Պարգևավճարները վաղը կարող են համարվել տնտեսական սխալ, բայց ոչ ավելին 

Պարգևավճարները վաղը կարող են համարվել տնտեսական սխալ, բայց ոչ ավելին 

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին է ներկայացվելու նաեւ «Հանրաքվեի հռչակագիրը», եւ պարզաբանեց, որ հանրաքվեն ոչ միայն Սահմանադրության մեկ հոդվածին, այլ նաեւ այս հռչակագրին է վերաբերելու, որը վերջին 3 տասնամյակների քաղաքական գնահատականն է։ Նախագիծն այժմ մշակման փուլում է, մինչեւ մարտի 31-ն ընդունվելու են առաջարկներ, փաստաթուղթը հրապարակվելու է մոտավորապես ապրիլի 2-3-ը:

Հրապարակված փաստաթուղթը պարունակում է իրավաքաղաքական գնահատական նախորդ մոտ 30 տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին։ Հռչակագրի տրամաբանությունն այն է, որ սկսած 1995 թվականից մինչեւ 2018-ի թավշյա հեղափոխությունը, Հայաստանում ոչ մի լավ բան չի եղել՝ ընտրությունները կեղծվել են, գործել են կոռումպացված, հանցավոր իշխանություններ, բյուջեն թալանվել է «ատկատներով», դատարանները չեն գործել եւ այլն։ «2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը ՀՀ-ում»։ 

Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել  հեղափոխությունից 2 տարի անց  քաղաքական գնահատական տալ նախկինների արած-չարածին, ի՞նչ հիմնավորում ունի փաստը, գուցե դա քարոզչական հնա՞րք է, որով հանրաքվեին կրկին տրվում է անցյալի դեմ պայքարի նշանակություն եւ հատկապես՝ ունենալու է իրավական հետեւանք, իրավաբանական նշանակություն։ ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պարզաբանում է, որ սա քաղաքական եւ ոչ թե իրավական փաստաթուղթ է, եւ ֆորմալ առումով այն չի ներառվելու հանրաքվեի ընտրական թերթիկում, լավագույն դեպքում՝ իշխող ուժը կարող է այն ընդունել ԱԺ-ում, բայց իրավական որեւէ հետեւանք չի ունենալու։

Բայց սրանով հասարակությանն ուղերձ է հղվում առ այն, որ «այո» ասելով՝ քաղաքացիները փակելու են անցած 30 տարիներին պաշտոնավարած իշխանությունների էջը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ազնիվ չէ քաղաքացիների հետ նման ոճով շփվելը․ «Հանրաքվե հրավիրել մի հարցով, բայց ներկայացնել բոլորովին ուրիշ բան», հատկապես, որ նախկիններից շատերն էլ այսօրվա իշխանության կազմում են։

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը խմբագրում է վարչապետին․ «Դա դեռեւս հռչակագիր չէ, այլ՝ նախագիծ, որը, իմ հասկանալով, պետք է ընդունվի ԱԺ-ում»։ Բայցեւայնպես կարծում է, որ հանրության դատին ներկայացված փաստաթուղթը մանիպուլյացիա չէ, այլ ուղիղ կապ ունի սահմանադրական հանրաքվեի հետ։ «Կապվում է այն իմաստով, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որ ընդունվեց, մենք, ըստ էության, չենք ապրում այդ Սահմանադրության օրոք, այլ ապրում ենք խառնածին, կոնգլոմերատ իրավիճակում, երբ որ կա Սահմանադրություն, համաձայն որի՝ ՍԴ դատավորները պետք է ընտրվեն 6 տարի ժամկետով, բայց 7 հոգի ներխուժել են այս սահմանադրական իրավիճակ ոչ սահմանադրականության ոգուն համապատասխան ձեւով։ Ու երբ ՍԴ դատավորները կընտրվեն այսօրվա Սահմանադրության ոգով ու կարգին համապատասխան, ապա դա հնարավորություն կտա դատաիրավական համակարգում իրականացնել բարեփոխումներ, որոնք էլ իրենց հերթին կտան հնարավորություն՝ օրենքով սահմանված կարգով, մասնավորապես, հետ վերադարձնել ժողովրդից թալանած հարստությունը»,- ասաց պարոն Աղազարյանը։

Հետաքրքրվեցինք՝ օրինակ, «ատկատների» հետ կապված՝ ո՞րն է ՍԴ մեղքը։ «Եթե ամեն ինչը կարելի լիներ դատարաններով լուծել՝ ատկատների եւ այլն, օրինակ՝ մի տնտեսվարող սուբյեկտ կարողանար դիմել ու ապացուցել, որ ինքը չի շահել տենդերը, որովհետեւ տվել են ուրիշին, ու հաջողություն ունենար, եթե ՀԿ-ները, քաղաքական ուժերը դիմեին ու ասեին՝ ընտրություններ են կեղծվել, ու պետք է չեղյալ համարել, եւ անեին, եթե դատարանները ճիշտ, արդարացի որոշում կայացնեին, գուցե հեղափոխության անհրաժեշտություն էլ չլիներ»։ Հիշեցրինք, որ նախկին կարկառուններից շատերն այսօր իշխանության կազմում են, ո՞ւմ գործունեությանն են կոնկրետ գնահատական տալու։ «Կարկառուն ներկայացուցիչները, այո, մաս են կազմում եւ կկազմեն այնքանով, որքանով իրենց այսօրվա գործելաոճը, արժեհամակարգը համապատասխանում են նոր իրողությունների հետ, այնպես, ինչպես ոչ նախկին կարկառուն ներկայացուցիչներ, այլ իմ թիմակից շատ շատերը»։

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրակեղծարար Տիգրան Մուկուչյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արժեհամակարգերը երբվանի՞ց փոխվեցին։ «Ով թույլ կտա շեղում իմ նշած արժեքներից եւ կխախտի օրենսդրությունը, ապա պետք է արժանանա գնահատականի՝ ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական»։ Հեղափոխությունից հետո նման հռչակագիր չեն ընդունել, քանի որ չեն ունեցել նման փաստաթուղթ։ «Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ վարչապետ կդառնար, եւ չուներ մշակած նման փաստաթուղթ»։ Նկատեցինք, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններից հետո կարող էին ընդունել, եթե նպատակը մանիպուլացնելը չէ։ Աղազարյանը չհամաձայնեց․ «Հռչակագիրը չի դրվելու հանրաքվեի, բայց հռչակագրին պետք է նայել այն կոնտեքստով, որ դա նախագիծ է, որը սեղմ ձեւով հետապնդում է այն նպատակները, որ մենք նախագծում ենք ունենալ հանրաքվեի արդյունքում»։

Ի դեպ, «ատկատների», կոռուպցիայի, բյուջեն վատնելու մասին ներկաների մեղադրանքներին ի պատասխան՝ նախկիններն էլ հակադարձում են, թե գործող իշխանություններն էլ միլիարդների հասնող պարգեւավճարների անվան տակ են բյուջեն թալանում, գանձագողություն անում։ «Պարգեւավճարները ոչ մի ձեւով ապօրինի չեն, կարող են վաղը, մյուս օրը համարվել տնտեսական վրիպում, սխալ, բայց ոչ ավելին»,- ասում է Աղազարյանը։