Գյուղերում ճանապարհներին ասֆալտի փոխարեն տուֆ են օգտագործում

Գյուղերում ճանապարհներին ասֆալտի փոխարեն տուֆ են օգտագործում

Անցյալ տարի Լոռու մարզում ճոխ սուբվենցիոն ծրագիր մեկնարկվեց: Գյուղական ճանապարհները, որոնք տարիներ շարունակ անգամ ասֆալտի երես չէին տեսել, սկսեցին պատվել վարդագույն տուֆով: 

Առաջին այսպիսի շինարարությունն անմիջապես հեղափոխությունից հետո արվեց Ջրաշենում: 2018 թվականին 600 մետր ճանապարհ տուֆով շարեցին, 2019-ին՝ 600-700 մետր, իսկ այս տարի էլ 400 մետր են նախատեսել:

Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը գոհ է։ «Որակով է, երկար կօգտագործվի, գնա՝ մի 50-60 տարի կօգտագործվի: Արթիկում դեռ 50-ական թվականներին են տենց բան արել»,- ասում է նա: Մեր տարակուսանքին, թե բա ափսոս չէ՞, բա որ տուֆի պաշարները վերջանա՞ն, բա կարելի՞ է այդքան տուֆ կտրել, որն արժեքավոր շինարարական նյութ է, գցել գետնին, նա հակադարձեց. «Պրծնի-չպրծնի՝ մեզ ձեռ ա տալիս, տուֆն էլ սեփականություն է, չեն տա տուֆ՝ ուրիշ քարով կշարենք: Հայաստանում ի՞նչն ա շատ՝ տուֆն ու քարը»: Բնական ռեսուրսն ափսոս չէ՞: «Ուրիշ ի՞նչ անենք, կարո՞ղ է ռեզին կամ պլաստմասս գցեմ»,- պատասխանեց Ուռուսյանը:  
Գյուղապետին հասկանալ կարելի է: Ի վերջո, նա պարտավոր չէ հոգալ հանրապետության հարստության, տուֆի պաշարների մասին: Բայց ի՞նչ են մտածում պետական այրերը: Ըստ երեւույթին, նրանք էլ են Ուռուսյանի նման ոգեւորված ու նրանից էլ ավելի: Անցյալ տարի Ջրաշենի փորձը նրանք տարածեցին եւս 7 համայնքում: 

Լոռու մարզպետարանի կայքէջում կարդում ենք. «Տուֆ քարի միջոցով ճանապարհի սալարկման հաջողված ծրագիրն ընդօրինակելի դարձավ ոչ միայն մարզի, այլեւ հանրապետության մի շարք այլ համայնքների համար: Այս տարի տուֆ քարով ճանապարհի բարեկարգման ծրագրեր կիրականացնի Լոռու մարզի 7 համայնք. ընդհանուր առմամբ՝ այս մեթոդով կհիմնանորոգվի 6.8 կմ ճանապարհ»:

Տուֆի վրայով կանցնեն-կդառնան Բազում, Մեծավան, Հարթագյուղ, Արեւաշող, Ախթալա, Արջուտ համայնքների բնակիչները: Արջուտում 1700 մետր ճանապարհ է նորոգվելու, ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն դրամը կտրամադրի կառավարությունը, իսկ 19 մլն դրամը՝ Արջուտ համայնքը, 4 մլն դրամ էլ Վանաձորի քաղաքապետարանն է տալու: 
Ըստ Արջուտի համայնքապետ Վարդան Մկրտչյանի, ճանապարհի տակով բազմաթիվ խողովակներ են անցնում, որոնք ասֆալտապատման ժամանակ կարող են վնասվել: «Շատ հին խողովակներ են անցնում գետնի տակով, եթե վթար լինի, տրաքած խողովակներ լինեն, պետք է ասֆալտը քանդես, որ դրանք սարքես: Կարող է նաեւ էդ խողովակները վնասվեն ասֆալտապատման ժամանակ: Իսկ նպատակահարմար գտանք քարով կառուցել, որ անհրաժեշտության դեպքում քարը հանեն, խողովակաշար կարանք հանենք, նորոգենք ու հետո էլի տեղը դնենք»,- «Հրապարակին» ասաց գյուղապետը: Մյուս փաստարկն էլ այն է, որ քարով ճանապարհ պատելը մոտ 30 տոկոսով ավելի էժան է, քան ասֆալտ անելը:  

Հարցին, թե բա ափսոս չէ՞ տուֆը, որ հանեն, կիլոմետրերով փռեն ոտքերի տակ, գյուղապետը պատասխանեց. «Տուֆի պաշարը շատ-շատ ա Հայաստանում, մատչելի է տուֆը, աշխատանքն էլ հեշտ է, տուֆը թեթեւ է: Ուրիշ քարերը կտրելու համար… դրա կտրելու համար գիտե՞ք ինչ սղոցներ են պետք: Հետո՝ քարը բետոնի կաղապարների մեջ է լինելու երկկողմանի, որ չփչանա: Դրա նորոգելն էլ ավելի հեշտ է, քան ասֆալտ փռելը»:  

Տուֆը բավականին արժեքավոր շինանյութ է եւ սպառվող բնական ռեսուրս: Եթե տուֆով ճանապարհ շարելը տարածում ունենա, բոլոր գյուղերն իրար նայելով որոշեն տուֆե ճանապարհներ ունենալ, Հայաստանի ընդերքը կթալանվի: Հիմնավորումը, թե տուֆն ասֆալտից էժան է, չի արդարացնում դրա ընտրությունը: Դա նույնն է, որ Սեւանը մեկ տարում լցնենք Հրազդան կամ անտառները կտրենք, սղոցարան տանենք: Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին, եթե անգամ մեկը տուֆով ցանկապատ էր կառուցում, մեծ տուգանքների էին ենթարկում նրան: Դա համարվում էր անտնտեսվարություն: Իսկ մեր կառավարությունը չի էլ նկատում, թե ինչ վտանգ է սպառնում Հայաստանի վարդագույն հարստությանը, որը մեր բրենդն է: