Լույս է տեսել Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը 

Լույս է տեսել Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը 

Աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը՝ Նայք» ընկերության հիմնադիր Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը, դրվել է հայ ընթերցողի սեղանին: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Ռոզա Գրիգորյանը:

«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայքն» ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար: Իսկ այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարար մարզակոշիկներ եւ իրականացրեց նրանց երազանքը:

«Սա պարզապես «Նայք» ընկերության ստեղծման պատմությունը չէ: Այս գիրքը ոչ միայն ներկայացնում է այս բրենդի հաջողության պատմությունը, այլեւ այն ստեղծողի յուրահատուկ խոստովանությունն է: Գրքում Ֆիլ Նայթը յուրատեսակ բացահայտումներ է անում իր անցած ուղու վերաբերյալ, անկեղծ խորհուրդներ է տալիս ու բազում ոգեշնչող մտքեր արտահայտում: Եվ հետաքրքրական է, որ Ֆիլ Նայթը շատ փակ մարդ է եղել, հազվադեպ է հարցազրույցներ տվել. այս առումով «Կոշկավաճառը» նոր բացահայտումների յուրատեսակ աղբյուր է»,- գրքի մասին նշում է թարգմանիչ Ռոզա Գրիգորյանը: