Թուրքական խարդախամտություն

Թուրքական խարդախամտություն

Ղարաբաղյան շարժման առաջին տարում հայկական մամուլը հրապարակեց Ադրբեջանի Հեղկոմի ներկայացուցիչ Ասադ Կարաեւի նամակը, որով Զանգեզուրի թրքության պարագլուխներին հանձնարարում էր տեղում սպանել մի քանի ռուս զինվորի, մեղքը բարդել հայերի վրա, որպեսզի բոլշեւիկները պատժիչ գործողություններ սկսեն եւ Զանգեզուրը բռնակցեն Ադրբեջանին: Կից ծանոթագրությամբ ասվում էր, որ նամակի բնօրինակը պահվում է արխիվում եւ այն հայկական կողմի տրամադրության տակ հայտնվել է թուրք բանագնացի ձերբակալության ժամանակ՝ Գորիսում:

Ալիեւյան արդեն խունկ շնչող վարչախումբը, որին ավագ եղբայր Թուրքիան զրկել է փաստացի իշխանությունից, ռեանիմացիայի մի հույս ունի՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը: Իսկ ի՞նչ պետք է անել՝ շահելու Վլադիմիր Վլադիմիրիչի սիրտը: Մի բան՝ հայտարարել, որ Հայաստանի իշխանությունը «սորոսական է»: Ասել, որ Հայաստանը «հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների տարածման հենակետ է»: Լալահառաչ ծղրտալ. «Չե՞ք հավատում»: Իսկ որպեսզի Մոսկվայում հավատան (ասես Ռուսաստանը Երեւանում դեսպանատուն չունի, Գյումրիում՝ ռազմակայան, եւ ռուսական հատուկ ծառայությունների բոլոր հայ գործակալները շունչները փչել են)՝ ալիեւյան քարոզչությունն ի՞նչ է անում:

Խաբարովսկում Պուտինի դեմ բողոքի ակցիային ուղարկում է մեկին, որ հայատառ «դուխով»  գրությամբ մայկա է հագնում եւ ցուցարարներին կոչ անում «հետեւել հայերի օրինակին եւ ազատ ապրել»: Ահա այս աստիճան է նվաստացել Իլհամ Ալիեւը: Նույն խարդախամտությունն է: Նույն ձեռագիրը: Հայաստանը պետք է շատ աչալուրջ հսկի ռուսական 102-րդ ռազմաբազան: Մեծ է հավանականությունը, որ թուրքական հատուկ ծառայությունները կարող են սադրանքի գնալ: