Դեմագոգիայից անդին

Դեմագոգիայից անդին

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, վարչապետ Փաշինյանի հարցազրույցից մեջբերով, որ «ստատուս-քվոն երբ ձեւավորվել է, Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքները վերցրել են վերահսկողության տակ, նրանք դա արել են, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն, որպեսզի դառնան անհասանելի։ Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձեւակերպվի, եւ հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի է, թե ոչ», -հարցում է անում. «Արդյո՞ք այս մտքից հետեւում է, որ խնդրո առարկա տարածքները Ձեր համար ընդամենը անվտանգության գոտի են, եւ Դուք պատրաստ եք նրանցից հրաժարվել, եթե Ձեզ «անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիք» առաջարկվի»: 

Նախ, վարչապետը չի ասել, թե ինքը կընդունի կամ կմերժի «անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի» առաջարկը: Միտքը ձեւակերպված է հստակ՝ եթե միջազգային միջնորդությունն ունի Արցախի անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի առաջարկ, ապա թող ձեւակերպի եւ ներկայացնի, իսկ ընդունելի է դա, թե ոչ՝ կորոշի հայ ժողովուրդը: Ոչ թե միայն արցախահայությունը կամ նրա ընտրած իշխանությունը, այլ՝ հայ ժողովուրդը: Երկրորդ, ասվածի դիվանագիտական ենթատեքստն այն է, որ միջնորդները չեն կարող Արցախի անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիք առաջարկել, քանի որ այդպսին պարզապես գոյություն չունի:

Ոչ մի երաշխիք չի կարող համարժեք լինել անվտանգության այն համակարգին, որ ձեւավորվել է Ադրբեջանի զինված ագրեսիան կասեցնելու եւ դրա հավանականությունը հնարավորինս հեռացնելու արդյունքում: Ավելի պարզ ասած, վարչապետ Փաշինյանը ստատուս-քվոն սահմանում է որպես Արցախի անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը: Սա է նրա հիմնական ուղերձը միջնորդներին եւ Ադրբեջանին, որտեղ, ի դեպ, հենց այդպես էլ հասկացել եւ եզրահանգման են եկել, որ «Հայաստանի վարչապետը վիժեցնում է կարգավորման բանակցությունները»:

Այդպես է, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Բայց մեզանում, չգիտես ինչու, որոշակի ուժեր եւ շրջանակներ չափազանց շտապում են եւ գրեթե պարտադրում, որ ԼՂ հարցում Փաշինյանն ասի իր «վերջին խոսքը»: 1998թ. իշխանափոխություն իրականացրածները խոստանում էին հարցը լուծել 8000 քառակուսի կիլոմետր տարածքով եւ 300 000 բնակչությամբ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման  տարբերակով: 20 տարի իշխանավարելուց հետո նրանք ժառանգություն թողեցին «նորացված մադրիդյան սկզբունքների» հիման վրա Ռուսաստանի մշակած մի տարբերակ, որը ենթադրում է 7 շրջանների վերադարձ, Լաչինի միջանցք, Հայաստանի ապաշրջափակում, ԼՂ միջանկյալ կարգավիճակ եւ վերջնական կարգավիճակի հարցով հետագա բանակցություններ: Ինչ որ չեմ հիշում, որ 20 տարում մեկը Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին հրապարակային հարցադրում աներ. «Ի՞նչ եղավ Ձեր խոստացած 8000 քառակուսի կիլոմետր տարածքով եւ  300․000 բնակչությամբ միջազգային ճանաչման արժանացած ԼՂՀ-ն»: