Հաղթանակի օրվա վրա ինքնահաստատվողները

Այսօր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն է: Հաղթանակ, որում իրենց լուման ունեն նաեւ մեր պապերն ու հայրերը, որոնք խորհրդային մյուս ժողովուրդների հետ համահավասար կերտել են այդ հաղթանակը` արյուն թափել, զրկանքներ կրել եւ հաղթել ֆաշիստական չումային: Թվում է` կան արժեքներ եւ իրողություններ, որոնք վերանայման ենթակա չեն, ինչպես չի կարելի վերանայել հիտլերյան ագրեսիան ջախջախելու եւ նացիստական գաղափարախոսությունն օրենքից դուրս հռչակելու հերոսական ջանքերը: Ինչքան էլ Ռուսաստանը վատը լինի, ռուսական իշխանություններին քննադատենք եւ 20-րդ դարում Եվրոպայում ծավալված իրողություններին այլ տեսանկյունից նայենք, 2-րդ աշխարհամարտում միավորված դաշնակիցների հաղթանակն ու հիտլերյան գաղափարախոսության ջախջախումը չեն կարող այլ զգացումներ առաջացնել եւ տասնյակ միլիոնավոր կյանք խլած մահաբեր պատերազմն արդարացնել: Բայց ստացվել է այնպես, որ Մայիսի 9-ի հաղթանակն էլ քաղաքականացվեց եւ վերարժեւորվեց: Այդ հաղթանակի տերը դարձավ Ռուսաստանը, իսկ Ռուսաստանի հետ հակամարտող Արեւմուտքը Ռուսաստանի դեմ վերաբերմունքը սկսեց տարածել նաեւ հաղթանակի վրա:
Եվ սրա արդյունքում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցությունը եկավ առաջին պլան, կարեւորվեց` որ երկրների ղեկավարները կմասնակցեն, ովքեր չեն մասնակցի: Մի կողմից՝ ուլտիմատումներ` չհամարձակվեք Մոսկվա մեկնել, ձեր անվտանգությունը երաշխավորված չէ: Մյուս կողմից` ռուսական կողմի հուսահատ ջանքեր` որքան հնարավոր է՝ շատ մարդ բերելու: Երկուստեք անհեթեթ այս մրցավազքում մոռացվել են օրվա խորհուրդն ու հիշատակի իմաստը: Տոնը վերածվել է ինքնահաստատման, սեփական ուժն ու ամբիցիաները ցուցադրելու, դիմացինին կոտրելու, սեփական «տղամարդկությունը» ոչ տղամարդկային մեթոդներով ապացուցելու ակտի: Իմաստն ու բովանդակությունն իրենց տեղը զիջել են ձեւին, շոուին, մանրախնդիր ու փուչ անձանց անհեթեթ մրցակցությանը, որտեղ չեն լինելու հաղթողներ: Որտեղ գաղափարը, հիշատակը, հաղթանակի նշանակությունն ամոթալի ֆիասկո են կրելու:
Կարծիքներ