Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագահի թեկնածու

Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագահի թեկնածու

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը։ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ 

Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլև դադարեցված է։   

Տեղեկացնեմ նաև, որ այսօր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները:

Վահագն Հովակիմյան

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ  ՔՊ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատրաստվում է առաջադրել պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Սակայն ամիսներ առաջ Հովակիմյանը չէր բավարարում ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները։ Իսկ ԿԸՀ նախագահին ու անդամին ընտրում է ԱԺ-ն, եւ թեկնածուները պիտի համապատասխանեն նույն չափանիշներին։ Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները, որոնց Հովակիմյանը չի համապատասխանում։ Սակայն պարզվում է՝ նրան ԿԸՀ նախագահ դարձնելու համար այդ պահանջները նվազեցրել են։ Օրենքը, այսպես ասած, համապատասխանեցրել են Վահագն Հովակիմյանին, ում ժամանակին Նիկոլ Փաշինյանը համարում էր չկայացած լրագրող։ Հիմա, պարզվում է, այն մարդը, ով չի կարողացել լրագրող աշխատել, կարողանալու է ԿԸՀ նախագահի պատասխանատու պաշտոնը զբաղեցնել, եւ հանուն նրա անգամ օրենքն են փոխում։