«Հայ կառուցողական» կուսակցություն VS ՀՅԴ-ՀՀԿ-ԲՀԿ

«Հայ կառուցողական» կուսակցություն VS ՀՅԴ-ՀՀԿ-ԲՀԿ

Նկատի ունենալով այն, թե հայտա­րարված ընտրություններից ինչ «սարսա­փելի» ակնկալիքներ ունեն որոշ առանձնյակներ կամ ուժեր, գուցե չարժեր գնալ դրան: Ինչ լի­նե­լու էր, թող լի­ներ, որովհետեւ պետությունը կարող է ավելի անկանխա­տեսելի վտան­­գավոր իրա­վիճ­ակում հայտնվել, եթե, իհարկե, «կարապը, խեցգետինը եւ գայլա­ձուկը» «լեզու չգտնեն» միմյանց հետ, եթե չլինի ապաշխարանք, եթե հասա­րակությունում չհաս­տատվի հանդուրժողականության մթնոլորտ»: Սկսվեց:

«Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը հայ­տարարել է. «…իմ անձնական կարծիքն է, որ ո՛չ նախկին ռեժիմի ներկայա­ցուցիչները (ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ), ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը չպետք է մաս­նակցեն այս ընտ­րություններին»։ «Իմ քայլը», «Քաղաքա­ցիական պայմանագիրը», ըստ նրա, կարող են մասնակցել: Իսկ ՀՀՇ-ՀԱԿ-ը նախկի՞ն է, թե՞ ոչ: Դատավորներն ովքե՞ր են՝ կհարց­ներ Գրիբոյեդովը, կներեք, Չացկին: Առաջինը, որ հետաքրքրեց մեզ, «կառուցողական» բառի ստուգաբանությունն էր: 

Էդուարդ Աղայանի Արդի հայերենի բացատրական բառարանում (1976) գրված է. «Կառուցողական, ած. Կառուցողին հատուկ, շինարարական»: Հրաչյա Աճառյանի Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում (1969) կարդում ենք. «Կառուցողական, ա. Կառուց­մանը հատուկ՝ վերաբերող, շինարա­րական: Սեդա Էլոյանի Արդի հայերենի նորաբանությունների բառարան (2002)․ «Կառուցողաբար, մկ. Արդյունավետ, օգտակար, շինչ, դրականորեն: Կան կա­ռու­ցողաբար մտածող քաղաքական գործիչներ (Իրավունք, 12-25,4.95): Եթեր տրա­մադրել կառուցողաբար տրամադրված ընդդիմադիր գործիչներին (Մոլորակ, 02.10.96)»: «Կառուցողական, ած. (իմ. նորբ.): 1. Կառուցող, ստեղծող, արարող: 2. Օգտա­կար, արդյունավետ, շինիչ: «Կառուցողականորեն, մկ. Փխբ. Դրական կերպով: Շինիչ, աջակցող: The Free Dictionary by Farlex-ում գտնում ենք հետեւյալը. «Constructive adj. 1. Ծառայել կամ աջակցել բարելավմանը կամ առաջադիմելուն, օգտակար, կառուցո­ղա­կան քննադատություն։ 2. Շինարարությանը վերաբերող, կառուցվածքային»: Այսպիսով, պարզեցինք, որ կառուցողական լինելը, առավել եւս դա կուսակ­ցության գա­ղափարախոսության հիմքում դնելը, ենթադրում է արարել, օգտակար բան անել, ծառայել, աջակցել բարելավմանը, կառուցո­ղական քննա­դատություն անել, բայց ո՛չ մերժել, բայց ո՛չ «հավակնել կառուցողական լինել՝ դարձ­յալ ակնարկելով մնացած ընդդիմա­խոսության քանդո­ղական նկրտում­ների մա­սին»: 

ՀՅԴ-ն, 130 տարի լինելով ազգային, թեպետ մաքսիմալիստական գաղափարներ կրող (ինչը վատ բան չէ), այդպես էլ անկախ Հայաստանում ոչ միայն խորհրդարանական մեծամասնություն չդարձավ, այլեւ չդարձավ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ ընդդիմադիր ուժը խորհրդարանում: Ինչպես ասել է դասականը, ազգային գաղափարախոսությունը սին բան է, գոյություն չունի, գուցե դա՞ է եղել ՀՅԴ-ի ճակատագրական սխալը: Դաշնակները «նստել» կամ հետապնդվել են ինչպես կոմունիստների, այնպես էլ Լեւոնի իշխանության շրջանում: Հետաքրքիր է՝ ի՞նչն էր կապում կոմունիստներին եւ մեծարգո Լեւոնին՝ անհանդուրժողականությունն ազգային գաղափարախոսության ջատագովների նկատմամբ: Չնայած այն բանին, թե ազգին նվիրված ՀՅԴ կուսակցության անդամներն ինչ սխրագործություններ են արել ու երբեք չեն ընկրկել մահվան առաջ, միեւնույն է, ժողովուրդը երկնիշ տոկոս ապահովող քվե չի տվել նրանց: Նրանք, անշուշտ, սխալներ էլ են թույլ տվել, սակայն ով գիտե, թե ինչ հանգամանքներ են եղել տարածաշրջանում այն ժամանակ: Բայց տեսեք, թե ինչ երիտասարդություն է աճել այդ կուսակցությունում: Ուղղակի հպարտանալ կարելի է նրանցով: 

ԲՀԿ-ն ուրիշ է: «Նախկին ռեժիմի» պայմաններում մի փոքր էլ նա է հետապնդվել, էլ չասենք ներկա ռեժիմի մասին: Անշուշտ, այդ կուսակցությունը սխալներ թույլ տված կլինի, բայց հիմնականում առաջնորդվել է կայունություն պահպանելու դրդապատճառներով, ինչի վառ օրինակը 2018-ին նրանց դիրքորոշումն էր: Հեղափոխականները նույնիսկ ըստ հավուր պատշաճի չգնահատեցին դա: Այդ քայլին տարբեր գնահատականներ կարելի է տալ: Մեր գնահատականն է՝ սխալ էր: Սխալ էր ոչ թե այն պատճառով, որ «Սերժին մերժելն» ինքնաբերաբար չէր նշանակում «Նիկոլ՝ վարչապետ», որովհետեւ հենց այսպես էր լինելու երեք տարի անց (հանճար պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե մեքենա վարել չիմացողին մեքենա վստահելն ինչ հետեւանքներ կունենա): Մինչդեռ ԲՀԿ-ի ներկայացուցիչը պետք է ստանձներ վարչապետի պաշտոնը (ոչ առաջնորդը): Մարդկանց բողոքը սոցիալական անարդարության, սոցիալ-տնտեսական կուտակված հիմնախնդիրները ժամանակին չլուծելու հետ էր կապված: Դե, եթե այժմ այդ խնդիրները կարելի է համարել լուծված, ապա ԲՀԿ-ն սխալ քայլ չի արել: Գուցե ԲՀԿ-ն  չպետք է մասնակցի ընտրություններին  այն պատճառով, որ նրա առաջնորդի ունեցվածքն այդպես էլ չբաժանվե՞ց ժողովրդին, կներեք, ամբոխին: Բայց, հարգելի պարոն Ղուկասյան, Դուք տնտեսագետ եք, ուսումնասիրած կլինեք «Կապիտալը», վերհիշեք կապիտալի նախասկզբնական կուտակման մասին հատվածը: ԲՀԿ-ն տիրապետում է որոշակի քաղաքական կապիտալի, ունի որոշակի քաղաքական մշակույթ, ինչը ձեռք է բերվում տարիների ընթացքում: Այդ կապիտալը հասարակությանն է պատկանում: 

Ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՀԿ-ն, կարելի է ասել, դասական կուսակցություն է՝ ազգային չափավոր գաղափարա­խոսությամբ: Ճանապարհ է անցել, ունի բավական տպավորիչ ինտելեկտուալ կադրեր: ՀՀԿ-ի ողբերգությունը եւ նրա թույլ տված սխալ­ները կարելի է բացատրել նրա «հին գվարդիայի» արագ դուրս մղմամբ՝ «առաջին սերնդի» երիտհանրապետականների կողմից, որոնք, չնայած իրենց ինտելեկտով անհամեմատ բարձր են իմքայլականներից, բայց եղել են նույն շփոթվածները՝ իրենց «գլխին թափված մանանայից» ու, ամենակարեւորը, չեն ապաշխարել, թեեւ հիմա երեւի այս ողբերգական զարգացումների համար մեղքի զգացում ունեն: ՀՀԿ խորհրդի անդամներից մեկն ինձ ասաց, որ Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցներում հավաքվածների 90%-ը 2018-ին ԱԺ ներխուժածներն են: Իսկապես՝ ирония судьбы։

Շատ ավելի մեծ սխալներ է գործել ՀՀՇ-ՀԱԿ-ը, ինչի մասին կարելի է երկար խոսել, բայց դա չէ կարեւորը: Անհանդուրժողականության դառը սերմերն առաջինը ցանել է ՀՀՇ-ն: Բայց այս կուսակցությունում նույնպես կան արժե­քավոր կադրեր, որոնք կարող են օգուտ բերել երկրին: Միայն այն փաստը, որ 30 տարի այդ կազմակերպությունը գոյատեւել է, ինքնին ինչ-որ բան արժե: Լավ ընդդիմություն կլինի, բայց ոչ իշխա­նություն, գուցե կոալիցիայի մեջ ինչ-որ մաս կազմելը ճիշտ լինի: Անշուշտ, նպատակ չունեմ տալու այս կամ այն կուսակ­ցության ամբողջական բնութագիրը ու ոչ էլ նրանց վարկաբեկել: Սրանք մակերեսային վերլուծություններ են, մինչդեռ այդ կուսակցությունները պետք է կատարեն համակողմանի ինքնավերլուծություն՝ ապագայում զերծ մնալու  ճակատագրական սխալներ գործելուց: 

Այսպիսով,  երկար ու քարքարոտ ուղի անցած 3 կուսակցություն եւ հայապահպանության գործին նվիրված ՀՅԴ: Ահա, այս կուսակցությունները կարող են ձեւավորել կենսունակ խորհրդարան եւ գործադիր իշխանություն: Նորաստեղծ, փոքրաթիվ կուսակցություններում կան բավական հայրենասեր, մասնագիտական ու մարդկային բարձր հատկանիշներ ունեցող անձինք, որոնց հայտնվելն ԱԺ-ում միայն օգուտ կբերի, սակայն հետագայում պետք է գնա կուսակ­ցությունների բյուրեղացման գործընթաց, որպեսզի բացառվի պատահա­կան, ճանա­պարհ չանցած, ազգային արժեքներն անտեսող անձանց ներ­թափան­ցելն իշխանություն: Այս առումով ցանկալի կլինի, որ նշված 4 կուսակ­ցութ­յուններն իրենց ցուցակներում նախատեսեն ոչ կուսակցական, մասնագետ կադրերի, որոնց վստահում է մեր հասա­րա­կութ­յունը:

Գագիկ Վարդանյան