Մտահոգությունդ առաջարկ չէ

Մտահոգությունդ առաջարկ չէ

Գերմանացի դիվանագետ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի կարծիքով Թուրքիան նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։  Ինչպես է նպաստում՝ մենք դա տեսնում ենք անընդհատ: Ուրիշ հարց, որ եվրոպական չինովնիկները չեն ցանկանում տեսնել այն, ինչ առկա է իրականում: Բայց դրա մեղավորը մենք ենք, որովհետև պարտվել են պատերազմում և դա բավարար չէ, վարչապետի պաշտոնին ենք թողել պարտության խորհրդանիշ անձին: Ոչինչ չասող այս տեղեկատվությունը մեր իրականությունը մեկ անգամ ևս դիտարկելու պատճառ հանդիսացավ: Ցանկանում եմ կիսվել դրա մեկ ասպեկտով:

Մեղքս ինչ թաքցնեմ, ես կարծում էի, որ կա մի բնագավառ, որտեղ ապաշնորհ քայլարածները որոշակիորեն գրագետ են: Դա գրավոր տեքստ ընթերցելու, այն հասկանալու և անհրաժեշտության դեպքում դրան ադեկվատ պատասխանելու ոլորտն է: Եթե, իհարկե, հնարավոր է այդ գործընթացը բնորոշել որպես բնագավառ կամ ոլորտ: Ինչևէ, քանի գնում այնքան համոզվում եմ, որ եթե որևէ մեկը կամ մարդկային որևէ խումբ ապաշնորհ է, ապա այդպիսին է գործունեության բոլոր բնագավառներում: 

Անցնենք ասվածի հիմնավորմանը: Կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բավական երկար անդրադարձ էր կատարել ադրբեջանական ագրեսիային՝ այս անգամ Լաչինի միջանցքի շրջանում: Բնականաբար, մեղադրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առանց նրա անունը տալու: Ինչը համարում եմ նորմալ, քանի որ վերը նշված անձը վաղուց չի կրում «դուխով» գրությամբ գլխարկը: Իսկ առանց «դուխովցնող» այդ գլխարկի, ինչպես ասել եմ մի քանի անգամ, ինքը չի համարձակվում որևէ հարցում հակաճառել անձամբ Իլհամին:

Շարունակենք կառավարության նիստում այդ անձի՝ ծախսված ժամանակի առումով պատկառելի ճառի հաջորդ արծարծված թեմային: Դա վերաբերում էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորաջոկատին: Դրանում բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին զորաջոկատի գործունեության առումով՝ սկսված դեռևս 2020 թվականի դեկտեմբերից: 

Այնպես չէ, որ այդ զորաջոկատի գործունեությունը կատարյալ էր հենց սկզբից: Կամ կատարյալ էր դարձել հետագայում՝ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ծագումից հետո: Բայց 2020 թվականի դեկտեմբերի 11-ին «ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ» Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավման և հայ զինծառայողների գերեվարման մասին 2022 թ.-ի օգոստոսի 4-ին կրկին անգամ անդրադարձը, չեմ կարծում, թե ՌԴ իշխանության հետ հաղորդակցման լավագույն տարբերակն է: Այդ մասին պետք է խոսվեր 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում, որպեսզի այդ միջադեպը չկչկնվեր 2022 թվականի մարտի 24-ին Փառուխ գյուղի առումով: Իսկ ինչպե՞ս էր արձագանքել դրան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ընթերցենք՝ «Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ես չեմ կարող գուշակել»։  

Ինչպես տեսանք, Լավրովը խոսում է առաջարկների բացակայության մասին: Իսկ ի՞նչ է պատասխանում Լավրովի արձանաքին Հայաստանի իշխանությունը: Կարդանք ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումը: Ահա այն. «Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»:

Փաստորեն, Լավրովը խոսել էր առաջարկների բացակայությունից, և դրան, որպես պատասխան, դեմ են տվել մտահոգություններ ներկայացնելու փաստը: Իսկ որպեսզի պարզ լինի մտահոգությունների և առաջարկների տարբերությունը բյուրոկրատական փաստաթղթաշրջանառության մեջ՝ պարզաբանեմ: Երբ որևէ անձ, մարդկանց խումբ կամ կազմակերպություն պետական որևէ կառույցի նամակ է գրում որևէ խնդրի առնչությամբ, ապա այն ձևակերպելու հետ մեկտեղ շարադրում է նաև առաջարկներ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ: Եթե ներկայացվեր միայն հարցի ձևակերպումը, ապա այն կլիներ ընդամենը մտահոգություն: Սակայն երբ տրվում են նաև առաջարկներ՝ դա այլ բան է: Ի դեպ, եթե առաջարկներ չեն տրվում, ապա շատ դեպքերում պետական կառույցը կարող է նաև արհամարհել սեփական երկրի քաղաքացու (կամ քաղաքացիների) մտահոգությունները: Եթե, իհարկե, դա նախընտրական շրջանում չէ: Իսկ առաջարկների առկայությամբ գրություն ստացողը, ինչպես իր պատասխանում ասել է Լավրովը, կունենար ՀՀ վարչապետի հետ քննարկելու նյութ: 

Ցավում եմ, որ այսպիսի պարզ բաները պետք է բացատրվեն արդեն հինգերորդ տարին գլորող իշխանությանը: Երբ հատկապես այն հարազատ երկրիդ իշխանություն է: