Ալիևը խաղաղության է ձգտում. Ադրբեջանի փոխվարչապետը՝ Իրանի նախագահին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին, տեղեկանում ենք Իրանի նախագահի պաշտոնական կայքից։
Հանդիպման ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նա նշել է պատմամշակութային կապերը՝ ասելով Մուստաֆաևին. «Դուք մեր եղբայրներն եք, և մեր պետությունների միջև հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի մեզ համար»։
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ այլ երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին չի համապատասխանում ռեգիոնի պետությունների շահերին. «Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ապահովել մեր անվտանգությունը և լուծել հարակից խնդիրները։ Սա Իրանի կառավարության հիմնարար քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»։
«Մենք ողջունում ենք մեր երկրների միջև երկաթուղային և ճանապարհային երթուղիների ստեղծումը և ցանկանում ենք շարունակել և ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում»։
Իր հերթին, Շահին Մուստաֆաևը հայտնել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու Իրանի հետ հարաբերություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տնտեսությունը, առևտուրը, էներգետիկան, մշակույթը, տարանցումը և ենթակառուցվածքները։ Մուստաֆաևը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձգտում է ամրապնդել և կայունացնել խաղաղությունը տարածաշրջանում։
Բացի այդ, նա Փեզեշքիանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29 համաժողովին։
Կարծիքներ