«Հրապարակ». Ես հաշտության չեմ գնացել ու չեմ գնալու

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից եւ նրան փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձել 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երեւանում, 1 անշարժ գույք` Նոյակերտում, 1 անշարժ գույք` Եղեգնավանում, Երեւանում գտնվող 2 անշարժ գույքի, Նոյակերտում՝ 1 անշարժ գույքի, Եղեգնավանում՝ 2 անշարժ գույքի շուկայական արժեքները, 1 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 1515 ԱՄՆ դոլար փոխառության պահանջի իրավունք, ավելի քանի 587 միլիոն 350 հազար դրամ: Սուրիկ Գրիգորյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եղբայրն է, երկար տարիներ ղեկավարել է համայնքը, Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հեռացվել պաշտոնից։ Ի դեպ, օրեր առաջ նմանատիպ մի հայցադիմում էլ դատախազությունը ներկայացրել էր Արայիկ Գրիգորյանի հետ կապված:
«Հրապարակ»-ի հետ կարճ զրույցում Սուրիկ Գրիգորյանը, անդրադառնալով հայցադիմումին, ասաց․ «Ոչ ճիշտ որոշում են կայացրել։ Օրը կգա՝ կասեմ իմ ասածը։ Կարան շատ բան ասեն, հո իրենց ասածով չի՞»։ Հաշտության կգնա՞ք դատախազության հետ` զիջելով գույքի մի մասը։ Նախկին համայնքապետն արձագանքեց․ «Ես հաշտության չեմ գնացել, չեմ գնալու: Ի՞նչ հաշտություն, երբ ես մաքուր աշխատող եմ եղել՝ իմ ժամանակում։ Իրենց ախորժակով որ նայես, կուզեն սաղ փակեն, հետո՞, նորմալ մարդու վրա էլ դատախազությունը խաղեր է տալիս։ Ռեպրեսիաներով, շանտաժներով ինչ-որ բաներ ձեռք բերելը չի նշանակում, որ դա հաջողություն է իրենց համար։ Ես գումար չունեմ, որ տամ իրենց, իմ ունեցվածքն օրինական ձեռք բերված, օրենքի բոլոր պահանջներին համապատասխան գույք է։ Ռեպրեսիայով, շանտաժով տանելով... արդեն բարդ գործ է իրենց համար։ Օրը կգա, մենք մեր ձեւով հանդես կգանք բոլոր այդ բռնացումների դեմ»։
Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումով եղբորից՝ Արայիկ Գրիգորյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից էլ պահանջում են բռնագանձել 5 անշարժ գույք՝ Երեւանում, 6 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, 1 անշարժ գույք՝ Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք՝ Արարատում։
Կարծիքներ