Դիմակները հանում ենք միայն երգելու պահին

Դիմակները հանում ենք միայն երգելու պահին

Համավարակի արդյունքում տուժել է թե Օպերային թատրոնը, թե երգիչների ծրագրերը․ «Պլանավորել էինք տարբեր օպերաներում հանդես գալ, պետք է մեկնեինք արտասահման, ես ինքս բազմաթիվ համերգներ էի նախատեսել Շվեդիայում, Պրահայում, Կիեւում, փաստորեն, համավարակով պայմանավորված, կորցրեցի այդ հնարավորությունը»,- ասում է օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանն ու նշում, որ իր պես շատ արտիստներ կորցրեցին նման հնարավորություն։

«Ծանր բան է արտիստի համար կենդանի արվեստը փոխարինել հեռավարով։ Միեւնույն է, ինչքան էլ դու աշխատում ես, բայց այն մարզավիճակը չես կարողանում ապահովել, ինչը բեմից բեմ ես ապահովում։ Հանդիսատեսի հետ շփումը շատ կարեւոր է, որովհետեւ սա կենդանի արվեստ է,- ասում է նա ու նկատում, որ այս ողջ ընթացքում առաջինը մարզավիճակը պահելու խնդրին են բախվել,- Մասնագիտական աճը բեմից բեմ է, ներկայացումից ներկայացում, համերգից համերգ՝ կենդանի ձեւաչափում»։

Երգչուհին ընդգծում է, որ փորձեր արվել ու արվում են, որովհետեւ․ «Եթե ձեռքերդ ծալած նստես ու ասես՝ համավարակ է, միայն կկորցնես այն, ինչ ձեռք ես բերել»։ Այս ընթացքում տասնյակ համերգներ են երգել օնլյան ձեւաչափով՝ թե թատրոնի ճեմասրահում, թե պատշգամբում․ հատվածներ օպերաներից, արիաներ, միջնադարյան երաժշտություն, ռոմանսներ, հիմա նախատեսում են ներկայացնել հատվածներ օպերետներից․ «Ուղղակի օնլյան հարթակում երգելը ու դա համարել համերգ դեռ անսովոր է արտիստի համար ու նաեւ՝ դժվար։ Մի քիչ անսովոր էր այս ամենը․ կանգնած երգում ես ու մարդ չկա քո առջեւ, դեռ մի բան էլ արտիստիկ պետք է երգես։ Իհարկե, նույն ձեւ բոլորն են արել եւ Մետրոպոլիտեն օպերան, եւ Մեծ թատրոնը եւ աշխարհի բոլոր առաջատար օպերային թատրոնները»։

Հիմա թատրոնն աշխատում է նոր օպերաների վրա․ «Մեկը՝ Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերան է, մյուսը՝ Լեոնկավալոյի «Պայացները», հաջորդը Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը»․ «Այսինքն քիչ-քիչ պատրաստվում ենք, որ երբ վերջապես բացվեն թատրոնի դռները, մենք ներկայացնենք նոր օպերաներ, նոր բեմադրություններ»։

Երգչուհին ասում է թատրոնի գեղ․ ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ կապն այս ընթացքում պահել եւ պահում են հեռավար․ «Ինքը մեր ամեն ինչից տեղյակ է, աջակցում է ամեն ձեւով, օգնում է, միասին ենք ծրագրերը կազմում՝ համախմբված ձեւով»,-ասում է նա ու նկատում, որ, այնուամենայնիվ, տեղյակ չեն, թե երբ է պատրաստվում Կ․ Օրբելյանը ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալ։

Իսկ մինչ այդ, թատրոնի ստեղծագործական կազմն ամեն օր գնում է օպերային թատրոն, ջերմաչափվում՝ կարգ ու կանոնի համաձայն, այնուհետեւ անցնում աշխատանքի, փորձերի․ «Բեմին չենք մոտենում, եթե ունենք ծրագրի լսում, դա կազմակերպում ենք մեր մեծ ճեմասրահում, որտեղ հեռավորությունը արտիստների միջեւ ոչ թե 1․5 մետր է, այլ 4-5 մետր։ Երգելու պահին, իհարկե դիմակները հանում ենք, բայց միեւնույն է բոլորս զգուշանում ենք։ Իսկ անհատական պարապմունքներն անցկացնում ենք առանձին դասարաններում՝ սենյակներում, որտեղ 2 հոգուց ավել մարդ չի լինում։ Եթե պետք է փորձերը լսենք, դա պատշգամբում ենք անում։ Երբեք չի եղել, որ 15-30 հոգով մի փոքր լսարանում իրար լսենք, այդ առումով շատ կազմակերպված է աշխատանքը թատրոնում»։

Այս համավարակից հետո որքանո՞վ դժվար կլինի հանդիսատեսին նորից մշակութային օջախներ բերել, Մ․ Մկրտչյանը վստահ է, որ դա ոչ մի դժվարություն չի ներկայացնի․ «Վերջին անգամ, ես ինքս տեսա, որ բոլոր տոմսերը գնված էին եւ մարդիկ շատ կարոտած էին, որովհետեւ ուզում են նորից կյանքի բնականոն ռիթմին վերադառնալ, իսկ մշակույթը մեր կյանքի անբաժանելի մի մասն է։ Շատ դժվար է սահմանափակվել միայն տան շրջանակներում, աշխատել՝ առանց մշակույթի հետ հաղորդակցվելու։ Դրա համար վստահ եմ, որ նման դժվարություն հաստատ չի լինելու։ Պետք է ուղղակի տարբերակներ մտածել, օրինակ արտասահմանյան թատրոններում մեջտեղից աթոռներ են հանում, հեռավորություն են ստեղծում՝ բնականոն ստեղծագոծական կյանքին վերադառնալու համար։ Ես չգիտեմ հետագայում մեր թատրոնում ոնց կարվի, բայց պետք է մի բան մտածել, որովհետեւ առանց թատրոնի չի կարող ոչ մի հանդիսատես, մարդ։ Մեր թատրոնն այնքան մեծ է իր տարածքով, որ կարող ենք սահմանված բոլոր կանոնները պահպանել, եւ այդ առումով պաշտպանված կլինեն թե արտիստները, թե հանդիսատեսը։ Մինչեւ այս համավարկը չէի պատկերացնում, որ մեր թատրոնում այսքան անկյուններ կան երգելու համար։ Որ հատվածը նայում ես՝ բեմական է»,-ասում է երգչուհին ու հավելում, որ աշնանը արդեն կամերային ձեւաչափի մեջ կարող են թատրոնի տարբեր անկյուններում տարբեր ձեւաչափի համերգներ կազմակերպել։