Մանուկ Սուքիասյանը՝ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին

Մանուկ Սուքիասյանը՝ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին

Այսօր տեղի ունեցավ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը հիմնադրել է «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ Մանուկ Սուքիասյանը, նա նաև գործարարությամբ է զբաղվում, նրան է պատկանում Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Յանկի» փաբը։ Մենք Սուքիասյանից փորձեցինք պարզել՝ արդյոք մասնակցելո՞ւ է սպասվող ընտրություններին․

«Կուսակցությունը նոր ստեղծվեց, այս պահին ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում չունենք»,- պատասխանեց Սուքիասյանը։

- Այդ դեպքում այն ծրագրերը, գաղափարները, որոնք Դուք համագումարի ընթացքում հնչեցրիք, ինչպե՞ս եք պատրաստվում իրականություն դարձնել, եթե ոչ ընտրությունների միջոցով։

- Ես չհերքեցի ընտրություններին մասնակցելու հավանականությունը, պարզապես «քանի երեխան չի ծնվում, անուն չեն որոշում», կուսակցությունը նոր է ստեղծվել, և դրա հետ կապված որոշում չունենք, բայց, կարծում եմ, անմիջապես անդրադառնալու ենք, որովհետև ընտրական պրոցեսները թակում են մեր դուռը, և եթե ոչ ընտրություններին մասնակցել, ապա ի՞նչ։

- Դուք Ձեր ելույթում նշեցիք, որ Ռոբերտ Քոչարյանը հավակնում է դառնալ ընդդիմության բևեռի առաջնորդ, Դուք իր հետ պատրաստվո՞ւմ եք համագործակցել, դաշինք կազմել։

-  Ես այս պահին համագործակցությունների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ցանկացած նման բախտորոշ որոշում  ընդունելու է քաղաքական խորհուրդը, գուցեև քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ լինի։ Այդ ամենին միայն Փաշինյանի հրաժարականից հետո կարելի է անդրադառնալ, որովհետև, այդուհանդերձ, կա հավանականություն, որ ինքը վերջին պահին կփորձի փոխել իր մտադրությունները, սա ասում եմ՝ անձամբ իրեն ճանաչելով։ Մենք օլիմպիական սկզբունքով չենք մասնակցելու ընտրություններին, իսկ ամենակարևորը մեզ համար ազդեցություն ձեռք բերելն է՝ սկսած նախընտրական ծրագիր, երկրի ապագայի մասին տեսլական, մինչև քաղաքական այլ սուբյեկտների հետ հնարավոր համագործակցության ճանապարհին պայմանավորվածություններ և ապագայի հետ կապված ընդհանուր պատկերացումներ։ Դրանք առավել կարևոր են, քան պարզապես ինքնանպատակ համաձայնությունները։ 

- Ձեր կուսակցության անունը՝ «Ինտելեկտուալ Հայաստան», շատ հավակնոտ է, ովքե՞ր են ձեր կուսակցության քաղաքական դեմքերը, ինտելեկտուալները։

- Մեր կուսակցության հիմնադիրներն են մարդիկ, որոնց գործունեությունը սերտորեն կապ ունի ինտելեկտի հետ՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստի, մշակույթի մարդիկ, որոնք իրենց անցած ճանապարհով արդեն իսկ որոշակի ձեռագիր են ստեղծել և քաղաքականություն մտնելով հացի խնդիր չեն լուծում։ Դրանք մարդիկ են, որոնք որոշակի ինքնաբավության մակարդակի են հասել, և այժմ արդեն կարող են հայտ ներկայացնել՝ համընդհանուր պատասխանատվություն ստանձնելու՝ երկրին վերաբերող խնդիրների հետ կապված։

- Դուք նաև գործարարությամբ եք զբաղվում, հիմա թողնելո՞ւ եք դա։

- Կդժվարանամ պնդել, որ ամբողջովին կթողնեմ, բայց որ առավելապես քաղաքականությունն է առաջիկայում զբաղեցնելու իմ ժամանակը, դրանում կարող եք չկասկածել։