Բանակի լուծարումը պոզով-պոչո՞վ է լինում

ՀՀ Կառավարությունը երեկ՝ մայիսի 22-ին հավանություն տվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է գումար վճարել և երկու տարի ծառայելու փոխարեն ծառայել ընդամենը մեկ տարի կամ չորս ամիս: Նոր ընդունված օրենքով, մեկ ամիս ծառայելու համար անձը պետք է 24 միլիոն դրամ վճարի, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ: Պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Հրապարակի» հետ զրույցում կարծում է, որ այս օրենքով իշխանությունները բանակը լուծարում են:
«Բանակը լուծարում են՝ փողով ազատումը բանակի լուծարում է: Երեկ չէ առաջին օրը Հայկ Սարգսյանի խոսքն եմ լսում, ասում է՝ 2022-2024 թվականներից 8000 չգիտեմ քանի հարյուր հոգի «թռել են»: Հիմա մարդիկ տուն են ծախելու, պարտք են անելու, որ երեխաները չծառայեն: Ժամկետային զինծառայողները չեն ծառայում, պայմանագրայինների սոցիալական փաթեթը, աշխատավարձը կամ սոցիալական բավարարումը շատ ցածր է լինելու, երբ ոստիկանները նույն հաստիքի կոչման պարագայում ավելի շատ են ստանում: Վերջում էլ մի տասը հազար մարդ է մնալու, Նիկոլն ասելու է այդ տասը հազարով Ադրբեջանի հարյուր հազարանոցի դեմ ես չեմ կարող կանգնել, այնպես որ բանակը լուծարում ենք ժողովուրդ ջան, սահմաններն Ադրբեջանը կպահի՝ մենք իրենց հետ Ադրբեջանապետություն կլինենք կամ եթե թուրքերը բարեհաճ գտնվեն՝ Թուրքիայի վիլայեթ: Կասի՝ ժամանակին եղել ենք Ռուսաստանի գուբերնիա, հիմա էլ Թուրքիայի վիլայեթ կլինենք, ի՞նչ կա որ: Վերջ՝ բանակը լուծարվում է»,-ասաց Նահապետյանը:
Պահեստազորի գնդապետն ասում է, որ բանակի լուծարման երկու ձև կա՝ հրամանով, ինչպես 1920 թվականի դեկտեմբերի 2-ին` Ալեքսանդրապոլի պայմանագրով: «Արտագաղթը խթանում են, մարդիկ չեն ծառայելու: Մեկ ամիս` պատկերացնո՞ւմ եք, մի ամիս ծառայողն ի՞նչ պիտի սովորի: Մեկ ամիս ծառայում ես՝ տալիս ես 24 միլիոն, չորս ամիս ես ծառայում՝ 18 միլիոն ես տալիս, տասնվեցդ լրանում է՝ 15 միլիոնով քաղաքացիությունից հրաժարվում ես ու գնում ես: Այդքան բան, բանակի լուծարումը էլ ոնց է լինում, պոզով-պոչո՞վ է լինում: Պայմանագրայիններն էլ դուրս են գալիս, չեն մնում համակարգում, սա էլ վերջում ասելու է՝ ժողովուրդ, դուք եք սա ընտրել, չեք ուզում ծառայել, ես ամեն պայման ստեղծել եմ, որ ծառայեք: Չեք ուզում ծառայել՝ իմ բանակի թվաքանակը չի բավականացնում Ադրբեջանի ռազմական ագրեսիային դիմագրավելու համար, հետևաբար Ադրբեջանն ինչ ասելու է, այն էլ անելու ենք, թե չէ ուժով անելու ենք»,-շեշտեց ռազմական փորձագետը:
Նահապետյանը վստահ է՝ մեկ-երկու տարի հետո բանակում թվաքանակ չենք ունենալու: Բնականաբար, եթե մարդիկ սկսեն տները վաճառել ու իրենց երեխաներին քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց սկսել, դա հանգեցնելու է արտագաղթի` նշում է Նահապետյանը: «Իրենք ասում են՝ արտագաղթն ուզում ենք կասեցնել: Լրիվ հակառակը` 180 աստիճանով հակառակը. արտագաղթը խթանելու են: Պատերազմող երկրում չի կարելի փողով մարդուն բանակից ազատել՝ ունևորը և չունևորը հավասար են՝ կյանքի և մահվան առաջ, և մեծահարուստի տղան, և չունևորի տղան: Բանակի լուծարման գործընթաց է գնում կազմակերպված ձևով, որը Ադրբեջանի և Թուրքիայի պայմանն է»,-ասաց պահեստազորի գնդապետը:
Վերջում էլ Փաշինյանը մարդկանց կասի՝ դուք եք ընտրել բանակ չունենալը, իսկ եթե բանակ չունեք՝ Ադրբեջանն ինչ պահանջի, այն էլ կանենք:
Կարծիքներ