Դատավարությունը տարիներով կձգվի, մեր տեղաշարժը՝ կսահմանափակվի

Դատավարությունը տարիներով կձգվի, մեր տեղաշարժը՝ կսահմանափակվի
Վահագն Չախալյան

Մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչների՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Տիգրան Չոբանյանին, Իսրայել Հակոբկոխյանին, Վահագն Չախալյանին, երեկ հրավիրել էին Քննչական կոմիտե։ Նրանք անցնում են հունվարի 28-ին` նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեմ կազմակերպված միտինգի առիթով սկսված քրեական գործով։

Վահագն Չախալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքը փոփոխել են, իրենց նոր մեղադրանք են առաջադրել՝ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի1-ին մասի հատկանիշներով (իշխանության յուրացում): «Այդ հոդվածով նախատեսվում է 10-15 տարի ազատազրկում, մենք հրաժարվել ենք ցուցմունք տալուց։ Գործն ի սկզբանե շինծու գործ է, սկզբից մեղադրում էին շենք-շինություններ զավթելու մեջ, հիմա էլ՝ իշխանության յուրացման փորձի մեջ։ Ես կատակով ասում եմ՝ ո՞ւր է այդտեղ իշխանություն, որ բռնագրավենք էլ, գոնե անիշխանության բռնագրավելու փորձ ասեին։ Բացարձակապես շինծու գործ է, դատարան է մտնելու, տեսնենք։ Մենք սպասում էինք, որ այսօր մեզ ձերբակալելու էին, բայց, փառք Աստծո, գոնե այդպիսի անհեթեթության չգնացին, տեսնենք, թե ինչ կլինի»։

- Խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությո՞ւնն է։

- Այո, 9 ամիս է, ինչ չենք կարողանում երկրից դուրս գալ։ Ես Ջավախքում մի քանի անգամ գործ ունեցա, բայց չեմ կարողանում գնալ։ Ադրբեջանն էլ հիմա միջազգային հետախուզում է հայտարարել, մի տեղ մտածում եմ, որ իմ կողմից է այս ամեն ինչը, գուցե դուրս գայի ու ձերբակալվեի․ սա կատակով եմ ասում։ Այս վերջին երեք տարվա մեջ, ինչ ես Հայաստանում եմ, սա երրորդ քրեական գործն է, այսպես ամիսներով ժամանակ են խլում, անիմաստ տանում-բերում են։ Այս գործով 100-200 ոստիկան կա, եթե բոլորին լսեն, ապա այդ դատավարությունը տարիներով պետք է ձգվի, այսինքն՝ տարիներով պետք է մեր տեղաշարժն ապօրինաբար սահմանափակվի։

- Դուք դիմե՞լ եք, որ թույլ տան։ Օրինակ՝ Իսրայել Հակոբկոխյանին թույլ տվե՞լ են երկրից դուրս գալ։

- Այո, այսօր քննիչն էլ ասաց, որ պարոն Հակոբկոխյանին թույլ են տվել, մինչեւ այս մեղադրանքը փոփոխելը։ Հիմա օրվա իշխանությունը փորձում է լռեցնել, ծանրացրել են մեղադրանքը, եւ դա հավելյալ ճնշման միջոց է։ Հիմա պետք է նոր իշխանափոխություն տեղի ունենա` պլանավորված, մենք էլ խանգարում ենք։

- Ձեզ բացատրե՞լ են, թե որ արարքն են դիտել որպես «իշխանության յուրացում»։

- Նրանք գրել են․ «Վահագն Չախալյանը, ունենալով ընդգծված հակաիշխանական հայացքներ, հանրային վտանգավոր արարքի համար, որ նա փորձել է իշխանություն զավթել՝ բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, արարքն ավարտին չի հասել իր կամքից անկախ հանգամանքներում»։ Հետո գործողություններ են նկարագրում, որոնք անհեթեթություն են։ Ես համոզված եմ՝ դատարանում պարտություն են կրելու, սա Նիկոլի հերթական խայտառակությունն է լինելու։ Բայց սա սրտի մխիթարանք չէ, մի կողմից՝ երկիրն են կործանում, մեր տարածքներն են հանձնում թշնամուն, մյուս կողմից՝ սեփական երկրում իմ տեղաշարժը սահմանափակված է։

- Հինգիդ մեղադրանքն էլ փոփոխե՞լ են։

- Երեքինս՝ վստահաբար, պարոն Հակոբկոխյանինը եւ Արշակ Զաքարյանինը՝ չգիտեմ, բայց՝ երեւի։

- Ե՞րբ է նախաքննությունն ավարտվելու։

- Վաղն ավարտելու են։ Մի կարևոր հանգամանք էլ նշեմ` այս ընթացքում մեզ չեն էլ հարցաքննել։ Թե ինչ գործողություններ են արել՝ պարզ չէ։

- Ձեր դեմ ցուցմո՞ւնք կա։

- Մենք նյութերին ծանոթ չենք, ճիշտն ասած։ Եթե լինի էլ, ապա դա կեղծ ցուցմունք է։