Գյումրվա տրնգի՝ թարմ տպավորություններ

Գյումրվա տրնգի՝ թարմ տպավորություններ

Երկրի մայրաքաղաքն այդ երկրի անկախության օրը անուշադրության մատնելն, իմ կարծիքով, լավագույն որոշումը չէր: Կարող եք վիճել, իհարկե, որ Հայաստանը միայն Երևանը չէ, որ ուրիշ քաղաքներ էլ կան, բայց երբ երկրի ղեկավարությունն ու իշխող քաղաքական ուժն իր եղած չեղածով հավաքվում է մի տեղ և անուշադրության մատնում ողջ երկիրը, տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում տոնը վերածել սեփական PR-ի: Վայոց ձորի մարզպետը Գյումրիում էր նշում անկախության օրը՝ կասե՞ք ինչու: Ես կասեմ՝ քանի որ այդ օրը Գյումրիում էր լինելու Նիկոլը և ողջ այսպես կոչված էլիտան, իսկ Վայոց ձորի մարզպետն առանց Նիկոլի կյանք չունի: Կարող եք նշել այլ պատճառ, եթե կա իհարկե: Վայոց ձորի հերն էլ անիծած, տո Լոռու հերն էլ անիծած, սհմանամերձի հերն էլ անիծած՝ կարևորը Գյումրիում լինելն էր այդ օրը: Երևանի քաղաքապետը Գյումրիում միմոսություն էր անում բեմի վրա, մրցանակ էր տալիս, չգիտես էլ ինչ էր անում: Գուցե նաև փորձում էր մի փոքր հանգստանալ Երևանի խնդիրներից: Մոռացել էր նույնիս մի քանի դրոշ կախել էլեկտրասյուներից, որ մտածեինք՝ սա Երևանի ու երևանցիների անկախության օրն էլ է:
Սխալ տպավորություն չստեղծվի, հանկարծ, որ երևանցիներն այդ օրը տխուր անցկացրին:

Ընդհակառակը: Քաղաքում իշխում էր ուրախ տրամադրությունը: Մնացել էինք մենք՝ մերոնցով, ինչպես ասում են՝ ոչ Նիկոլ, ոչ հայտնիների ֆոնին սելֆի անող դեռահաս պատգամավորներ, ոչ Հայկո, ոչ Արարատ Միրզոյան, ոչ Արայիկ Հարությունյան, ոչ Սաքունց, ոչ Մակունց... Կարող ե՞ք պատկերացնել, թե որքան երջանիկ էինք այդ օրը… Ինչքան տրանսգենդեր ու նույնասեռական, Ամուլսարի շահագործման և ստամբուլյան կոնվենցիայի կողմնակից կար՝ էլիտայի հետ մեկնել էր Գյումրի: Երևանում օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ: Բայց, չնայած համընդհանուր հաճելի տրամադրությանը, երևանցիներն իրենք իրենց հարց էին տալիս՝ այդքան մարդ գնացել էր Գյումրի, որովհետև Անկախության օ՞րն էր, թե՞ որովհետև Նիկոլն էր այդպես կարգադրել:

Կարծում եմ՝ ավելորդ է ասելը, որ ես համակ ուշադրությամբ հետևում էի ոչ միայն «Սև ամրոցում» ՀՀ իշխանությունների բեմադրած «Գյումրվա մեծ տրնգիին», այլև գործընկերներիս աշխատանքին: Թե մամուլն ու մեդիան ինչպես էին կաշվից դուրս գալիս այդ էժանագին խայտառակության սնանկությունը քողարկելու համար, անհնար է առօրյա խոսքերով նկարագրելը: Ոչ տոնական զգեստներ, ոչ ճաշակ, ոչ հայ ազնվականների քաղաքին առինքնող նիստուկաց, ոչ Գյումրու պատմական ու մշակութային շերտերի իմացություն, ոչ ինտելիգենցիա... Եվ գործընկերներս, հուրախություն ինձ, միջոցառումը փրկելու հնարը գտան: Նրանք, ասես պայմանավորված, մոռացել էին Անկախության օրվան առնչվող հարցերն ու պաշտոնյաներին հարցեր էին ուղղում բացառապես Հրայր Թովմասյանի հնարավոր պաշտոնանկության, Ռոբերտ Քոչարյանի դատի, ստամբուլյան կոնվենցիայի, Ամուլսարի, ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականների մասին: Եվ այսպես՝ ողջ օրը: Եվ ամենահետաքրքիրն էլ այն էր, որ պաշտոնյաներն էլ, հենց նեղն էին ընկնում, նեղացած դեմք էին ընդունում, թե բա՝ էս էն օրը չէ, որ ինձ նման հարց եք տալիս:
Այսպես էլ անցավ օրը և «Գյումրվա տրնգիից» մնաց բեմ բարձրացած կիսամերկ  տղամարդկանց մի «գեղեցիկ» լուսանկար՝ որպես Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի պետական տոնակատարության խորհրդանիշ:

Հ.Գ. Փաշինյանը, ինչպես և գրել էր ՖԲ-ում, Գյումրիից թռավ Լոս Անջելես: Սիրում եմ Պուտինի ոճի ղեկավարներին՝ երբ Հայաստան են գալիս կամ թռչում Հայաստանից, քաղաքների միջև ընտրություն չեն կատարում: Պուտինն առաջինն էր, որի հսկա ինքնաթիռը նախ՝ վայրէջք կատարեց Գյումրիում, ապա նրան Գյումրիից հասցրեց Երևան: Հիմա ես մտածում եմ, որ մեր վարչապետի «կուկուռուզնիկը» ինչ-որ կերպ Երևանից հասցրել են Գյումրի, որ նրան այնտեղից թռցնեն Լոս Անջելես: Զավեշտն այստեղ այն է, որ Երևանից Գյումրի ընդամենը 120 կմ է: