Ստացվում է, որ եթե մենք ուզում ենք աշխատել`պահելու մեր ընտանիքները, ուրեմն հակահեղափոխականներ ենք․ բաց նամակ Փաշինյանին

Ստացվում է, որ եթե մենք ուզում ենք աշխատել`պահելու մեր ընտանիքները, ուրեմն  հակահեղափոխականներ ենք․ բաց նամակ Փաշինյանին

Մոտ մեկ շաբաթ առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, միջոցառումների կազմակերպիչներն ու հանդիսավարները: Նրանց պահանջն էր աշխատելու թույլտվություն ստանալ: «Եթե մյուս ոլորտներից սահմանափակումները հանվել են, ապա մեր ոլորտն էլ չպետք է բացառություն լինի»,- պնդում էին բողոքի ակցիայի մասնակիցները:

Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները հիմա էլ բաց նամակով դիմում են վարչապետ Փաշինյանին։

«Ստացվում է այնպես, որ եթե մենք ուզում ենք աշխատել` պահելու մեր ընտանիքները, ուրեմն մենք հակահեղափոխականներ ենք

Բաց նամակ ՀՀ Վարչապետ պրն Նիկոլ Փաշինյանին ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներից։

Հարգելի պարոն Վարչապետ, Ձեզ են դիմում մինչև 50.000 հոգուց բաղկացած բնագավառի(ռեստորանային բիզնեսի)աշխատողները: Մենք բաց նամակ էինք ուղղել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տ.Ավինյանին` մեր բնագավառի սահմանափակումները վերանայելու խնդրանքով և հնարավորություն տալ մեզ վաստակել մեր օրվա հացը:

Այնուհետ տեղի ունեցավ մեր բնագավառի շահառուների ինքնաբուխ հավաքը, որին հետևեց հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ: Նրանց հետ եկանք մի հայտարարի, որ ներկայացնենք նամակ, որտեղ պետք է մանրամասն նշենք, թե ինչպես ենք պատրաստվում աշխատել` պահպանելով սահմանված կանոնները: Ուղարկել ենք տվյալ նամակը ու մինչ այսօր չենք ստացել ոչ մի պատասխան, որը շատ վիրավորական է, ավելին՝ լսում ենք միայն քննադատություններ:Ստացվում է այնպես, որ եթե մենք ուզում ենք աշխատել` պահելու մեր ընտանիքները, ուրեմն մենք հակահեղափոխականներ ենք°: Հուսով ենք, որ մեր նամակն անարձագանք չի մնա, և քայլեր կձեռնարկվեն նաև մեզ մտահոգող հարցին լուծում տալու համար»։