«Հրապարակ». Սամվել Խարազյանը՝ ՊԱԳ նոր պե՞տ

«Հրապարակ». Սամվել Խարազյանը՝ ՊԱԳ նոր պե՞տ

Առողջապահության նախարարությունը մարտի վերջին մրցույթ էր հայտարարել՝ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնի համար։ Փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվել է ապրիլի 3-ին։ «Թեստավորման փուլը տեղի կունենա մայիսի 6-ին, իսկ մայիսի 8-ին նշանակված է հարցազրույցի փուլը, ապա կիմանանք, թե ով է հաղթել»,- հայտնում է ԱՆ մամուլի պատասխանատու Մարիամ Ծատրյանը։ Ըստ նրա, դիմողները 7-ն են, որից հաստատվել է 4 թեկնածուի մասնակցությունը։  

Հիշեցնենք․ ՊԱԳ պետի պաշտոնը թափուր է մարտի 14-ից, երբ անսպասելի հրաժարական տվեց ՊԱԳ արդեն նախկին պետ Ահարոն Բարսեղյանը, իսկ մի քանի օրից պարզվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել նրա գործունեության հետ կապված։ Թե ովքեր են մասնակցում մրցույթին, չի հրապարակվում։ Մեր տեղեկություններով, թեկնածուների թվում է Սամվել Խարազյանը։

Մեր աղբյուրները հայտնում են, որ նախարարի համակրանքը հենց Խարազյանի կողմն է, եւ, հավանաբար, նա էլ կնստի ՊԱԳ պետի աթոռին։ Սամվել Խարազյանը համակարգից հեռացած մարդկանցից է։ Ժամանակին նա զբաղեցրել է ՊԱԳ բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի պետի պաշտոնը, նաեւ ՊԱԳ-ը սպասարկող էլեկտրոնային համակարգը ներդրած ընկերության ոչ պաշտոնական սեփականատերն էր։ 2016 թվականին Խարազյանն ազատվել է աշխատանքից կոռուպցիոն սկանդալի արդյունքում, ի թիվս այլ պաշտոնյաների, մեղադրվելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ` անվճար հատկացվող առողջարանային բուժօգնության ուղեգրերը կեղծելու գործով։ Քրեական գործը, սակայն, կարճ քննությունից հետո կարճվեց։ Մի քանի տարի Խարազյանի անունը համակարգի կուլուարներում չէր լսվում, սակայն հեղափոխությունից հետո նա կրկին ի հայտ եկավ եւ միջազգային փորձագետի կարգավիճակով ներգրավվեց նախարարության աշխատանքներին, մասնավորապես՝ ապահովագրության հայեցակարգի մշակմանը։ 

Մենք խնդրեցինք Սամվել Խարազյանին՝ հստակեցնել իր անվան շուրջ պտտվող լուրերը, մասնավորապես` արդյոք մասնակցո՞ւմ է ՊԱԳ պետի մրցույթին։ Նա փորձեց իմանալ, թե որտեղից ենք լսել այդ լուրերը, ապա ասաց, որ դրանք անձնական բնույթի են, եւ չցանկացավ մեկնաբանել։