Ֆեյսբուքյան կառավարում

Ֆեյսբուքյան կառավարում

Ձեզ թվում է՝ այս երկիրը կառավարում է Նիկոլ Փաշինյա՞նը, «Քաղպայմանագիր» կուսակցությո՞ւնը, գործող կառավարությո՞ւնը, Ազգային ժողո՞վը։ Ոչ, դուք չարաչար սխալվում եք, եթե այդպես եք մտածում։ Մեր երկիրը կառավարում է Ֆեյսբուքը։ Եթե ուշադիր եք եղել, ապա նկատած կլինեք, որ գործող իշխանության քայլերը մեկին մեկ պայմանավորված են ֆեյսբուքյան աղմուկով ու արձագանքներով։ Ֆեյսբուքյան ակտիվիստների արձագանքներն իշխանական քայլերի ու գործողությունների հիմնական կողմնորոշիչն են։ Երկօրյա արձագանքը՝ կոմունալ վարձերի հետ կապված որոշմանը, բավարար էր, որ կառավարությունը փոխեր իր որոշումը։ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ աղմո՞ւկ կա՝ անմիջապես հետաձգվում են կոնվենցիայի ընդունման ժամկետները։ Մարտի 1-ի ցույցը ֆեյսբուքյան ակտիվը քննադատո՞ւմ է, արագ որոշում են չեղարկել այն։ Որոշել են Ամուլսարի հանքը բացել, ֆեյսբուքյան բնապահպանները դե՞մ են՝ ոչ մի խնդիր, կարող են հրաժարվել իրենց մտադրությունից։ Հազարավոր այսպիսի օրինակներ կարող ենք հիշել։ Իհարկե, վատ չէր լինի, եթե իշխանությունն անսար հանրային պահանջներին եւ լսեր մարդկանց կարծիքը, սակայն ֆեյսբուքյան ակտիվը դեռ հանրությունը չէ։ Ավելին՝ հաճախ հանրության կեղծ, աղավաղված պատկերն է, քանզի այժմ ֆեյսբուքյան մանիպուլյատորների մի հսկա խավ է գոյացել, որոնք հասկացել են, թե ինչ ուժ է Մարկ Ցուկերբերգն իրենց ձեռքը տվել։ Հասկացել են, որ երբեմն բնական, իսկ ավելի հաճախ արհեստական աղմուկով ու ֆեյսբուքյան արշավներով կարելի է կառավարել Ֆեյսբուքից կախված այս իշխանություններին, որոնք հեղափոխության ժամանակ լիուլի օգտագործեցին այդ գործիքը եւ հիմա իրենք են կախված ու կառչած այդ գործիքից։ Եվ ովքեր դա հասկացել են, հմտորեն կառավարում են նրանց ու թելադրում իրենց կամքը։