրապետությունում ապրում ենք, գիտենք։ Մենք տեսել ենք, տեսնում ենք, թե մեր շրջապատում ով է հիվանդ, ինչքան թեստ են անում։ Էս ամենը արհեստական բնույթ է կրում։ Ես խորհուրդ եմ տալիս էկոնոմիկայի նախարարությանը՝ դուրս գալ այդ պոպուլիստական, հիմար ռոմանտիզմից վերջապես, զբաղվել գործերով։ Էդ կրկնապատիկ, քառապատիկ աճերը, էդ ստերը  հերիք է տարածեն։ Եվ կոչ ենք անում, որ վերջապես զբաղվեն ռուսական տուրիզմով։ Ես արդեն հյուրանոցներից ճշտել եմ՝ ողջ մարտ ամսվա ընթացքում Ռուսաստանի ամրագրումները մարդիկ հետ են վերցրել։ Հիմա սրա պատասխանն ո՞վ է տալու։

- Կա՞ վերլուծություն, թե ինչի համար են հետ վերցրել ամրագրումները։ 

- Թվերի (covid-19) պատճառով։ Մենք տեսում ենք, որ կառավարությունն ինչ թիվ ուզում է, նկարում է։

- Ասում եք՝ միտինգները ցրելու նպատակով, բայց, նախ՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությամբ ամեն ինչ ոնց որ թե գնում է դեպի հանգուցալուծում, Բաղրամյանում էլ այդքան շատ մարդ չի հավաքվում։ Իշխանությունը, ուրեմն, այս առումով ի՞նչ վախեր ունի։

- Ասեմ, թե ինչումն է հարցը։ Այս կառավարության ոչ մի անդամ մասնագիտական  առումով իր տեղում չէ։ Չունեն փորձառություն, մասնագիտական պատրաստվածություն, եւ, հետեւաբար, ամբողջ ոլորտը քաղաքականացված է։ Քաղաքականացրել են տնտեսությունը, քաղաքականացրել են առողջապահությունը։  Ռազմական դրությունն ինչո՞ւ չեն վերացնում, արտակարգ դրությունը․․․ Ես բազմիցս ասել եմ ու կրկնում եմ՝ բիզնեսն էլ, սոցիումն էլ ինքնակազմակերպման ճանապարհով են ընթանում։ Մարդիկ ինքնակազմակերպվում են, որովհետեւ տեսնում են, որ պետության ազդեցությունը կա՛մ զրոյական է, կա՛մ բացասական։ Պետությունը ոչ թե օգնում, օժանդակում, առաջնորդում է, այլ հակառակը՝ եթե անգամ չի խոչընդոտում, ապա բացակա է։

- Բայց չէ՞ որ այս ընթացքում բազում սահմանափակումներ հանվեցին։ Ռեստորաններում, օրինակ, թույլատրվում են մինչեւ 60 հոգանոց քեֆերն ու հարսանիքները։

- Հա, հանեցին, բայց ինչ-որ ընդհանուր ֆոն են ստեղծել։ Սահմանափակումների հետ կապված ինչ-որ բան էին նախապատրաստում, քանի որ մենք էլ այդ ալիքը բարձրացրինք, սառեցին ինչ-որ ու հիմա պարզապես թվերն են բարձրացնում։ Ես ասում եմ՝ տուրիզմի հետ կապված էկոնոմիկայի նախարարությունը եւ իրենց ենթակայության տակ գտնվող Տուրիզմի կոմիտեն։ Ամբողջ ուժով գովազդել ռուսական տուրիզմը, որովհետեւ էդ մարդիկ էլ գնալու տեղ չունեն եւ մեծ հաճույքով կգան ապրիլ, մայիս, հունիս ամիսները Հայաստանում անցկացնելու։ Մարտ ամսվա տվյալներով՝ Ծաղկաձորում չեղարկումները ՌԴ-ից հասնում են 100 տոկոսի։ Այս կառավարությունը ցույց է տալիս, որ իրենց ոչ մի բան, բացի իրենց քաղաքական իշխանության հարատեւությունից, հետաքրքիր չէ։ Իրենք ոնց տանուլ տվեցին Արցախը, այդպես էլ տանուլ կտան տնտեսությունը, ինչ է թե մնան իշխանության։ Իրենց իշխանությունը, իրենք թքած ունեն թե՛ տնտեսության, թե՛ տնտեսվարողի վրա։ Չենք լինի մենք, կլինեն ուրիշները։ Սա շատ վտանգավոր վիճակ է, եւ սա ենք զգուշացնում, որ այլեւս մի փորձեք էս ճանապարհով գնալ։ Քերոբյան Վահանը նախարար չէ, չի դառնա, ինչքան էլ իր այդ ռոմանտիկ, ես դեռ փափուկ եմ ասում, ելույթներն ունենա։ Ինքը խորը պոպուլիստ է։ Արհամարհելով տնտեսական անկման թվերը՝ ինքն ինչ-որ պայծառ ապագայից է խոսում։

- Ամենածանր հարվածը ստացավ տուրիզմը։ Եթե համեմատության մեջ դնենք ռեստորանային բիզնեսը, ապա դուք ի՞նչ վիճակում եք, որովհետեւ սրճարաններն ու ռեստորանները սահմանափակումներով, բայց աշխատում էին։ Հաշվե՞լ եք, թե որքան են ձեր ընդհանուր վնասները։

- Եթե տուրիզմը, միջոցառումներն ու ռեստորանային բիզնեսը, ավելի ճիշտ՝ հանրային սննդի սպառումն ընդհանուր 800-900 միլիոն դոլարի շրջանառություն ունեին, ապա մենք անցած տարի արել ենք դրա 30 տոկոսը։ Ճիշտ պատկերացնելու համար, այսպես ասեմ՝ ոլորտը երկու երրորդով սեղմվել է։ Անցած տարի բիզնեսմենների ահռելի մասը, եթե ոչ բոլորը, պարզապես սեփական գրպանից ֆինանսավորել են իրենց բիզնեսները։ Թույլ չեն տվել, որ աշխատողներն անգործ, սոված մնան, տուն գնան։ Իհարկե, փակվել են։ 100-ից ավելի ռեստորան է փակվել։ Մոտավորապես 1000-ը ժամանակավորապես էին փակվել, 100-ը՝ ընդհանրապես։

- Իսկ գյուղական տուրի՞զմը։

- Դա ընդհանրապես մոռացեք։ Գինու տուրիզմ կար, էս-էն, էդ ամեն ինչը մոռացանք։ Դրանց ուշադրություն դարձնող չկա։ Հիմա՝ հունիսին նշանակված են գինու օրեր։ Մեր հաշվարկով՝ այդ օրերին մինչեւ 50 հազար տուրիստ է հնարավոր բերել Հայաստան։ Բայց մենք տեսնում ենք, որ էս մարդկանց ընդհանրապես դա չի հետաքրքրում։

- Բայց նախկինում հետաքրքրում էր, գնում էր Սարյան՝ գինի խմելու, կողմնակիցներին էլ կանչում էր։

-  Իր ընկերոջ ռեստորանն է, այնտեղ էր գնում։ Վլադիմիր ինչյան էր, իրենց հավաքատեղին է, ՀՀՇ-ի գրասենյակն է։ Ինքն էդ կուլտուրան չունի։ Ի վերջո, հիշենք՝ ում մասին ենք խոսում։

- Այսինքն, այդ ուղղությունները՝ Տաթեւ, Սյունիք, կարելի է մոռանա՞լ՝ այս վիճակով պայմանավորված։

- Ես չգիտեմ՝ ինչ են անելու հետագայում, բայց այս պահին ես չգիտեմ ինչերից են խոսում։ Տասնապատիկ աճ, «խելոք գոմեր»։ Մարդիկ ասում են՝ անասուններին չենք կարողանում արածացնել, որովհետեւ էն կողմից Ադրբեջանի սնայպերն ա, ասում ա՝ մենք «խելոք գոմ» կհորինենք, որ կովերը դուրս չգան գոմերից։ Քերոբյան ջան, եղբայր, ո՞ւմ եք ձեռ առնում։ Սա կատակ չէ, սա ձեռառնոցի է։ Գյուղացուն ձեռ է առնում։ Մենք անասունի մի նորմալ ցեղատեսակ չունենք, մսատու, որ լավ միս տա, ինքը «խելոք գոմերից» է խոսում։ Ո՞ր մի ներդրողն է․․․ ո՞ւմ փողերով ես դա անելու։ Հավի ձվի շուկայից առանց հասկանալու կոչ է անում 170 միլիոն դոլարի ներդրում անել։ Ու պարզապես մասնագետները սոցիալական ցանցերում ծաղրի առարկա դարձրին իր բոբիկությունը։