«Հերթական դեժավյուների» նիկոլական շարքը

«Հերթական դեժավյուների» նիկոլական շարքը

Հայաստանցիների ուսերի վրայով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի հագով եկավ գերվարչապետության այն թիկնոցը, որ կարվել էր նախորդի համար: Եվ դա այն դեպքում, երբ, որպես ընդդիմադիր պատգամավոր, Փաշինյանը քննադատում էր այդ երեւույթը: Սակայն, ի տարբերություն իր նախորդի, որը, այսպես կոչված, հակաժողովրդական իշխանություն էր ներկայացնում, Նիկոլը «ժողովրդավարության բաստիոն» էր կառուցում: Տրամաբանությունը հուշում է, որ հակաժողովրդական գերվարչապետության թիկնոցը չպետք է ընդունելի լիներ «ժողովրդի իշխանության» ղեկավարի համար, սակայն Նիկոլը, կներեք, թքած ունի նման անկարեւոր բաների վրա: 

Ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր ու որպես ընդդիմադիր գործիչ քաղաքականություն մուտք գործած Նիկոլ Փաշինյանի «հոգին փառավորվում էր», երբ մարտի 1-ի ցուցարարները ոստիկաններից բռնությամբ խլում էին դրանց վահաններն ու մահակները: «Ժողովրդի իշխանության» գերվարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում երթեւեկում է անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ: Ի դեպ, վերջինիս ընդդիմադիր օրաթերթը ժամանակին մի քանի անգամ նկարել եւ տեսանկարել է իր նախորդի ավտոշարասյունը, այսօր ինքն ավելի մեծ շարասյունով է երթեւեկում: 

Թեման շարունակենք տարիներ առաջ նախկինների կողմից բազմիցս կազմակերպված ու ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ քննադատված այն երեւույթի ներկայացմամբ, երբ իշխանությունը փողով կամ պարտադրանքով փողոց էր հանում իրենից կախում ունեցող՝ պետական կառույցների աշխատակիցներին: Դա, բնականաբար, արվում էր, որպեսզի ընդդիմությանը եւ Արեւմուտքին ցույց տրվեր, որ գործող իշխանությունը եւս ունի իրեն աջակից ժողովուրդ: «Ժողովրդի իշխանության» գերվարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս դիմել է այդ փորձված մեթոդին, եւ դրա վերջին վկայությունը Գյումրի մուտք գործելիս Վազգեն Մանուկյանի ավտոշարասյան ճանապարհը մի խումբ անձանց կողմից փակելն էր: 

Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն իրավացիորեն քննադատում էր նախորդ իշխանության կողմից բյուջեի վատնումները, իսկ «ժողովրդի իշխանության» գերվարչապետը պարգեւավճարներ է հատկացնում իր ենթականերին, որպեսզի նրանք կոռուպցիայով չզբաղվեն (իր խոսքերն են): Չնայած, եթե հիշողությունս չի դավաճանում, շարքային մարդկանց ուսերի վրայով գալով իշխանության՝ Փաշինյանն ու իր թիմը պարտավորվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրյալներ:

Նախկինների օրոք երկրում ծաղկում էր իմիտացիան՝ իրական աշխատանքի փոխարեն դրա իմիտացիոն գործընթացը: Դրանով երկիր չես զարգացնի, սակայն մարդկանց կարող ես խաբել մի որոշ ժամանակ: Ենթադրվում էր, որ 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանը պետք է վերջ տար այդ վարքագծին եւ գրագետ ու բանիմաց աջակիցներով համալրված թիմի միջոցով երկիրը տաներ դեպի իրական զարգացում: Սակայն պարզվեց, որ իմիտացիան ու դրա զուգընկեր պոպուլիզմը դարձան հայաստանյան «ժողովրդավարության» անխափան ուղեկիցը:

Նույն բախտին արժանացան նաեւ թիմի մասին երազանքները. ի դեպ, նախկինների օրոք մի քանի օդիոզ (մեղմ ասած՝ անցանկալի) դեմքերի հետ միասին վարչակազմում գործում էին արհեստավարժ մասնագետներ, իսկ «ժողովրդի իշխանության» պայմաններում այդպիսիք համարյա բացակայում են: Իսկ եթե մեկ-երկուսը կան, ապա դրանք իրենց պահում են ճիշտ այնպես, ինչպես նախկինները․ դրա լավագույն վկայությունը Հանրային հեռուստատեսությունն է։ Սերժի ժամանակների «Հ1-ի Հայաստանը» վերածվել է Նիկոլի անձնական իշխանության պրոպագանդայի միջոցի: Ի դեպ, այս զուգահեռներից մի քանիսը՝ «հերթական դեժավյուների» շարքից: 

ՀԳ. Դեժա վյու (ֆրանսերենից)՝ ծանոթ տեղանքի կամ ծանոթ իրադրության զգացողություն:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ