Նախկին ԽՍՀՄ երկրներում որտեղ է կենսաթոշակն ամենաբարձրը

Նախկին ԽՍՀՄ երկրներում որտեղ է կենսաթոշակն ամենաբարձրը

2019 թվականի արդյունքներով, ծերության միջին թոշակը Ռուսաստանում կազմել է 15,5 հազար ռուբլի, իսկ միջինացված թոշակը, հաշվի առած հաշմանդամության հետ կապված վճարումները եւ նաեւ կերակրողին կորցրածի հետ առնչված վճարումները, ավելացել է մինչեւ 14,16 հազար ռուբլի։ Շատ է դա, թե՝ քիչ։ Ռուսական «Argumenti & fakti» պարբերականը փորձել է այդ հարցին պատասխանել, համեմատելով հետսովետական տարածքի երկրներում ծերության կենսաթոշակները։ Եվ այսպես, ամենաբարձր թոշակ ստանում են Էստոնիայում՝ 35 հազար ռուբլի։ Մի փոքր ավելի պակաս՝ 33 հազար ռուբլի ստանում են թոշակ Տաջիկստանում։

Հետսովետական երկրների մեծ մասում տիրապետողը համերաշխության համակարգն է, երբ թոշակառուների թոշակի չափը կախված է այն մարդկանց աշխատավարձի չափից, որոնք աշխատում են։ Բալթյան երկրներում, ամենաբարձր աշխատավարձներն են, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ երկրները անդամակցեցին ԵՄ-ին։ Իսկ քաղաքացիական պատերազմ հաղթահարած Տաջիկստանը, որ դեռ հստակ չի մատնանշել, թե ինչ կուրսով է զարգացնելու իր տնտեսությունը, կորցրել է վերջին երեսուն տարին։ Այնտեղ ամեն երրորդ աշխատողը աշխատում է անօրինական կերպով եւ չի վճարում կենսաթոշակային հիմնադրամ։ Սակայն անկախ ամեն ինչից, հետսովետական տարածքում թոշակառուները չեն կարող իրենց ստացած թոշակով ապրել այնպես, ինչպես ապրել են, երբ դեռ աշխատել են։

Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիայի միջին թոշակը պետք է կազմի տվյալ երկրի միջին աշխատավարձի 40 տոկոսը։ Նվազագույն այդ պահանջը կարողացել են հաղթահարել միայն Ղազախստանը, որտեղ այդ հարաբերակցությունը 47 տոկոս է, եւ Ադրբեջանը, որտեղ այդ հարաբերակցությունը 41 տոկոս է։ Բելառուսի դեպքում հարաբերակցությունը ճիշտ 40 տոկոս է։ Հայաստանում, Վրաստանում եւ Տաջիկստանում հարաբերակցությունը 16-23 տոկոս է։ Ռուսաստանում հարաբերակցությունը կարծես թե կարողանում է պահպանվել 30 տոկոսի սահմանում, ինչպես Բալթյան երկրներում է եւ այս առումով Ռուսաստանը միջին դիրքում է։ Հետաքրքիր է, որ երբ երկրի բնակչությունը ծերանում է, պետությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի թոշակառուների թիվը լինի հնարավորինս քիչ եւ դրա համար բարձրացնում է կենսաթոշակի անցման տարիքային շեմը։ Հետսովետական տարածքում առաջինը այդ քայլն արել է Լիտվան դեռ 1995 թվականին։

Այժմ արդեն երրորդ անգամ Լիտվան գնում է նման քայլի եւ 2026 թվականին այնտեղ բոլոր քաղաքացիները պետք է թոշակի անցնեն 65 տարեկանից։ 1998 թվականին կենսաթոշակային տարիքը բարձրացրեց Մոլդովան, 99-ին Լատվիան, 2001-ին՝ Հայաստանն ու Տաջիկստանը, 2010-ին՝ Ադրբեջանը, 2011-ին՝ Ուկրաինան, իսկ 2017-18-ին՝ Բելառուսը, Էստոնիան եւ Ռուսաստանը։ Միակ երկիրը որտեղ մարդիկ գնում են թոշակի դեռ սովետական շրջանում սահմանված տարիքային շեմով, Ուզբեկստանն է։ Սակայն այնտեղ էլ կան խոսակցություններ, որ հարկավոր է 2022 թվականից բարձրացնել կենսաթոշակային տարիքը 63-58-ի։ Սակայն օրենքը դեռ ընդունված չէ։ Մյուս բոլոր հետսովետական երկրները իրենց կենսաթոշակային բարեփոխումները մտադիր են ավարտել ոչ ուշ, քան 2028 թվականին։

Ընդ որում, ութ երկրում հաստատվել է կանանց եւ տղամարդկանց համար նույն տարիքային շեմը կենսաթոշակի անցման համար։ Կբարձրացվի նաեւ նվազագույն ստաժը կենսաթոշակի անցման համար։ Ռուսաստանում 11 տարուց այն կհասցվի 15 տարու։ Նույնիսկ Բելառուսը, որն ամենահավատարիմն է խորհրդային ավանդույթներին եւ սոցիալական արդարության սկզբունքներին, այդ ստաժը հասցնում է մինչեւ 20 տարի։ Ամենաքիչ ստաժը պահանջվում է Վրաստանում եւ Թուրքմենստանում՝ 5 տարի, ամենաշատը՝ Ուկրաինայում՝ 35 տարի։