Տխուր մտքեր՝ շոգ հունիսյան օրով...

Տխուր մտքեր՝ շոգ հունիսյան օրով...

2018 թ. սեպտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյան Նիկոլը հանդիպել էր Արարատի մարզի համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ` քննարկելու նրանց հուզող խնդիրները: Խոսքն այն հանդիպման մասին է, որտեղ Արարատի այն ժամանակվա մարզպետ Գարիկ Սարգսյանն իր վերադասին զեկուցում էր, որ մարզում առկա են 40 հազար հեկտար կաթիլային ոռոգվող այգիներ: Այդ պատմությունը վկայում է կաթիլային ոռոգման մասին ՔՊԿ-ական առաջին պաշտոնյայի (դրանից 2 տարի առաջ ընտրվել էր մարզի Նոր Կյանք գյուղի գյուղապետ) տեղեկացվածության մասին: Դա՝ մի կողմից: Իսկ մյուս կողմից վկայում է այն հանգամանքի մասին, որ դեռեւս 2 տարի առաջ վարչապետ Փաշինյանը տեղեկացել էր երեւույթի մասին ու բացարձակ ոչինչ չէր արել այդ ուղղությամբ: Հասկանում եք՝ բացարձակ ոչինչ չէր արել, չնայած օժտված էր հսկայական վստահությամբ, իր կողմից ատելի նախկիններից ժառանգել էր գործող տնտեսություն եւ չուներ անհրաժեշտ գումարների պակաս: Վերջինիս վկայությունն այն պարգեւավճարներն են, որ բաժանվեցին 3 տարի շարունակ:

Այդ հանդիպումից շուրջ 3 տարի անց՝ հունիսի 29-ին, վարչապետի պաշտոնակատար Փաշինյան Նիկոլը խորհրդակցություն է անցկացնում գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների եւ բարեփոխման ծրագրերի վերաբերյալ: Խորհրդակցություն անցկացնելու համար առիթ էր հանդիսացել սկզբում Արմավիրի, իսկ հետո Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի գյուղացիների կողմից ճանապարհներ փակելը: Մարդիկ մի քանի օր շարունակ ոռոգման ջուր չէին ստացել, իսկ հունիսի վերջին օրերի շոգերի պատճառով նրանց ծախսերն ու աշխատանքը փոզմիշ կլինեին: Այն գյուղացիների, որոնք մեկ շաբաթ առաջ ապահովել էին Նիկոլի իշխանության վերարտադրությունը: «Առաջնահերթ են համարվել գյուղոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը խթանող սուբսիդիոն ծրագրերի շարունակական իրականացումը, ջրամբարաշինության ծրագրերի արագ մեկնարկը… Կարեւորվել են ապահովագրական մեխանիզմների կիրարկումը, գերնորմատիվային հողերի քարտեզագրումը, որոնք կնպաստեն ոլորտի բարեփոխմանը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: Ընթացիկ եւ ռազմավարական խնդիրներ լուծելու նպատակով Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ:

Կաթիլայինի առումով արդեն խոսեցինք: 3 տարում ոչինչ չի արվել: Երեւի պետք էր վերարտադրվել, հետո գյուղացիները բողոքեին, որպեսզի հավաքվեին եւ հարցը քննարկեին ու որոշում ընդունեին: Անցնենք ջրամբարաշինությանը․ այդ խնդիրը միշտ է եղել ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ ինչ-որ բաներ արվել են, որոշ բաներ չեն արվել: Եթե ամեն ինչ տեղը տեղին արվեր եւ ոչ միայն այդ առումով, ապա 2018-ի մայիսին Նիկոլը վարչապետ չէր դառնա: 
Գնացինք առաջ՝ ապահովագրական մեխանիզմների կիրարկում եւ գերնորմատիվային հողերի քարտեզագրում: Երկրորդի առումով տեղյակ չեմ՝ հատկապես որ մասնագետ էլ չեմ, սակայն առաջինի առումով կարող եմ ասել, որ 1,5-2 տարի առաջ առաջարկել էի գերմանական դրամաշնորհով կազմակերպվող ոլորտի ապահովագրությունը շաղկապել կոոպերացիայի հետ՝ ապահովելով երկուսի միաժամանակյա կայացումը: Ի դեպ, գաղափարը մասնագետ ընկերներիս կողմից հավանության էր արժանացել, սակայն այդ առումով ոչինչ չարվեց: Չարվեց, քանի որ Նիկոլի կառավարությունը, ենթադրաբար, ամենահաս է՝ նա խորհուրդների կարիք չի զգում: Ուրիշ հարց, որ գործ էլ չի անում, բայց դա էական չէ՝ էականն այն է, որ նույնիսկ այդ դեպքում վերընտրվում է: Այսպիսի տխուր մտքեր շոգ հունիսյան օրով…