Հովհաննես Մովսիսյանին մի քանի օր առաջ շնորհակալագիր են տվել

Հովհաննես Մովսիսյանին մի քանի օր առաջ շնորհակալագիր են տվել

Տոնական օրերին աշխատանքից ազատվեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Լուրեր տարածվեցին, որ հաջորդը լինելու է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը, ով օրերս հերքել էր այդ տեղեկությունը։ Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք ինչ-որ ազդակներ ստացե՞լ է, որ Փաշինյանը դժգոհ է իրենից ու ՊՈԱԿ-ից։ Հովհաննեսն ի պատասխան կրկնեց՝ բնականոն աշխատանքը շարունակվում է, «ոչ՝ ոչ մի ազդակ չեմ ստացել»։ «Չէ, ընդամենը մի քանի օր առաջ շնորհակալագիր եմ ստացել, նման խնդիր չկա»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը։ Մեզ հետ զրույցում նա հավելեց, թե այդ լուրերը կեղծ օրակարգ են։  

Հիշեցնենք, որ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին հայտնել էր, որ երբ փորձել են իր ֆեյսբուքյան էջը կոտրել, ու ինքը չի արձագանքել, քանի որ Մովսիսյանի ՊՈԱԿ-ի մի աշխատակից իրեն «ընկերական» գրել է, որ ՀԺ-ում հայտնված հոդվածի խմբագրի հերոսը, որտեղ խոսք է գնում Վանեցյանի, Միքայել Մինասյանի, Արա Սաղաթելյանի ու ինչ-որ խմբագրի մասին, հենց ինքն է։ «Նա նաեւ հասկացնել է տալիս, որ լավ կլինի արձագանքել։ Ես չեմ արձագանքում։ Հետո տեսնում եմ, ըստ մամուլի հրապարակումների, նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Ստյոպա Սաֆարյանի այս գրառումը։ Հիմա արդեն վստահ եմ, որ ֆեյսբուքյան էջս կոտրել են։ Վստահ եմ նաեւ, որ հոդվածում նշված պնդումների մասով որեւէ ապացույց չեն գտել, բայց կարդացել են մի շարք անձնական նամակներ։ Սա իշխանությունների կողմից համարում եմ հստակ ճնշում ինձ վրա, որը կապված է լրագրողական գործունեությանս հետ։ Քանի որ առիթը եկավ, բացեմ եւս մեկ փակագիծ։ Օրերս նույն ՊՈԱԿ-ի ղեկավարը հանդիպման է հրավիրում ինձ մտերիմ անձանցից մեկին եւ առաջարկում է ինձ արատավորող փաստացի տեղեկություններ փոխանցել իրենց, որի դիմաց նա բարձր աշխատավարձով աշխատանքի կտեղավորվի նույն ՊՈԱԿ-ում։ ՖԲ էջիս կոտրելն ապացուցում է, որ մտերիմս չի համաձայնել, ու իրենք փորձել են այսկերպ տեղեկություններ ստանալ»,-գրել էր Մուրազին։

Հովհաննես Մովսիսյանին նաեւ այս մասին հարցրինք։ Նա ասաց, որ չգիտի, թե ինչու է Մուրազին նման բան ասել։ «Նաեւ ասել էր, որ ես ինչ-որ մեկին հրավիրել եմ, զրուցել եմ, ես շատ կուզեի, որ ինքն ասեր՝ ինչի մասին է խոսքը։ Ինչո՞ւ է նման բան ասում, քանի որ նման բան չկա, եւ ինքն էլ գիտի, իսկ ինչ-որ էջեր կոտրել եւ այլն… մեր կառույցը նման գործունեություն չի ծավալում՝ մեկ, եւ երկրորդն էլ՝ ես  հետեւում եմ, եւ այս օրերին ոչ միայն, այսպես ասած՝ ընդդիմադիր լրագրողներն են դրանից խոսում, այլեւ շատ այլ լրագրողներ, օգտատերեր, որոնք այս օրերին նշում են, որ էջերի հետ կապված ինչ-որ խնդիրներ են առաջանում»։ Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր է ՊՈԱԿ-ը կրճատվի, Մովսիսյանը եւս հերքում է։ «Կառույցն ինչպես աշխատել է, աշխատում է, ոչ մի խնդիր չկա, ոչ ոք աշխատանքից չի հեռացել, ամեն ինչ նորմալ է»։ Նա հերքեց նաեւ, որ ՊՈԱԿ-ում կան ֆեյք էջեր վարող աշխատակիցներ, որոնք սոցիալական ցանցերում պատերազմ են մղում ընդդիմադիրների դեմ։ Եվ, մյուս կողմից՝ այդ ՊՈԱԿ-ի հետ են կապվում նաեւ Youtube-ում պրոիշխանական՝ մեծ քանակով թողարկվող եւ բավականին կասկածելի բովանդակության ու որակի  տեսանյութերը։ «Մեր կառույցը զբաղվում է միմիայն պաշտոնական էջերով, եթե խոսքը Youtube-ի մասին է, մենք այստեղ ունենք կառավարության պաշտոնական էջը եւ ունենք մեր մեդիահատվածի էջը։ Ընդամենը այդ երկու էջերն են, որոնցում պաշտոնական եւ ընթացիկ տեսանյութեր են հրապարակվում»։

Ի դեպ, այս մասին հարց էինք ուղղել նաեւ ՀՌՀ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, ով մեզ հայտնել էր, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից Youtube-ի տեսանյութերը չեն կարգավորվում։ Ինչ վերաբերում է հարցին, թե որն էր Վլադիմիր Կարապետյանի հեռացման պատճառը, իր համար անսպասելի՞ էր, ապա Հովհաննես Մովսիսյանն ասաց՝ չանդրադառնամ, որովհետեւ իրոք բան չունեմ ասելու։