Չորս տարվա ընթացքում հաստատուն քայլերով դեպի սուգ ենք գնում

Չորս տարվա ընթացքում հաստատուն քայլերով դեպի սուգ ենք գնում

Վաղը` Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ միջոցառումներ տեղի չեն ունենա: Իշխանությունը որոշել է այս տարի չեղարկել բոլոր տոնական միջոցառումները եւ Անկախության տոնը վերածել սգո արարողության` իշխանավորները մութուլուսին կայցելեն Եռաբլուր, սելֆի կանեն, կհրահանգեն արգելել լրագրողների մուտքը, որդեկորույս ծնողների պարսավանքին կարժանանան, կմեղադրեն նախկիններին ու տուն կգնան: Տպավորություն է, թե այս իշխանություններն իրենց առջև նպատակ են դրել մեր բոլոր տոները սգի վերածել: Մենք զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստ, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ, ով տարիներ շարունակ Անկախության օրվա համերգներին է մասնակցել: Երգչուհու պնդմամբ` Հայաստանի գործող իշխանությունները ապականել են Անկախության օրն ու այն վերածել սգի:

«Նրանք յուրաքանչյուր արժանապատիվ ու խոհեմ հայի համար տարվա բոլոր օրերն են սգի վերածել: Ու սա ո՛չ միայն իրենց ցանկություն է, այլև այդ անհայրենիքները փառահեղ իրագործեցին իրենց առջև դրված երկրակործան ծրագիրը ւ ցավով եմ ասում, նոյն սառնասրտությամբ շարունակում են: Չկա մի ամբողջ սերունդ, իսկ կորուստներն ավաղ շարունակական են: Անկախությունը գնահատող մարդն ամեն պարագայում այդ տոնը պետք է նշի, անգամ տղերքն են այդ տոնը դիրքերում մշտապես նշել ու նշում։ Հավելեմ, որպես հայրենիքիս անկախանալու բոլոր գործնթացների վկան ու ինչ-որ չափով գործող մասնիկ, կայացող ինստիտուտների, հայոց բանակի ու մնացյալ ոլորտների ականատեսը լինելով,  ինձ  համար այսօր չափազանց դժվար է, տեսնելով հայրենիքիս կործանումն ու սարսափելի ողբերգություն ապրելով ակնհայտից, պատասխանել այս հարցերին, զրուցել իմ մի բուռ դավաճանված հայրենիքի մասին»,- ասում է նա: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե երգչուհին ի՞նչ է մտածում Հայաստանի գործող իշխանությունների կազմակերպած միջոցառումների մասին առհասարակ: Նախորդ տարի Անկախության 30 ամյակին ելույթ ունեցավ ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոն:

«Գիտե՞ք, ես սովորություն չունեմ ինձ հետ նույն ոլորտում աշխատող մարդկանց մասին կարծիք բարձրաձայնել։ Եթե Սպիտակցի Հայկոն է երգում Անկախության օրը, դա էլ այս իշխանությունների նախընտրությունն է: Ամեն մարդ իր լսարանն ունի, փաստորեն Սպիտակցի Հայկոյի լսարանը նաև  այսօրվա իշխանություններն են: Ուրախ եմ Հայկոյի համար, հավանաբար լիքը պատվերներ  կունենա այս ապիկարներից»: Պատերազմի վտանգը Հայաստանի գլխից կախված է արդեն չորս տարի շարունակ. «ես չորս տարի առաջ էի ասում ՈՉ սրանց ու այսօրվա համար էի ասում» ասաց երգչուհին: Նրա պնդմամբ` վերջին չորս տարվա ընթացքում առհասարակ Անկախության տոնը չի նշվել. «Միայն համերգով չէ, Մշակույթի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, բոլորը նշում էին անկախության տոնը, առավոտից Երևանը տոնական էր, շքեղ , Հայոց Բանակի շքերթը հպարտության առիթ, հետո նոր վերջում համերգ էր լինում, իսկ վերջին չորս տարիների ընթացքում հաստատուն քայլերով դեպի սուգ գնացինք», - ասաց տիկին Պետրոսյանը:

Մենք նաև հարց ուղղեցինք վերջինիս, թե նման դժվարին պայմաններում ինչպե՞ս է պետք նշել Անկախության տոնը, երգչուհին ասաց. «Մենք ընկերներով նշելու ենք անկախությանը տոնը, անկախության խորհուրդն ու արժեքը գիտեցողը, վստա՛հ եղեք, նշելու է: Վտանգված Անկախության մասին խոսելն առհասարակ շատ դժվար է: Պիտի սիրտ ու հոգի անջատես ու փորձես սառը պատասխանել Անկախությանը վերաբերող հարցերին», - եզրափակեց մեր զրուցակիցը: