Մարդիկ լավ են հիշում նրանց իշխանության տարիները

Մարդիկ լավ են հիշում նրանց իշխանության տարիները

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն է:

- Երեկ Ազատության հրապարակում ընդդիմադիրներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում: Հանրահավաքը կայացած համարո՞ւմ եք:

- Շատ կարևոր էր հանրահավաքի նպատակը, իսկ այդ նպատակն ընդամենը հիշեցնելն էր, որ իրենք կան այս երկրում և քաղաքական ասպարեզում ունեն դերակատարում, քանզի ընդդիմությունն ամբողջապես դուրս է մնացել քաղաքական օրակարգից: Հիշեցման նպատակն ուղղված էր նաև արտաքին շահառուներին, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ այդ ամենը լուրջ տեղաշարժի կհանգեցնի:

- 2018-ին հասարակությունը մերժում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն երեկվա հանրահավաքի գլխավոր դեմքը, կարելի է ասել, հենց Սերժ Սարգսյանն էր: Ի՞նչ եք կարծում` հասարակությունը կգնա՞ մի քաղաքական գործչի ետևից, ում ընդամենը չորս տարի առաջ մերժում էր:

- Ակնհայտ է, որ մարդիկ Սերժ Սարգսյանի ետևից չեն գնա, ու, առհասարակ, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջ բերված ցանկացած ծրագիր այս համատեքստում հաջողություն դժվար թե ունենա: Նշեմ, որ նրանց նպատակը հանրության շրջանում օրվա իշխանություններին հեռացնելու օրակարգը գեներացնելը չէ, այլ պարզապես նրանք ցանկանում էին հիշեցնել իրենց մասին: Այն, որ հասարակությունը կարող է գնալ այդ ուժերի հետևից, իրականությունից շատ հեռու է:

- Փաստացի այսօր Հայաստանն օրվա իշխանությունների թեթև ձեռքով հայտնվել է բավականին ծանր կացության մեջ: Ի վերջո` կարծում եք, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանից ավելի վա՞տ տարբերակ են:

- Դասական առումով մենք ընդդիմություն չունենք: Ունենք ընդամենը մի խումբ, որը ցանկանում է գալ իշխանության, զուտ իշխանության գալու համար: Նրանց թեզերն այն մասին են, որ՝ ինչո՞ւ լինեն նրանք իշխանության ղեկին, եթե մենք կարող ենք լինել: Որևէ մեկը չի խոսում, օրինակ, նոյեմբերի 9-ի պայմանագիրը մերժելու մասին, ոչ ոք չի խոսում այն մասին, որ Արցախի անկախությունը ճանաչելու է, հենց այդ պատճառով էլ, ես ասում եմ, որ մենք դասական առումով ընդդիմություն չունենք: Այս իշխանության հիմնական թեզերին ընդդիմությունը չի ընդդիմանում: Փաստացի մենք դա չենք տեսնում: Այն քաղաքական ուժերը, որոնք երեկվա հանրահավաքը կազմակերպել էին, ընդամենը ձգտում են իշխանության գալ: Դատարկ քաղաքական դաշտում չկա հասարակական համախմբվածություն, որը կկարողանա իրական օրակարգ պարտադրել օրվա իշխանությանը:

- Իսկ եթե ընդդիմությունն իշխանությանը հեռացնելու կոնկրետ ծրագիր մշակի, հասարակությունը կվստահի՞ ընդդիմությանը:

- Շատ կարևոր է, թե ինչ ընդդիմության մասին է խոսքը։ Այն ընդդիմությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, անհնար է, չի կարող հանրությանը համախմբել: Մարդիկ լավ են հիշում նրանց իշխանության տարիները:

- Այսինքն` դրանք մերօրյա իրականությունից ավելի՞ վտանգավոր էին:

- Այո, նրանք ավելի վատն էին, քանի որ այն ժամանակ ամեն բան համակարգվում էր համատարած հանցագործ ձևով, իսկ հիմա ամենն արվում է քաոսային անտրամաբանական ձևով: Կարելի է ասել, որ քաոսի մեջ ինչ-որ բան փոխելը հնարավոր է, սակայն համատարած հանցագործության դեմ պայքարելու համար անհրաժեշտ են լինում հեղափոխություններ:

- Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում լռում է: Հնարավո՞ր է հասարակությունը նրա շուրջը համախմբվի, եթե, իհարկե, առաջին նախագահը պայքարի դուրս գա:

- Ես չեմ կարծում, սա էլ իրատեսական չէ: Նախկին բոլոր իշխանություններն իրենց իշխանավարման տարիներին լուրջ խնդիրներ են ստեղծել պետության համար: Մեր պետության, ինքնիշխանության մակարդակի նվազումը հենց 1991-ին է սկսվել: