Մեր երկիրը սպորտային երկիր է

Մեր երկիրը սպորտային երկիր է

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներն այսուհետ պարգեւատրվելու են 5 մլն-ական դրամով: Նախկինում դա չի եղել, այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից այդ նպատակի համար ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում ընդունեց եւ պարգեւներ հանձնեց 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներին»․ Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ), Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ), Արթուր Ավետիսյան (մարմնամարզություն), Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ), Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ), Տիգրան Կիրակոսյան (սամբո), Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ), Գոռ Մինասյան (ծանրամարտ), Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ):  Լրագրողների հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբիշ, արդեն Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ասաց․ «Այս պահին իմ ցանկությունն օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն դառնալն է։ Արդեն չեմ հիշում ՝ քանի անգամ եմ 10 լավագույնների մեջ, սակայն ամեն անգամ ինձ համար պատիվ է լինել մեր երկրի լավագույն մարզիկների շարքում, քանի որ բոլորդ էլ գիտեք՝ մեր երկիրը սպորտային երկիր է։ Ուշադրությունն էլ շատ կարեւոր է մարզիկի համար։ Մարզիկը պետք է զգա, որ ինքն ուշադրության կենտրոնում է»։