Ո՞րն է «Իմ քայլը» դաշինքի առաքելությունը

Ո՞րն է «Իմ քայլը» դաշինքի առաքելությունը

Ազգային ժողովի նիստերը նայելու պարագայում որպես կանոն տրամաբանական հարց է առաջանում․ ո՞րն է «Իմ քայլը» դաշինքի առաքելությունը Հայաստանի քաղաքական համակարգում։ Միգուցե այդպիսի առաքելություն չկա՞ և խմբակցությունը գոյություն ունի զուտ այն պատճառով, քանի որ պետք է գոյություն ունենա։ Կամ էլ իշխանության այդ տարածությունը մեխանիկական սկզբունքով համալրվել է ինչ-որ անհասկանալի պարունակությամբ, քանի որ այլընտրանք չկա՝ պետությունը պետք է անպայման խորհրդարան ունենա, որտեղ էլ  պարտադիր է կառավարող ուժի ներկայացվածությունը։ Տպավորություններն այս իհարկե անհիմն չեն։ Ավելին, կան հստակ ուղենիշային տարրեր, որոնք մեզ բերում են վերոհիշյալ եզրակացությանը։

Բացահայտ ճշմարտություն է, որ «Իմ քայլը» դաշինքը «իզմերը» մերժող, գաղափարազուրկ, տարերային սկզբունքով հավաքագրված հավաքածու է, որը  գոյություն ունի զուտ Նիկոլ Փաշինյանի ազդեցության և հեղինակության շնորհիվ։ Սա է կիսաքաղաքական այդ գոյացությանը միավորող միակ հյուսվածքը, քանի որ այն ստեղծվել է արհեստական ճանապարհով՝ միասնական գաղափարախոսության, աշխարհայացքի և քաղաքական կոնցեպտենրի բացակայությամբ։ Այս եղանակով սաղմնավորված «պտուղը» չի կարող որևէ լուրջ քաղաքական առաքելություն ունենալ, գաղափարախոսություն չունեցողը չի կարող գաղափարաստեղծ լինել, իսկ վերջնական հանգրվանը մեկն է՝ անխուսափելի պառակտումն ու մասնատումը։ Այլ խոսքով՝ արհեստական ճանապարհով ստեղծված դաշինքը դատապարտված է կործանման։