5 էսքիզային նախագիծ դրվել է քննարկման

5 էսքիզային նախագիծ դրվել է քննարկման

ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ նիստը, որի ընթացքում քննարկվել է պատմության եւ մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը եւ վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագիծ:

Քննարկված հարցերի թվում են եղել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոցի 68 հասցեի բնակելի տան ճակատային պատի ամրակայման եւ նորոգման էսքիզային նախագիծը, որը որոշակի պայմաններով համարվել է ընդունելի, ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովայի պողոտայի հ.1/4 հասցեում գտնվող այգու բարեկարգման եւ սրճարանի վերակառուցման էսքիզային նախագիծը, որը խորհրդի անդամների մի շարք դիտողություններով եւ միաձայն քվեարկությամբ մերժվել է:

Նիստում քննարկվել է նաեւ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը, որը որոշակի առաջարկներով եւ մանրամասն վերլուծություն իրականացնելու պահանջով արժանացել է հավանության:

Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու վերականգնման հարցը որոշվել է առավել մանրամասն քննարկել տեղում՝ արտագնա նիստի ընթացքում:

Օրակարգի վերջին հարցը՝ Երեւանի պետական համալսարանի գրադարանի մասնաշենքի բակային տարածքի վերակառուցման՝ հուշ-պուրակի կառուցման էսքիզային նախագիծը, խորհրդի անդամների որոշակի դիտողություններով, համարվել է ընդունելի եւ ուղարկվել լրամշակման: