Կեղծ ու ձեւական

Կեղծ ու ձեւական

Իհարկե, շատ լավ է, որ մեզանում նշվում է գրադարանավարի օրը, ինչպես ուսուցչի օրն են նշում, եւ ինչ-որ մարդիկ պատվոգրերի են արժանանում, որոշ գրադարաններ` «լավագույն գրադարան» կոչմանը: Բայց այդ օրն ու միջոցառումը, ինչպես մեր կյանքում շատ բան, ձեւական են, անբովանդակ եւ կեղծ: Որովհետեւ գրադարաններն ու գրախանութները մեզ մոտ ամենից անտեսված ոլորտն են, եւ երեկվա միջոցառումներն այդ իրավիճակը որեւէ կերպ չեն փոխում: Այս տարի` ընդամենը մի քանի ամիս առաջ, փակվեց գիտատեխնիկական գրադարանը, որը հարուստ ֆոնդ ուներ: Եվ աղմուկն ու ընդվզումը ոչ մի դեր չխաղացին` գրադարանի 72 աշխատակից գործազուրկ դարձավ: Նախորդ տարիներին էլ են գրադարաններ ու գրախանութներ փակվել,  շենքեր խլվել: Ամենացցուն օրինակը Երեւանի ամենահայտնի գրախանութի` «Նոյյան տապանի» տեղում բացված ռեստորանն է` հենց Հանրապետության հրապարակում:

Սա ապացուցում է, որ մեր ազգային նախընտրությունները ոչ թե գիրքն ու գրականությունն են, կարդալն ու կրթվելը, այլ՝ ուտել-խմելը: Եվ քանի որ չկա պետություն, որը մշակութային, լուսավորչական, կրթական հստակ քաղաքականություն վարի, հաղթում է շուկան` իր պահանջներով: Իսկ շուկան ասում է, որ գիրք հրատարակելն ու վաճառելը, գիրք ընթերցելն ու գիտելիք ստանալը մեծ եկամուտներ չեն ապահովում, շատ ավելի մեծ եկամուտ են ապահովում խորոված եւ խաշլամա վաճառելը, մարդկանց կերակրելը, երեկոյան ժամանց ապահովելը: Եվ շուկան հաղթում է գիտելիքին: Իհարկե, խելացի իշխանությունը, որի նպատակը ոչ թե երկիրը բազարի վերածելն է, այլ հեռանկարային պետություն կառուցելը, սրան հակազդելու լիքը միջոցներ ունի` հարկային քաղաքականությունից մինչեւ խրախուսական դրամաշնորհներ, սուբսիդիաներ, բայց դա մեր մասին, առավել եւս՝ ՔՊ-ականների մասին չէ: