Փոփոխություններ հերթական եւ կամավոր ատեստավորման համակարգում

Փոփոխություններ հերթական եւ կամավոր ատեստավորման համակարգում

«Հանրակրթության մասին» օրենքը փոփոխության է ենթարկվել, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը: Երեւանում անցկացված օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ա. Սվաջյանը նշեց, որ այն, ինչ ներկայացնում են, դեռ գաղափարներ են, իրավական ակտերի մեծ փաթեթ են պատրաստում, որոնք նաեւ հանրային քննարկման կդրվեն:

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է աշխատանքներ իրականացնել՝ հանրապետության բոլոր դպրոցները նախարարության ենթակայության տակ բերելու ուղղությամբ: Սա, ըստ փոխնախարարի, արագ չի արվելու, նախատեսվում է կյանքի կոչել 2026-ի սեպտեմբերից ոչ շուտ․ «Գուցե՝ ավելի ուշ, բայց ոչ շուտ: Մենք շուրջ 2 տարի պետք է աշխատենք եւ նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք, որպեսզի համակարգը ցնցումների չենթարկենք»: 

Սվաջյանի խոսքով, «Հանրակր-թության մասին» օրենքի մյուս հիմնական բաղադրիչներից մեկը վերաբերում է ատեստավորմանը․ «Մենք կամավոր ատեստավորման կարգով 2-րդ անգամ չատեստավորվելու դեպքում պետք է աշխատանքային պայմանագրերը խզեինք այդ ուսուցիչների հետ։ Անցյալ տարի չկարողացանք դա անել, որովհետեւ «Հանրակրթության մասին» օրենքում գրված էր՝ հերթական եւ կամավոր ատեստավորումը չհաղթահարելու դեպքում, իսկ հերթական ատեստավորումը, գիտեք, իրենից ներկայացնում էր ավելի շատ մեխանիկական, ավտոմատ գործընթաց։ Հիմա առանձնացրել ենք դա օրենքում, եւ կամավոր ատեստավորման դեպքում, եթե 2-րդ տարին չեն հաղթահարում, ապա պետք է դադարեցվի աշխատանքային պայմանագիրը։ Սրա հետ կապված մի մտահոգություն կա, որը, վստահ եմ, բոլորին անհանգստացնում է․ կամավորին գալիս են հիմնականում այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ ուժեղ են։ Մենք ունենք բավականին թույլ ուսուցիչներ, որոնք չեն գալիս կամավորին։ Այս հարցն էլ ենք փորձել լուծել՝ հերթական ատեստավորման ժամանակ առարկայական գիտելիքի իմացության կարիք նշելով, եւ հուսով եմ, որ մենք մի քանի տարվա ընթացքում դպրոցներում այլեւս չենք ունենա ուսուցիչներ, ովքեր իրենց առարկան չեն իմանա։ Ցավոք, մենք դպրոցներում ունենք ուսուցիչներ, ովքեր օտար լեզու են դասավանդում, բայց մեկ բառ այդ օտար լեզվով չգիտեն, կամ բնագիտական առարկաներ են դասավանդում՝ չպատկերացնելով իրենց առարկան։ Բնականաբար, այդ ուսուցիչներից արդյունք ակնկալել մենք չենք կարող»։

Ինչ վերաբերում է հերթական ատեստավորմանը, ապա հերթական ատեստավորման համակարգն էլ է ամբողջությամբ փոխվում։ «Այս տարվանից կարիքի գնահատումներ իրականացվեցին, եւ վերապատրաստման նոր համակարգ է ներդրվում, բայց ատեստավորումը հետեւյալ կերպ է իրականացվելու՝ նախ, կենտրոնացված ձեւով ենք իրականացնելու․ կհայտարարվի, օրինակ, 2-րդ մոդուլի գիտելիքների ստուգման օր, բոլոր այն մարդիկ, ովքեր տարբեր կազմակերպություններում վերապատրաստվել են, կարող են մոտենալ քննական կենտրոններ՝ իրենց մակարդակին համապատասխան թեստը լրացնելու, եւ արդյունքները գրանցելու դեպքում տեղեկատվական համակարգում անմիջապես դա կարտացոլվի։ Նաեւ ուզում եմ նշել, որ, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերից մենք ունենալու ենք ամբողջական տեղեկատվական համակարգ՝ ուսուցիչների կարողունակությունների զարգացման վերաբերյալ, այսինքն՝ յուրաքանչյուր ուսուցիչ իր պրոֆիլում տեսնելու է, թե, օրինակ, քանի մոդուլից քանիսն է, որը՝ որ կազմակերպությանն է ընտրել, որն է ատեստավորվել, կամավոր ատեստավորման այս կամ այն տարիներին ինչքան միավոր է գրանցել։ Սա մեզ համար շատ կարեւոր տեղեկատվություն է, որպեսզի մենք կարողանանք ուսուցչի մասնագիտական շարժին հետեւել, տնօրենները նույնպես կարող են այս ամբողջին հետեւել, ինչը կօգնի համակարգն ավելի ամբողջական դարձնելուն»,- նշեց Ա․ Սվաջյանն ու հավելեց, որ հերթական ատեստավորման մասով արդեն երաշխավորվել են կազմակերպությունները։

Այս տարի հերթական ատեստավորմանը գրանցվել է 5 հազար 494 ուսուցիչ, որոնցից 3 հազար 919-ը՝ 2-րդ մակարդակում, 1579-ը՝ 3-րդ եւ 4-րդ մակարդակներում։ Երեւանում՝ 2-րդ մակարդակում՝ 942, 3-րդ եւ 4-րդ մակարդակներում 478 ուսուցիչ է գրանցվել։ «Այս մակարդակները պայմանական են մի քիչ, որովհետեւ յուրաքանչյուր մոդուլով է մակարդակը որոշվում, բայց որպեսզի մենք շրջափուլը որոշենք, նայել ենք, թե որ մակարդակն է գերակշռում, եւ ըստ դրա որոշվել է, թե ուսուցիչը քանի տարվա մեջ պետք է անցնի, եւ այն պատկերը, որ մենք ունեինք, երբ 110 ժամը մեկ ամսվա մեջ շնչակտուր անցնում էին, այսուհետ ուսուցիչն ամեն տարի կարող է որոշել, թե քանի կրեդիտ է ուզում ստանալ, որ թեման է ուզում ուսումնասիրել, մի մոդուլը մի տեղ վերապատրաստվի, մի մոդուլը՝ մեկ այլ տեղ»։
Ուսուցչի մրցույթի հետ կապված, ԿԳՄՍ փոխնախարարը մի առանձնահատկություն մատնանշեց․ «Ուսուցիչը դիմումի մեջ պետք է նշի՝ արդյոք մասնակցե՞լ է կամավոր ատեստավորմանը, թե՞ ոչ։ Եվ եթե դուք կասկած ունեք, որ այդ ուսուցիչը չի հաղթահարել կամավոր ատեստավորումը, կարող եք հարցում անել ԿԳՄՍՆ-ին, ԿՏԱԿ-ին՝ մենք ձեզ կտանք տեղեկատվություն, որպեսզի որոշում կայացնեք՝ արդյոք այդ ուսուցչին ուզո՞ւմ եք վերցնել աշխատանքի, թե՞ ոչ»։
Անդրադառնալով միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին՝ փոխնախարարը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր կամավոր ատեստավորումը հաղթահարել են, հանգիստ կարող են մասնակցել բոլոր մրցույթներին։

«Ո՛չ ժամանակային, ո՛չ դպրոցի սահմանափակում չունենք»,- ասաց Սվաջյանն ու հավելեց, որ նախարարությունը հիմա միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների համար 2 ծագիր է իրականացնում․ մեկով իրենք կարող են վերապատրաստվել եւ մասնակցել կամավոր ատեստավորմանը, իսկ մյուսով՝ պետբյուջեի աջակցությամբ, կարող են ստանալ բարձրագույն կրթություն։ Այս պահին 46 ուսուցիչ դիմել է, որպեսզի բարձրագույն կրթություն ստանա։  
Այս տարի կամավոր ատեստավորմանը ուսուցիչների 3 խումբ է մասնակցելու․ ուսուցիչներ, ովքեր իրենց ցանկությամբ են գալիս կամավոր ատեստավորմանը, ուսուցիչներ, ովքեր նախորդ տարիներին չեն հաղթահարել կամավոր ատեստավորումը, եւ կամ․ «Ուսուցիչներ, որոնց դեպքում հերթական ատեստավորման ժամանակ նշվել է որպես առարկայական գիտելիքի իմացության խնդիր ունեցող ուսուցիչ։ Վերջին 2 խմբերի վերապատրաստումներն արդեն մեկնարկում են, բուհերը հայտարարությունները դրել են, վերապատրաստումները մինչեւ հոկտեմբերի 20-ը կավարտվեն, այս տարի նոյեմբերին ենք պատրաստվում կամավոր ատեստավորումն իրականացնել, քանի որ էլեկտրոնային ենք անելու։ Ուսուցիչները շատ հաճախ ձեւաթուղթը լրացնելիս մի կես ժամ կորցնում էին պատասխաններն անցկացնելու վրա։ Հիմա կունենանք պարզ համակարգ, կլինի հարցը՝ ուսուցիչը կընտրի ճիշտ պատասխանը, իհարկե՝ կլինեն նաեւ թուղթ, գրիչ, բայց կանցկացվի էլեկտրոնային ձեւաչափով։ Եթե լինեն ուսուցիչներ, ովքեր համակարգչից օգտվելու հմտություններ չեն ունենա, տեղում կլինեն մարդիկ, ովքեր կմոտենան, կօգնեն նրանց»։