Բարելավումը կերեւա մեկ տարի հետո, թե ինչ որակի թեստ կունենանք, եւ ինչ սկզբունքով կիրականացվի գնահատումը

Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ա․ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է տարբեր առարկաների շուրջ 90 ուսուցիչ: Ինչպես նշել է Ժ․ Անդրեասյանը, նախարարության համար կարեւոր է լսել կամավոր ատեստավորման համակարգի վերաբերյալ ուսուցիչների հարցերը, դիտարկումներն ու առաջարկները՝ գործընթացի կազմակերպումը բարելավելու նպատակով:
Աշխարհագրության ուսուցիչ Տիգրան Ենգիբարյանը, որը մասնակցել է կամավոր ատեստավորմանը, նախ զարմանում է, որ նման հանդիպում է կազմակերպվել, ապա հետաքրքրվում, թե ինչ սկզբունքով են մասնակից ուսուցիչներին ընտրել։ «Ինձ հետաքրքրում է, թե ինչ սկզբունքով են ընտրվում այն ուսուցիչները, որոնց հետ նախարարը հանդիպում է, եւ տեղի են ունենում նման քննարկումներ, որովհետեւ ինքս, լինելով նախարարին կից հանրային խորհրդի անդամ եւ ուսուցիչ, այդպիսի հրավեր չեմ ստացել եւ դրա մասին չեմ էլ իմացել։ Ավելին՝ նման հանդիպում ունենալու համար ինքս դիմել եմ նախարարին եւ որեւէ արձագանք չեմ ստացել նրանից»,- ասում է Տ․ Ենգիբարյանն ու ընդգծում, որ եթե հանդիպման ձեւաչափը եղել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ քննարկումը, ապա շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե այդ քննարկումը կազմակերպեին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների հետ։
«Գուցե այդ ժամանակ ավելի շատ հասկանայինք բացերի մասին, իհարկե, ատեստավորումն անցած ուսուցիչներն էլ կխոսեն, բայց ամեն ինչ չէ, եւ բոլոր թերությունները չէ, որ կնշվեն։ Գուցե պետք է լսել երկու կողմին, որովհետեւ արդար մոտեցումը ենթադրում է լսել խնդրի բոլոր կողմերի մասնակիցներին եւ ոչ թե մի կողմին։ Այդ նույն սկզբունքը վարում են Հանրային հեռուստաընկերությունը եւ բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք միակողմանի են լուսաբանում։ Հեռուստաընկերությունն այցելում է քննական կենտրոններ եւ հարցազրույց չի վերցնում մասնակիցներից կամ վերցնում է միայն անցածներից։ Այս ընթացքում մենք լսեցինք նաեւ կարծիքներ, որ բողոքում են այն մարդիկ, ովքեր չեն հաղթահարել մրցույթը, այդպիսի բան չկա։ Բողոքողների մեջ նաեւ շատ են եղել ատեստավորումը հաղթահարած մարդիկ, ովքեր անարդարացի են համարել իրենց ստացած միավորները եւ ովքեր կոտրվել են դրանից հետո, հիասթափվել։ Դինամիկայի խնդիրը հենց այստեղ է․ ինչպե՞ս է ստացվում, որ ատեստավորում անցած որակյալ մասնագետը, ըստ նախարարության չափանիշների, հաջորդ տարի չի կարողանում անցնել թեստավորումը։ Այստեղ խնդիրը մասնագետի՞ մեջ է, թե՞ թեստի, որն ավելի է բարդացվել։ Հատկապես որ նախարարն ինքն է հետո հայտարարում, որ թեստը եղել է բարդ ու հագեցած սխալներով։ Մենք այդպես էլ չհասկացանք, թե թեստ կազմողներն ովքեր են եղել, ինչ պատասխանատվության են ենթարկվել նման սխալների համար։ Ես այդպես, էլ չհասկացա՝ ինչպես եղավ, որ ես բողոքարկում ուղարկեցի իմ մի էլեկտրոնային փոստից, իսկ պատասխանը ստացա բոլորովին մեկ այլ էլփոստին, որի հասցեն ես իրենց չէի տվել»,- ասում է Տ․ Ենգիբարյանը, որն ատեստավորման շեմը չի հաղթահարել՝ այն դեպքում, որ 2 տարի շարունակ ԿԳՄՍՆ-ի կողմից ճանաչվել է «տարվա լավագույն ուսուցիչ»։
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաեւ, որ 2024 թ. կամավոր ատեստավորմանը գրանցված 6 հազար 260 ուսուցիչների 80 տոկոսը մասնակցել է առարկայական գիտելիքների ստուգմանը. դրական արդյունք է գրանցել 3 հազար 866 ուսուցիչ, ինչը, ըստ նախարարի, դրական դինամիկա է եւ ցույց է տալիս, որ համակարգն ավելի հաղթահարելի է դարձել, եւ ուսուցիչներն ավելի լավ են պատրաստվում: Այդուհանդերձ, չնայած «դրական դինամիկային», ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախատեսվում է վերանայել ուղեցույցները, փոփոխություն իրականացնել ատեստավորման կարգում, այդ թվում՝ բողոքարկման գործընթացում: Ինչի՞ մասին է սա խոսում։
«Ես հասկացել եմ, որ պետք է լինեն նաեւ շտեմարաններ, որոնք պետք է հանդիսանան ուղեցույց՝ նախապատրաստվելու համար։ Հիմա շտեմարաններ չկան, իսկ ուղեցույցներն էլ փաստացի չեն բավարարում այն պահանջարկը, որը պետք է լինի։ Եվ իրենք չանցած մասնագետներին պարտադրում են մասնակցել վերապատրաստումների։ Այստեղ ինձ համար մի փոքր իրարամերժ հանգամանքներ կան, օրինակ՝ եթե ես, որպես ուսուցիչ, գնում եմ ու չեմ հաղթահարում ատեստավորումը, ադյոք սա չի՞ նշանակում, որ բուհում գուցե ինձ համապատասխան որակի կրթություն չեն մատուցել, եւ հիմա այդ նույն նախարարությունը մեզ ուղղորդում է այդ նույն բուհ՝ վերապատրաստվելու։ Պետք է հասկանանք, թե այս օղակն ինչպես է գործում։ Ես սրանով չեմ մեղադրում բուհին, որովհետեւ բուհերում լավ մասնագետներ կան, եւ դա չի նշանակում, որ բուհի վերապատրաստող մասնագետները վատն են, բայց գուցե գործընթացը պետք է իրականացնել նաեւ բուհո՞ւմ՝ դասախոսների հետ, հասկանալու խնդիրը։ Եվ վերջապես՝ այդ շտեմարանները, որոնք ստեղծված չեն, վերապատրաստումն ինչի՞ հիման վրա է անցկացվում, ի՞նչ է տրվում վերապատրաստող մասնագետին՝ հաջորդ տարվա թե՞ստը, ինչի՞ հիման վրա է վերապատրաստողը մտածում, որ հենց այս թեմայի հիման վրա ինքը պետք է վերապատրաստի մասնագետին, եթե ուղեցույց չկա։ Հիմա ես՝ աշխարհագրագետ եմ, կարծում եմ՝ վատ մասնագետ չեմ, եւ ատեստավորումը չէ, որ պետք է իմ որակական հատկանիշները ցույց տա իրականում եւ առհասարակ, ես կարող եմ հավաքել 100 տոկոս ցուցանիշ, բայց երեխաներն անհամբերությամբ սպասեն, թե երբ է դասն ավարտվելու, որ րոպե առաջ ինձնից ազատվեն։ Վերջապես կարելի է նաեւ երեխայից կարծիք հարցնել տվյալ ուսուցչի մասին, նստել տվյալ ուսուցչի դասին։ Բացի այդ, արդյոք այդ վերապատրաստումները պետք է լինեն դասից դո՞ւրս, թե՞ ես այդ օրերին ազատվելու եմ, քանի որ վերջերս կարծես սովորություն է դառնում ԿԶՆԱԿ-ի համար վերապատրաստումներ անցկացնել ոչ աշխատանքային ժամերին, բա դրա համար ուսուցիչը չպե՞տք է հավելյալ վարձատրվի՝ աշխատանքային ժամից դուրս ինչ-որ բաների մասնակցելու համար։ Ընդ որում՝ սա պարտադիր է անցկացվում»։
Նախարարը նշել է նաեւ, որ «երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը», ինչի առնչությամբ Տ․ Ենգիբարյանը եւս առարկություն ունի․ «Դրա մասին շատ վաղ է խոսելը, որովհետեւ, ըստ ինձ, բարելավում դեռ չի եղել, եթե լիներ անցած 4 տարիներին, ապա հիմա մենք այս թեմայով հարցազրույց չէինք ունենա, իսկ բարելավման արդյունքները կերեւան հաջորդ տարի, իսկ այն, որ այս տարի նախարարն ականջալուր եղել է, ես դա չեմ հերքում, որովհետեւ բազմիցս հայտարարվեց նախարարի կողմից, որ եղել են խնդիրներ, նաեւ՝ այս առարկայի շրջանակներում, բայց թե ինչ արդյունքներ կլինեն, կերեւա մեկ տարի հետո, թե մենք ինչ որակի թեստ կունենանք, եւ ինչ սկզբունքով կիրականացվի դրա գնահատումը։ Հենց այսպիսի գործընթացներն են, որ հետ են մղում բազմաթիվ մասնագետների՝ մասնակցելու ատեստավորմանը։ Ինքս բազմաթիվ մանկավարժների եմ ճանաչում, որոնք տեսնելով, օրինակ, իմ հետ տեղի ունեցած փորձը, հրաժարվում են մասնակցել ատեստավորմանը։ Արդյոք սա չի՞ հիասթափեցնում մասնագետին, չհաղթահարած մասնագետները նույն ոգեւորությամբ գնալու են աշխատե՞ն դպրոցում»։
ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրում որոշակի ցուցանիշներ փոփոխվել են նաեւ կամավոր ատեստավորման մասով, այն է՝ եթե ծրագրով նախատեսված էր, որ մինչեւ 2030-ը Հայաստանի ուսուցիչների 80 տոկոսը պետք է կամավոր ատեստավորումը հաղթահարեր, նոր ծրագրով նշվում է՝ 45 տոկոսը, այսինքն՝ շուրջ կեսը․ ի սկզբանե նախանշված 80 տոկոսից իջեցվել է 45 տոկոսի։ Արդյո՞ք սա ձախողում է, եւ ինչո՞ւ են անհաղթահարելի դարձել ի սկզբանե նախանշված ցուցանիշները։ «Չեմ ասի, որ ձախողվել է, բայց, հավանաբար, նախարարությունը հասկացել է, որ այս ուղղությամբ դեռ շատ քայլեր կան անելու, որովհետեւ ի սկզբանե այդ թիրախը, նշաձողը բավական սխալ է դրված եղել, իսկ հիմա փաստացի գոյություն ունի վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ մարդիկ այդ ոգեւորվածությամբ չեն մասնակցում, եւ այն գործոնները, որոնք արգելակում են մասնակիցների ներգրավվածությանը, դրանց վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել, օրինակ՝ ո՞րն է խնդիրը, որ մարդիկ գրանցվում են, բայց չեն գնում ատեստավորման, ի՞նչն է իրենց հիասթափեցնում։ Վստահելիության միջավայրը խախտվում է, եւ, վերջապես, գուցե մի քիչ կոռեկտ չէ նշել, թեպետ կոռեկտ է այնքանով, որ նախարարն ինքն է ասում, որ պետք է խրախուսել տղամարդ ուսուցիչների ներգրավվածությունը կրթական համակարգում, հիմա ես, տեսնելով նման մոտեցում, հիասթափվում եմ համակարգից։ Ինչպե՞ս եք դուք խթանում դա, ի՞նչ առավելություն ունի պետական համակարգում աշխատող մանկավարժը․․․ պետք է լինեն աշխատավարձի բարձրացումներ՝ առանց ատեստավորվելու պայմանների, որովհետեւ, իսկապես՝ քիչ է ոլորտում վարձատրությունը։ Ատեստավորման գործընթացը պետք է վերանայել, եւ այդ 80 տոկոս ցուցանիշն էլ բավականին բարձր ցուցանիշ է 2030-ի համար, եթե, իհարկե, այս ընթացքում կամավորը չդառնա պարտադիր։ Շատ տնօրեններ այս ընթացքում պարտադրում են նաեւ իրենց ուսուցիչներին մասնակցել, բայց երբ ուսուցիչը վատ արդյունք է ցուցաբերում, որքանո՞վ է այդ տնօրենը խրախուսում կամ կանգնում տվյալ ուսուցչի թիկունքին, կամ գուցե ճիշտ կլինի ուսուցչին չպարտադրել՝ գնալ վերապատրաստման, որ չհաղթահարելու դեպքում չկանգնի իր աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, որովհետեւ այսօր մասնագետի լուրջ դեֆիցիտ կա դպրոցներում։ Ես աշխարհագրության մասով բերեմ այդ օրինակը, թող հետազոտեն ու տեսնեն, թե Մանկավարժական համալսարանում այսօր քանի աշխարհագրության ուսանող է սովորում, եւ եթե զգալի թվով մասնագետներ դուրս մնան, ինչպե՞ս են համալրելու մանկավարժների պակասը, հատկապես որ մենք բուհական այդ միջավայրում որակի շատ մեծ խնդիր ենք առաջացնում, երբ հանում ենք բնագիտական առարկայի քննության պարտադիր լինելը։ Այսինքն՝ կարելի է ընդունվել աշխարհագրության բաժին, առանց աշխարհագրություն իմանալու։ Դրանից հետո ավելի լավ մասնագետներ կգա՞ն դպրոց, որոնք ավելի բարձր ցուցանիշներ կցուցաբերեն ատեստավորումից՝ մի քիչ զավեշտալի է»։
Կարծիքներ