«Իմ քայլը»՝ տրոհմա՞ն, թե՞ հասունացման ճանապարհին

«Իմ քայլը»՝ տրոհմա՞ն, թե՞ հասունացման ճանապարհին

«Իմ քայլը» խմբակցությունը երեկ առաջին ճաքը տվեց՝ Էդգար Առաքելյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա միայն նշել է, որ պատճառը ոչ թե քաղաքական է, այլ՝ անձնական․ «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որեւէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարեւորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ․․․ սա անձնական որոշում է՝ դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որեւէ այլ գործընթացի դեմ, թեեւ ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ»: 

 Իհարկե, քչերն են հավատում Էդգար Առաքելյանի նշած պատճառին, հատկապես, որ նա իշխող խմբակցության այն սակավաթիվ պատգամավորներից էր, որը մի շարք հարցերում ուներ սեփական դիրքորոշում ու հաճախ էր դրանք հրապարակայնացնում։ Ամուլսարի հարցում, օրինակ, նա հայտնել էր իր դիրքորոշումը, որը տարբերվում էր Նիկոլ Փաշինյանի մոտեցումից։

Առաքելյանի մոտ մանդատից հրաժարվելու որոշումը հասունացել է խմբակցության վերջին նիստի ընթացքում, երբ այլախոհներին պարզ ասվել է, որ իրենց կարծիքը չի կարող որոշումների վրա ազդեցություն ունենալ՝ մեծամասնությունն է որոշելու՝ ինչ անել եւ ինչպես։ Սակայն այլ՝ առավել կարեւոր հանգամանք կա այս ամենում։ Դեռեւս մեկ տարի առաջ, երբ ձեւավորվում էր «Իմ քայլի» ընտրացուցակը, սրտացավ քննադատություններ ու խորհուրդներ էին հնչում՝ ուղղված երիտասարդ թիմին, որ չի կարելի պետության թիվ մեկ՝ օրենսդիր մարմին գործուղել մարդկանց, որոնք հեղափոխության օրերին քայլել են եւ որոնք չունեն, ինչպես Առաքելյանն է նկատել, քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ հատկանիշներ։ Ասում էին՝ նման կազմով ռումբ եք դնում ոչ միայն պետության, այլեւ հենց ձեր իշխանության տակ, քանի որ ոչ թե քաղաքական ու գաղափարական ընդհանրություն ունեցող մարդկանցից է թիմը ձեւավորվում, այլ հեղափոխականներից։ Եվ այս փաստը թույլ էր տալիս ենթադրել, որ ինչ-որ պահից երեւան են գալու տարաձայնություններ, ոմանք չեն դիմանալու փորձություններին, ու թիմը պառակտվելու է։ Ի դեպ, ոմանք հույս ունեին, որ առաջին 14 օրվա ընթացքում Առաքելյանը կհրաժարվի իր հայտարարությունից, սակայն տեղեկացանք, որ նա մինչեւ վերջ պնդելու է մանդատից հրաժարվելու դիմումը։ Ավելին՝ նրա օրինակին կարող են հետեւել էլի մարդիկ։ Օրինակ, Վարազդատ Կարապետյանի, Սոֆյա Հովսեփյանի, Միքայել Զոլյանի անուններն են շրջանառվում։
Երեկ «այլախոհներից» մի քանիսը մեր զրույցում բացառեցին այլ հրաժարականների հեռանկարը։ «Անհնար եմ համարում նման սցենար»,- վստահեցրեց Մարիա Կարապետյանը՝ չցանկանալով մեկնաբանել Առաքելյանի որոշումը․ «Մենք պետք է Էդգար Առաքելյանի ասածն ընդունենք ի գիտություն»։ «Իմ քայլի» ձեւավորման մասին էլ պատգամավորն ասաց․ «Եթե մեր երկիրը բախտ ունենար անցյալում լինելու ժողովրդավար երկիր, հերթափոխով տարբեր քաղաքական ուժեր կառավարեին, փորձառություն ձեռք բերած լինեին, ապա շատ ավելի ճանաչված կլինեին տարբեր քաղաքական գործչի հավակնություն ունեցող անձինք, բայց քանի որ մենք ապրել ենք կիսաավտորիտար ռեժիմում, այդ անցումը դաշտ է բերել մարդկանց, ովքեր անցյալում հնարավորություն չեն ունեցել մասնակցել երկրի կառավարմանը։ Բայց մենք պետք է, չէ՞, ձեւավորենք քաղաքական գործիչների սերունդներ, առողջ քաղաքական դաշտ, մենք պետք է ունենանք քաղաքական գործիչների կայացման փուլեր»։
Սոֆյա Հովսեփյանը չի կարող հստակ գնահատել՝ Էդգար Առաքելյանի որոշումը պայմանավորված է Ամուլսարի՞ խնդրով, թե՞ իսկապես անձնական որոշում է։ Նա ասում է՝ վերջին շրջանում հիմնականում հայրենի Գյումրիում է եղել եւ տեղյակ չէ՝ ինչ են քննարկել խմբակցության նիստերի ժամանակ։ Բայց համաձայն չէ, թե փոքրամասնության կարծիքն այսուհետ հաշվի չի առնվելու․ «Փորձը ցույց է տալիս, որ փոքրամասնություն համարվող կարծիքը միշտ էլ հաշվի է առնվել՝ թե՛ Ստամբուլյան կոնվենցիայի առումով, թե՛ Ամուլսարի առումով, որ մենք խնդրեցինք փորձագիտական եզրակացություն անցկացնել եւ այլն»։ Ինքը շարունակելու է անկաշկանդ բարձրաձայնել իր կարծիքը, նույնիսկ եթե դա տարբերվի մեծամասնության տեսակետից․ «Ես չեմ գնացել խորհրդարան՝ կաշկանդվելու, միակ իմ շահը ժողովրդի բարեկեցությունն է, իսկ մանդատն ինձ տվել է ժողովուրդը եւ միայն ժողովուրդը կարող է զրկել»։

Իսկ Հովիկ Աղազարյանը, ի տարբերություն գործընկերների, խոստովանում է, որ գործընկերոջ որոշումն անսպասելի է եղել․ «Որ որոշակի խնդիրներ կային Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, այո, կային, յուրաքանչյուրս մեր կարծիքն ունեինք, բայց այնպես չէ, թե երկու հակադիր թեւ էր ձեւավորվել։ Ամենեւին՝ ոչ։ Կար բազմակարծություն, բայց ո՛չ խմբավորում։ Բայց դրանից չէր կարելի ենթադրել, որ որեւէ մեկը մանդատից հրաժարվելու որոշում կկայացնի։ Ես չեմ ուզում նսեմացնել նշածս երկու հարցերը, բայց, ախր, Ամուլսարի հարցն ու Ստամբուլյան կոնվենցիան այն հարցերը չէին, որի վերաբերյալ այլ կարծիք ունենալու պարագայում կարելի է մանդատից հրաժարվել»։ Իսկ մտահոգություն ունի՞, որ մոտ ապագայում թիմում նոր տրոհումներ, նոր ճամբարներ կառաջանան։ «Ես մի առիթով ասել եմ, որ մենք աշնանն ունենալու ենք շատ ուժեղ խորհրդարան եւ խմբակցություն, փորձառությունը ձեռք է բերվում նաեւ աշխատանքի ընթացքում։ Այդ իմաստով ես նկատում եմ, որ մեր թիմն ավելի է հասունացել։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է թիմում միակարծություն լինի։ Ի վերջո, խոսքը 88 հոգու մասին է»։ Աղազարյանը վստահ է, որ «Իմ քայլը» չի տրոհվի․ «Թիմի միջուկը համատեղ ճանապարհ անցած անհատականություններից է բաղկացած, եւ այդ միջուկի շուրջ համախմբվածություն պահպանվելու է»։