Համոզված եմ՝ երբ գա այս ծրագիրը իրականացնելու ժամանակը, ԿԲ նախագահը կհայտարարի, որ շատ իրատեսական ծրագիր է

Համոզված եմ՝ երբ գա այս ծրագիրը իրականացնելու ժամանակը, ԿԲ նախագահը կհայտարարի, որ շատ իրատեսական ծրագիր է

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խելամիտ չի համարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական ծրագրի այն դրույթը, ըստ որի՝ 2 մլն վարկառուի պետք է ներում շնորհվի: «Չգիտեմ, թե վարկեր ներելու մեխանիզմն ինչպես է լինելու, ենթադրում եմ՝ Ազգային ժողովի միջոցով, բայց դա խելամիտ չեմ համարում։ Մենք նախկինում էլ այդպիսի փորձ ունեցել ենք, որոշակի խմբի ներվել է, հետո մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներվածների 50 տոկոսը հայտնվել են նույն վիճակում, ինչ վիճակում ներվելուց առաջ էին»,- ասել է ԿԲ նախագահը:

Ըստ նրա՝ ստեղծում են մի մեխանիզմ, որը տնտեսական տրամաբանություն չունի, արդարության կոնցեպտին դեմ է և խելամիտ չէ:

ԿԲ նախագահի հայտարարության վերաբերյալ կարծիք հարցրինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանից՝ հարցնելով, թե ինչ կարծիք ունի՝ ինչու է ԿԲ նախագահը այդպես արձագանքել իրենց նախընտրական ծրագրին:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է մեր նախընտրական ծրագրի որոշակի դրույթներ, որոնցից է նաև այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք մինչև 3 մլն դրամ չափով վարկեր ունեն, ինչը վերաբերում է շուրջ 2 մլն մարդու, պետք է իրականացնել համաներում։ Կենտրոնական բանկի նախագահն ասում է, որ նախկինում կիրառել են նման համաներում որոշակի խմբերի մասով, ինչը 50 տոկոսի համար եղել է ոչ արդյունավետ։ Այսինքն՝ եթե ԿԲ-ն նախկինում իրականացրել է նման ծրագիր, դա նշանակում է, որ այլևս հնարավոր է իրականացնել նման ծրագիր, այսինքն՝ վարկերի համաներում կիրառելու մասով արդեն փորձառություն ունի Կենտրոնական բանկը, և այդ կիրառման արդյունավետության կամ անարդյունավետության մասին է նա խոսում, իսկ մենք՝ բոլորս գիտենք, որ 1 տարվա ընթացքում համավարակի պատճառով սկզբից ունեցանք առողջապահական ճգնաժամ, այն վերածվեց տնտեսական ճգնաժամի, հետագայում եկավ 44-օրյա պատերազմը, և ունեցանք պատերազմի սարսափելի հետևանքներ։ Առավել ևս, նման 1 տարի ապրած ՀՀ քաղաքացիների համար պետք է կիրառվի համաներում, և ՀՀ քաղաքացիներին պետք է ազատագրենք վարկային այդ անիմաստ տոկոսներից։ Դրա համար մենք գտնում ենք, որ առաջարկված ծրագիրը լավ էլ խելամիտ է, և այն խելամիտ է նաև այն առումով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ևս մեկ հնարավորություն, ևս մեկ շանս՝ ազատագրվելու, թոթափվելու այդ վարկային ծանր բեռից և նոր հնարավորություններից սկսի։ Ես համոզված եմ՝ երբ գա այս ծրագիրն իրականացնելու ժամանակը, ԿԲ նախագահը կհայտարարի, որ շատ իրատեսական ծրագիր է և շատ կարևոր ծրագիր է ՀՀ-ի համար։ Թերևս, բանկերն իրականացնում են մի քաղաքականություն, ինչը ոչ ավելին է, քան «լոմբարդային քաղաքականությունը», իրենց տեսակով և գործունեության որակով այսօր նմանվել են լոմբարդային կազմակերպությունների, որտեղ գործում է՝ «վարկ-գրավ-տոկոս-քաղաքացի» հարաբերությունը, այլ ոչ թե գործընկերային հարաբերությունը»,- պատասխանեց Գրիգորյանը։