Արհավիրքների սպասումով
Երբ տարիներ առաջ ասված ամենաչարագուշակ կանխատեսումները սկսում են իրականություն դառնալ, այլեւս դժվար է լավատես լինելն ու իրադարձությունների` մեզ համար շահեկան զարգացումներին հավատալը: 21-րդ քաղաքակիրթ դարում ինչ ասես տեսանք` է՛լ ցեղասպանություն ու բնիկ ազգաբնակչության` իր հազարամյա հայրենիքից վտարում, է՛լ պետությունների մասնատում ու վերացում, է՛լ երկարատեւ ու արյունահեղ պատերազմներ եղբայրական ժողովուրդների միջեւ, է՛լ ռազմագերիներ: Եթե մոլորակի որոշ հատվածներում այս ամենին հետեւում են էկրաններից` որպես ուշագրավ էքշըններ, մեր` հայերիս բախտն այդ առումով չի բերել. մենք միշտ կիզակետում ենք` ամենից շատ տուժածների շարքում: Թեեւ այստեղ միայն բախտի խնդիրը չէ, իհարկե, այլ նաեւ խելքի ու շնորհքի, ճիշտ, խելացի ու ճկուն իշխանություն ձեւավորել կարողանալու, ապաշնորհ իշխանություններին ժամանակին փոխելու կամ գոնե նրանց սխալների ուղղում պարտադրելու, ինչը մենք ակնհայտորեն չենք կարողանում անել:
Չենք կարողանում բացատրել մեր երկիրը ղեկավարող անձանց, որ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, խնդիրները հօգուտ իր պետության լուծելու կարողություն, այլ ոչ թե տարբեր ընդունելությունների եւ միջազգային շքեղ միջոցառումների մասնակցություն, կառավարական ամառանոցներում ապրել, Մակրոնի ու Թրամփի հետ լուսանկարվել: Որ իրենք ոչ թե պետք է մարդկանց խաբելով` իշխանությունն ամեն գնով պահեն, այլ այս պետությունը պետք է վտանգներից զերծ պահեն: Այնպիսի քաղաքականություն վարեն, որ երկիրը չդառնա հրոսակների ոտքի կոխան, չդառնա խաղալիք` հզորների եւ անգամ մանրերի ձեռքում: Որ ով տեղից վեր կենա, մատ թափ չտա եւ հող չուզի մեզնից: Որ իմանան` այս պետության նկատմամբ ոտնձգությունները չեն կարողանալու մարսել:
Կարծիքներ