Հանցավոր անգործության, անպատասխանատվության եւ սանձարձակության հետևանքները

Հանցավոր անգործության, անպատասխանատվության եւ սանձարձակության հետևանքները

Օրվա իշխանությունները, իրենց «նվաճումները» հիմնավորելու համար, տնտեսական ցուցանիշները համեմատում են 2018-ի հետ՝ ներկայացնելով այն որպես  «բարեփոխումների» արդյունք։

Իրականում կարող ենք արձանագրել համընդհանուր  անտերություն, որի հետեւանքով  կազմաքանդվում  է  ամբողջ պետական կառավարման համակարգը, հատկապես՝ անվտանգայինը։ Բազմիցս անդրադարձել եմ գյուղին եւ գյուղատնտեսությանը՝ ներկայացնելով օրվա իշխանությունների գործունեության աղետաբեր հետեւանքները, նույնիսկ դիմել եմ դատարան՝ սպասելով «վնգստացող», կոռումպացված «դատավորների» վճիռներին, բայց ապարդյուն՝ շարունակվում է գյուղատնտեսության կազմաքանդման եւ գյուղի դատարկման գործընթացը։

Գյուղատնտեսության ոլորտի անպատասխանատու «պատասխանատուները» ներկայացնում են կառավարության աջակցությունը գյուղացուն, մասնավորապես՝ խելացի անասնագոմերի, սուբսիդավորված վարկերի, սպանդանոցային մորթի, ցորենի եւ գարու սերմացուների սուբսիդավորումը, ինչը ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է որոշակի արդյունքի հանգեցներ, բայց ստացվում է հակառակը․ եթե 2018-ին վարելահողերի 40-45 տոկոսն էր անմշակ մնում, ապա հիմա հասել է 55-60 տոկոսի, իսկ անասնագլխաքանակն անգամներով է պակասել։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, ներկայացնեմ  հիմնավորումներ. նախ՝ առանց անհրաժեշտ քանակի սպանդանոցների եւ աշխատող համակարգի ներդրման, ի հաշիվ գյուղացու հավելյալ ֆինանսական ծախսերի եւ այլ տարատեսակ անհարմարություններով,  պարտադրում են կյանքի կոչել։ 2023-ին, երբ կառավարությունը որոշեց  սուբսիդավորել ցորենի սերմացուն, իսկ 2024թ․՝ նաեւ գարին, էականորեն ավելացան մշակվող ցանքատարածությունները, բայց բերքահավաքի ժամանակ  որոշ մարզերում, հատկապես՝ Շիրակում, ե՛ւ 2023թ․, ե՛ւ 2024թ․ ցանքատարածությունները կրծողներն իսպառ ոչնչացրին, չնայած գյուղացիներից յուրաքանչյուրն իր մշակած ցանքատարածությունում իրականացրել էր պայքար   կրծողների դեմ, բայց՝ անարդյունք, որովհետեւ նման աղետների դեպքում պետք է դա իրականացվի պետական  մակարդակով, համընդհանուր պայքար կազմակերպվի  համաճարակի դեմ։ Չգործեց ո՛չ ապահովագրական համակարգը, ո՛չ էլ փոխհատուցումը։ Երկու տարի է՝ գյուղացին մնում է դատարկաձեռն, իսկ  պետությունը չկա ու չկա, համոզված եմ՝ 2025-ին այդ տարածաշրջանի մշակվող   ցանքատարածությունները զրոյական կլինեն, իսկ ո՞վ է պատասխան տալու։ Չեմ կասկածում, որ պատկան մարմինները՝ մեղավորները, շարունակելու են օգտվել պարգեւավճարներից  եւ այլ  կոռուպցիոն  սխեմաներից։

ՀԳ․ Եթե հաշվի առնենք, որ տեղական հացահատիկի գները, ի հաշիվ ներկրվող էժան հացահատիկի, հաստատվում են ինքնարժեքից ցածր, ապա հետեւանքը  պարզ է։ Արձանագրենք նաեւ, որ կառավարությունը 2024թ․ սպասարկելով  օլիգարխների շահերը՝ չեղարկեց մշակաբույսերի կարկտահարման  ժամանակ  ապահովագրության հնարավորությունը։ Հիմա էլ որոշել են «աջակցել» այծաբուծությանը եւ ոչխարաբուծությանը։ Սրանց բոլոր «բարեփոխումներն» արվում են ոչ թե գյուղացու, այլ օլիգարխների եւ մի խումբ  մարդկանց շահերը սպասարկելու համար։ Ի դեպ, կենդանի խոզի, խոզի մսի ներկրման կոռուպցիոն համակարգը Սամվել Ալեքսանյանից առգրավել են իջեւանցիները եւ հիմա շատ ավելի սանձարձակ են գործում, որի հետեւանքով վտանգի տակ է նաեւ խոզաբուծության ոլորտը։

Պետրոս Մակեյան